HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոփոխություններ բանակում, գյուղատնտեսության, ՏՏ եւ կրթության ոլորտներում

Իր կառավարության գործունեության մեկ տարին ամփոփող ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկում է փաստեր փոփոխությունների մասին։

«Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են էլեկտրական հոսանքով, 73 դիրքեր ապահովվել են ջրամատակարարման համակարգով, 180 դիրք՝ սառնարանով, առաջիկայում ևս 45-ը կապահովվեն»,- ասաց Փաշինյանը։

Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էականորեն փոխվել է սննդակարգը, ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, համապատասխան սեզոնին կտրվի վարունգ, լոլիկ, մակարոնեղեն և այլն:

«Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ վարտիքներով ու տաբատներով, թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը սկսել է ՍՈՒ-30 կործանիչների ձեռքբերման գործընթացը։

«1000 դրամների» հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008 թվականից մինչև 2016 թվականների ընթացքում զոհված կամ առաջին ու  երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Եվս 339 շահառուներ ամսական կստանան 100-ից 400 հազար դրամ փոխհատուցում»,- ասաց նա:

Փաշինյանի ներկայացմամբ՝ 410 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին ու զոհված զինծառայողների ընտանիքներին: 107 զինծառայողների նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ:

«Կուտակային կենսաթոշակի համակարգում 2018-ի հուլիսի մեկից կատարված փոփոխություններով՝ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում»,- ասաց վարչապետը։

«Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի սակագինը չի բարձրացել կառավարության վարած բանակցությունների արդյունքում, սոցիալապես անապահով խավերի համար 20 ու 10 դրամով էժանացել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները»,-ասաց Փաշինյանը։

2018 թվականի հուլիսի 1-ից ավելի քան 10 հազար բուժաշխատողի աշխատավարձ 30 տոկոսով բարձրացվել է։ «Փոքր ու միջին, այսպես ասած, խելացի շենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի չափով վերադարձ կտրվի. սահմանամերձ գյուղերի դեպքում՝ վերադարձը կկազմի 70 տոկոս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով տրվում են վարկեր 2 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին ու սահմանամերձ գյուղերին՝ 0 տոկոս տոկոսադրույքով:

«Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման, կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2 տոկոս տոկոսադրույքով: Ցածր տոկոսով վարկերի փոխարեն կարելի է օգտվել նաև արված ծախսերի 40-50 տոկոսի ետվերադարձի տարբերակից»,- ասաց վարչապետը։

2018-ին մթերված պտուղ-բանջարեղենի ու խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է ընդամենը մթերման ընդհանուր արժեքի 0.7 տոկոսը:

«Տարածքային համաչափ զարգացման ու  սոցիալական վիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018-ին համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 2.8 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով»,- ասաց նա։

Հաջորդ փաստն այն է, որ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 միլիարդ դրամով, բարձրավոլտ էլեկտրական ցանցերի գերշահույթը 2017-ին եղել է 1.1 միլիարդ դրամ, իսկ 2018-ին՝ 3.3 միլիարդ դրամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ Google Play հարթակում, ինչը նախկինում անհնար էր»,-ասաց նա։ Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական ու միջին մասնագիտական ուսհաստատությունների ու գործատուների միջև, ինչի արդյունքում ԿԳ նախարարության հաստատությունները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter