ԱԺ-ն քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը
Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը` անդրադառնալով պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկմանը, որը նախորդ օրն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:
Մինչ օրինաստեղծ աշխատանքն սկսելը պատգամավորներն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված «Հայբուսակ» համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:
Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Մինչ հաջորդ օրինագծի քննարկմանն անցնելը պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: Մասնավորապես, երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագիծը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը:
Այնուհետեւ առաջին ընթերցմամբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել արտակարգ դրության առանձնահատկությունները եւ մասնավորապես` արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Ըստ նախարարի` ակնկալվում է հստակ նախատեսել արտակարգ դրության հասկացությունը` սահմանելով, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ փորձ է արվում բռնությամբ փոփոխել կամ տապալել սահմանադրական կարգը, գրավել կամ յուրացնել իշխանությունը:
Արտակարգ դրություն հայտարարել նախատեսվում է նաեւ զինված խռովությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական ակտերի, հատուկ նշանակության օբյեկտների գրավման կամ շրջափակման, անօրինական զինված կազմավորումների կազմակերպման եւ գործունեության, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունների, մարդկանց կյանքին կամ առողջությանն ուղղակի սպառնացող վտանգի դեպքում:
Ազգային ժողովի նիստը եւ օրինագծի քննարկումը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել