HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բյուրակնի դպրոցի նախկին փոխտնօրենը մեղադրվում է թմրամիջոց պահելու եւ գործածելու համար

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աշոտ Մանուկյանի, ընթանում է Ամասիա խոշորացված համայնքի կազմում գտնվող Բյուրակն գյուղի դպրոցի նախկին փոխտնօրեն Մանվել Խոջումյանի դատական նիստը:

Խոջումյանը մեղադրվում է տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափով՝ 6,64 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար:

Բյուրակն դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին տնօրեն Լուսինե Մելիքյանն աշխատանքից ազատել էր 2018թ-ի մարտի 20-ին՝ մեղադրելով թմրամոլության մեջ: Աշխատանքից ազատման հրամանում, որպես հիմք, նշված է եղել Խոջումյանի՝ պարտադիր բժշկական զննություն անցնելուց հրաժարվելը: Նշենք, որ Մանվել Խոջումյանն, ըստ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի՝ դատախազությանը տրամադրած տեղեկության, 2009թ-ի օգոստոսի 25-ից գտնվում է հաշվառման մեջ նարկոլոգիական դիսպանսերում՝ կանաբինոիդների օգտագործում ախտորոշումով:

Նշված ժամանակահատվածում, «Կանեփ-կակաչ» միջոցառման շրջանակներում, ոստիկանները Խոջումյանի մոտ հայտնաբերել էին կանեփի ցողուններ: Վերջինս հայտնել էր, որ տնամերձ հողամասում աճած կանեփանման բույսից ինքը չորացրել է որոշակի զանգված եւ ծխելու միջոցով գործածել: Դպրոցի փոխտնօրենն այդ ժամանակ տուգանվել էր 110 հազար դրամով:

10 տարի անց, գրեթե նույն մեղադրանքով, Մանվել Խոջումյանի գործը քննվում է արդեն դատարանում: Մայիսի 6-ին կայացած դատական նիստը 7-րդն էր, առաջին նիստն այս գործով կայացել է 2018թ-ի դեկտեմբերի 18-ին: Ներկայում քրեական գործով ներգրավված վկաների հարցաքննության փուլն է: Դատակոչված վկաներից դատական նիստին ներկայացել էին ոստիկանության երեք աշխատակիցները եւ ընթերականներից՝ Ստեփան Փահլեւանյանը:

Վկա Հակոբ Տոնոյանը, որ ոստիկանության Ամասիայի բաժնի պետի տեղակալն է, կոչումով փոխգնդապետ, պատմեց, որ դեպքի օրը՝ 2018թ-ի ապրիլի 12-ին, մի քանի ոստիկանների ուղեկցությամբ գտնվել է Բյուրակն գյուղում՝ գողության ահազանգի հետ կապված: Իրեն զանգահարել է քննիչ Արմեն Միքայելյանը եւ տեղեկանալով գտնվելու վայրի մասին՝ խնդրել աջակցություն:

«Ինձնից խնդրել է ուղեկցող ոստիկաններ Մանվել Խոջումյանի տան խուզարկության համար»,- պարզաբանեց վկա Հակոբ Տոնոյանը: Ոստիկանության 4 աշխատակիցների եւ 2 ընթերականների ներկայությամբ այդ օրը խուզարկվել է Խոջումյանին պատկանող երկհարկանի կիսակառույց առանձնատունն ու անձնական օգտագործման մեքենան: Վկան պատմեց, որ տնամերձում տեղադրված ժամանակավոր տնակ է եղել, որտեղից ոչինչ չեն հայտնաբերել: Պոլիէթիլենով փաթաթած կանաչ զանգված հայտնաբերվել է տանիքի խուզարկության ժամանակ, եւս մեկ փաթեթ՝ ավտոմեքենայի նստատեղի տակից:

Ըստ վկայի նկարագրության, Խոջումյանին պատկանող առանձնատունը պարսպատված տարածք չի ունեցել, ամբողջովին կառուցված է եղել միայն առաջին հարկը, երկրորդ հարկի միայն պատերն ու տանիքն է եղել եւ այնտեղ բարձրանալու համար հարկ է եղել փայտե աստիճան բերել: Տանիք բարձրացել են պատշգամբից՝ կրկին աստիճանի միջոցով: Փաթեթը հայտնաբերել է ոստիկաններից օպերլիազոր Նարեկ Գալոյանը:

Դատակոչված վկաներից Նարեկ Գալոյանը դատարանում հայտնեց, որ պոլիէթիլենային պարկը թափանցիկ է եղել եւ բոլորը տեսել են կանաչ զանգվածը: Երկու վկաներն էլ, անդրադառնալով ամբաստանյալի մեքենայի խուզարկությանը, նշեցին, որ ձախակողմյան նստատեղի տակից հայտանաբերված փայլաթիթեղով փաթեթը քննիչին փոխանցելու ժամանակ Մանվել Խոջումյանը հայհոյելով խլել է այն ու պատառոտել. կարողացել են փրկել ընդամենը մի փոքր մասը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Հարությունյանին հետաքրքրում էր, թե ինչու է երկու ընթերականներից Ստեփան Փահլեւանյանը, որ խուզարկության կեսից հեռացել է դեպքի վայրից, հետագայում վերադառնալով՝ ստորագրել կազմած արձանագրության տակ: Վկա Ստեփան Փահլեւանյանը դատարանին պատմեց, որ դեպքի վայր է գնացել ամբաստանյալի զանգով: Ներկա է եղել տնակի եւ առանձնատան առաջին հարկի խուզարկությանը, հետո իրենց զանգել են եւ ասել, որ տղան վայր է ընկել աստիճաններից, ինքը շտապել է տուն: Վերադարձել է մեկ կամ մեկուկես ժամից՝ լավ չի հիշում, այդ ժամանակ բոլոր գործողություններն ավարտված են եղել, մեքենայի վրա դրված է եղել փակ ծրար՝ վրան ստորագրություններ, իրեն բացատրել են, թե ինչ է կատարվել իր բացակայության ժամանակ, ինչ է հայտնաբերվել, ինքն էլ ստորագրել է ծրարի վրա եւ արձանագրության տակ:

Վկաների հարցաքննության ընթացքում ամբաստանյալ Մանվել Խոջումյանն անընդհատ խանգարում էր տեղից բարձրաձայն մեկնաբանություններ եւ դիտողություններ անելով: Դատավոր Աշոտ Մանուկյանը, սանկցիա կիրառելու փոխարեն, բավարարվում էր զգուշացումներով: Մեղադրող դատախազ Արթուր Նահապետյանը հայտարարեց, որ անընդունելի է ամբաստանյալի պահվածքը եւ առաջարկեց դատավորին սանկցիա կիրառել, սակայն ստացավ մերժում: Դատավոր Աշոտ Մանուկյանը նկատեց, որ սանկցիա կկիրառի, եթե հարկ համարի:

Մանվել Խոջումյանը ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հարազատ մորեղբայրն է:

Հ.Գ.- Ի դեպ, Մանվել Խոջումյանի գործը քննող դատավոր Աշոտ Մանուկյանի որդին՝ Զավեն Մանուկյանը, 2018թ-ի նոյեմբերին նշանակվել է «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն՝ մրցույթի արդյունքներով շրջանցելով ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Մկրտչյանին: Բուժհաստատության անձնակազմը նոյեմբերի 7-ին գործադուլ էր արել: Աշխատակիցների համոզմամբ, տեղի էր ունեցել անարդարություն՝ մրցույթի մասնակից երկրորդ թեկնածուն, այսինքն՝ դատավորի որդին, հայտնվել էր շնորհիվ այն ժամանակվա մարզպետ Կարեն Սարուխանյանի: Մրցույթի համար հայտարարված ժամանակը մարզպետը երկու ժամով երկարաձգել էր՝ այսպիսով հնարավորություն տալով այդ պահին գործազուրկ Զավեն Մանուկյանին մրցույթի մասնակցության հայտ ներկայացնելու: Մարզպետն իր գործողությունն արդարացրել էր մրցակցություն ապահովելու ցանկությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter