HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազության պարզաբանումը Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ

Գլխավոր դատախազությունն անդրադարձել է գլխավոր դատախազին ուղղված Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազության պարզաբանումը ներկայացնում ենք նույնությամբ.

«2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter