
«Արտաշատ» ԲԿ-ի գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցը հայց կներկայացնի Արարատի մարզպետի դեմ
«Արտաշատ» ԲԿ-ի գործադիր տնօրենի մրցույթում չհաղթած մասնակից Տարոն Գասպարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ: Տարոն Գասպարյանը տևական ժամանակ չի կարողանում մարզպետարանից ստանալ մրցույթի անցկացման տեսագրությունը, եւ որոշել է դատարանի միջոցով այն ձեռք բերել:
Տարոն Գասպարյանը 8 տարի աշխատել է որպես զինվորական բժիշկ։ Ապրիլի 2-ին մասնակցել է «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին, սակայն երկրորդ փուլից դուրս է մնացել: «Հետք»-ի հետ զրույցում Գասպարյանը պնդեց՝ հանձնաժողովն իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք է ունեցել. նախապես որոշված է եղել, որ բժշկական կենտրոնի տնօրեն պետք է նշանակվի «մարզպետի նախընտրելի թեկնածուն»՝ Հայկ Համբարձումյանը։
«Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրենի թեկնածուները եղել են Տարոն Գասպարյանն ու Հայկ Համբարձումյանը՝ ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
«Բացի մեր ընդհանուր ծանոթների խոսակցությունները, դրա մասին ինձ նաև մարզպետարանում են հասկացրել։ Այսինքն՝ պարզ ասել են, որ մարզպետի նախընտրած թեկնածուն է (Հայկ Համբարձումյանը - հեղ.), իզուր տեղը մի չարչարվի։
- Ո՞վ է ասել։
- Աշխատակազմից հենց,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Տարոն Գասպարյանը:
Տարոն Գասպարյանը դուրս է մնացել մրցույթի բանավոր փուլից, որտեղ պետք է պատասխաներ հարցատոմսի 5 հարցերին: Չնայած հանձնաժողովը նշել է, որ նա հինգ հարցից երեքին է սխալ պատասխանել, սակայն Գասպարյանը պնդում է՝ առնվազն չորս հարցի ճիշտ պատասխան է տվել: Վստահ է՝ մարզապետարանը չի տրամադրում մրցույթի տեսագրությունը, քանի որ դրանով կկարողանա ապացուցել, որ երեք սխալ պատասխան չի տվել, իսկ հանձնաժողովը մյուս մասնակցի նկատմամբ ցուցաբերել է կողմնակալ մոտեցում:
Մարզպետարանի փոխանցմամբ՝ մրցույթի տեսագրումները և բոլոր մասնակիցների հարցազրույցների արձանագրությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից:
«Հետք»-ը եւս Արարատի մարզպետարանից գրավոր հարցմամբ խնդրել էր տրամադրել մրցույթի տեսագրությունը, սակայն մարզպետարանը հրաժարվել է այն փոխանցել: Մարզպետարանը մեզ ոչ թե հայտնել է, որ այդ տեսագրությունները տրամադրելն իր լիազորությունների շրջանակում չէ, այլ՝ մրցութային հանձնաժողովի աշխատանքները ավարտված են, եւ այդ փաստաթղթերը արխիվացված են:
«Մարզպետարանը չունի նման լիազորություն Ձեզ տրամադրելու՝ Ձեր կողմից պահանջվող մրցույթի տեսագրառումները և բոլոր մասնակիցների հետ անցկացված հարցազրույցի տեսաձայնագրությունները»,- մեզ ուղարկված պատասխանում գրել է մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Արման Դերմոյանը եւ հավելել, որ մրցույթի արդյունքները մրցույթի մասնակցի կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:
«Ինձ թվում է՝ տեսագրությունում ավելի շատ խախտումներ կան արձանագրված, դրա համար խուսափում են ներկայացնել։ Այսինքն՝ ակնառու խախտումներ կան ոչ միայն երկրորդ փուլի իմ արդյունքների, այլև երկրորդ մասնակցի դեպքում: Որովհետև մրցույթն էլ է կայծակնային արագությամբ ընթացել, որը չպետք է այդքան արագ լիներ», -ասում է Տարոն Գասպարյանը։
Վերջինս մարզպետարանի կանխակալ վերաբերմունքը նկատել է դեռևս մրցույթից առաջ: Ասում է՝ մարզպետարանը պատրաստակամ չէր նաև բժշկական կենտրոնի մասին տեղեկություններ տրամադրել, որոնց հիման վրա պետք է կազմեր կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը: Նրա խոսքով՝ աշխատակազմը ձգձգել է այդ փաստաթղթերի տրամադրումը, փոխանցել 18 օր ուշացումով, այն էլ՝ մաս-մաս:
«Այդ ընթացքում էլ նորից հասկացրել են՝ ինչի համար ես գալիս, մեզ էլ տանջում, մեկ է արդեն որոշված է, մեկ է երրորդ փուլը՝ զարգացման ծրագրի փուլը, մենք ըտենց չենք ստուգելու։ Նույն մրցույթի օրինակելի կարգում ասվում է, որ հանձնաժողովի անդամը մեկ օր առաջ է տեղեկանում իր մասնակցության մասին։ Չնայած որ առողջապահական բաժնի պետն էր ինձ այդ ամենը ասողը, ու ինքը հանձնաժողովի մեջ էր։ Ինքը ասում է, որ խիստ չենք ստուգելու, իսկ կոնկրետ աշխատակազմից ինձ այդ տվյալներն ուղարկողը ասում էր, որ որոշված է։ Մի քիչ զայրացա, արտահայտեցի զայրույթս, ասեցի՝ ձեր մոտ ոնց որ ոչ մի բան չի փոխվել, դուք էլի հին մեթոդներով շարունակում եք որոշել: Մի քիչ զգաստացան, ասեցին՝ չէ, որոշված չի։ Բայց էլի չդիմացան, քմծիծաղ ասեմ, ինչ ասեմ, ասեցին՝ պլանավորած է»,- նշում է Տարոն Գասպարյանը:
Այդ փաստաթղթերը ստանալու համար Տարոն Գասպարյանը փորձել է հանդիպել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ հասկանալու, թե ինչու մարզպետարանը պատշաճ կերպով չի տրամադրում ԲԿ-ի մասին փաստաթղթեր, և արդյոք Հայկ Համբարձումյանը մարզպետի նախընտրելի թեկնածուն է:
Տարոն Գասպարյանին չի հաջողվել հանդիպել մարզպետի հետ: «Մրցույթից մի օր առաջ, մարզպետը ՔՊ-ի ներկայացուցիչներից մեկի միջոցով, այսինքն՝ իր անունից հանդես եկան, ասեցին, որ մարզպետը շահագրգռված է, որ հավասար պայմաններով ու արդար անցնի մրցույթը, արդար է անցնելու, ըստ իր խոստումի»,- նշեց Գասպարյանը:
Վերջինս մինչ մրցույթը դիմել էր նաև Առողջապահության նախարարություն՝ խնդրելով վերադասության կարգով ներկայացուցիչ ուղարկել մրցույթին: Նախարարությունից որևէ ներկայացուցիչ մրցույթին ներկա չի եղել։ Պարզաբանել էին, որ այդ օրը շատ մրցույթներ կան, նախարարությունը չի նախատեսել բոլոր մրցույթներին ներկայացուցիչներ ուղարկել։
Մրցույթի մասնակիցը պնդում է՝ արդյունքների հրապարակման թերթիկը հետին ժամով է փակցվել:
Տարոն Գասպարյանը, ինչպես նշեցինք, դուրս է մնացել մրցույթի բանավոր փուլից։ Ասում է, որ ըստ կարգի՝ այդ փուլում, մրցույթի մասնակցի հնչեցրած պատասխանին պետք էր արձագանքեր հանձնաժողովի՝ տվյալ հարցի մասնագետը, ասելով՝ արդյոք ճիշտ է մասնակցի հնչեցրած պատասխանը, թե ոչ:
Իսկ եթե պատասխանը սխալ է լինում, հանձնաժողովի անդամը հայտնում է ճիշտ պատասխանը։ «Բայց չի կատարվել այդ պրոցեսը։ Իրենք կոնկրետ պետք է ասեին՝ որ հարցին եմ սխալ պատասխանել։ Միայն հնչեցրել են երեք հարցի ճիշտ պատասխան, չնայած հետագայում լրատվամիջոցներից իմացա, որ երկու հարցի եմ սխալ պատասխանել, բայց մրցույթի ժամանակ ինձ երեք հարցի ճիշտ պատասխան են հնչեցրել»,- նշեց նա:
Տարոն Գասպարյանն ասում է՝ հանձնաժողովի անդամի հնչեցրած պատասխանները և իր պատասխանները էապես չեն տարբերվել։ «Հնարավոր է՝ հոմանիշների հետ կապված կամ ինչ-որ բառի բացակայություն լինի, որը, ըստ էության, օրենքի իմաստը չի փոխել»:
Հանձնաժողովի անդամները քվեարկության են դրել երկրորդ փուլի արդյունքները և 4 դեմ, 3 կողմ ձայների հարաբերակցությամբ Տարոն Գասպարյանին հանել մրցույթից: Երկրորդ մասնակիցը 7 կողմ ձայներով անցել է երրորդ փուլ։
Մրցույթից դուրս մնալուց հետո Տարոն Գասպարյանը որոշել է բողոքարկել արդյունքները: Սպասել է մրցույթի անցկացման արդյունքները հրապարակվեն, որպեսզի մեկ ժամվա ընթացքում կազմի բողոքը: Ասում է՝ ամփոփման թերթիկը հրապարակվել է իր հորդորից հետո, այն էլ՝ հետին ժամով:
«Կնքված տարբերակն իրենք մոտավոր փակցրել են 12:15-12:20-ի սահմաններում։ Ես բողոքս հանձնել եմ 12:53: Իրենք այդ թերթիկում հրապարակման ժամը նշել են 11:20։ Բայց 11:20 հաստատ իրենք չեն փակցրել։ Ես մոտ 11:35-ի սահմաններում գնացել տեսել եմ՝ ավարտվել է մրցույթը, բայց փակցված չի թերթիկը: Մոտեցել եմ աշխատակազմին, խնդրել եմ, որ փակցնեն, հարցրել են՝ ինչի համար, ասել եմ՝ կարգն է այդպես, բացի այդ էլ բողոքարկման համար անհրաժեշտ է փակցման ժամը, տվյալները։ Դրանից հետո 11:40-ի սահմաններում փակցրել են չկնքված, իսկ արդեն 12:15-12:20-ի սահմաններում նոր կնքված տարբերակն են փակցրել»։
Տարոն Գասպարյանը բողոքարկման իր դիմումի չընդունման մասին տեղեկացել է հաջորդ օրը, երբ գնացել է մարզպետարան: Ասում է՝ մինչ 16:00-ն եղել է մարզպետարանում, մոտեցել տեղի վարչություններին՝ իր դիմումի մասին տեղեկություն ստանալու և մրցույթի տեսագրությունները վերցնելու համար: Մարզպետարանից տեղեկացրել են, որ մինչ օրվա ավարտ ժամանակ ունեն: Վերցրել են Տարոն Գասպարյանի հեռախոսահամարը նոր ձևավորվող հանձնաժողովի կազմավորման մասին տեղեկություն փոխանցելու համար: Նրանք նաև խոստացել են տեսագրությունները մշակելուց հետո փոխանցել:
Հաջորդ օրը՝ ապրիլի 4-ին, Տարոն Գասպարյանը տեղեկացել է, որ մեկ ժամից ուշ է ներկայացրել բողոքարկման դիմումը, որի պատճառով չեն կարող վերանայել այն: Պնդում է՝ չէր կարող ուշ փոխանցել բողոքարկման դիմումը, քանի որ այն կնքած տարբերակով փակցվել է 12:15-12:20-ի սահմաններում, իսկ ինքը բողոքարկման դիմումը հանձնել է 12:53՝ չխախտելով մեկժամյա սահմանափակումը: Տարոն Գասպարյանը լուսանկարել է հանձնաժողովի փակցրած թերթիկի չկնքած տարբերակը, նշել նաև չկնքած և կնքած թերթիկների փակցման ժամերը:
«Ես հիմքեր ունեմ կասկածելու, որ իրենք այդ ամենը դիտավորյալ են արել՝ ուշ փակցնելը, ավելի վաղ ժամանակը նշելը։ Եթե պետք է մերժեին, եթե մեկ ժամը լրացել էր արդեն, կարող էին այդ պահին կամ այդ օրը ասել»,- ասում է նա:
Տարոն Գասպարյանը դիմել է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ խնդրելով պարտավորեցնել մարզապետարանին տրամադրել մրցույթի տեսագրությունը: Ասում է՝ եթե նախարարությունն էլ մերժի, դրանք կստանա դատական կարգով:
«Այստեղ պաշտոնի հարցը չէ, իմ պլանները կարող է փոխվի էլ՝ իմ հետագա աշխատանքի հետ կապված, բայց այն փաստը, որ մարզպետարանում, նախկինի նման, հավասար պայմաններով կամ օրենքին համապատասխան մրցույթներ չեն իրականացվում, դա ամենամեծ խնդիրն է: Ես հաստատ աչք չեմ փակելու դրա վրա»։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել