HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Բացառվում է, որ ես երկրում թույլ տամ անկառավարելիություն, քաոս կամ պալատական ինտրիգներ»

Պետական կառավարման համակարգը պետք է լինի կուռ և հնարավորինս միասնական։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունը երկրի գործադիր իշխանությունն է և պետք է լինի հեշտ կառավարելի և մոբիլ»,- նշեց նա` ի պատասխան հարցի, թե արդյոք իշխանության մեջ կան թևեր, որոնք թույլ չեն տալիս Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունն անհրաժեշտ ուղղությամբ ընթանա։

«Ես նմա՞ն եմ մի մարդու, ով, լինելով վարչապետ, այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր։ ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող թևեր լինել, որովհետև գործադիր իշխանությունը միասնական մարմին է, որը ղեկավարվում է վարչապետի կողմից։ Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ։ Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը։ Բացառվում է, որ ես երկրում թույլ տամ անկառավարելիություն, քաոս կամ պալատական ինտրիգներ։ Թևերը կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի։ Սաղմնային մակարդակում կչորանան։ Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի»,- ասաց նա։

Փաշինյանի տեղեկացմամբ`Ազգային անվտանգության ծառայության տնօրենը Պետական վերահսկողական ծառայության  պետ Դավիթ Սանասարյանի գործով դեռ սկզբից երկու-երեք անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ առաջարկելով  գործը փոխանցել ՀՔԾ-ին։

«Ըստ ամենայնի, ԱԱԾ-ում նեղվում են այն կասկածներից, որ գործը կարող է օբյեկտիվ քննվել։ Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը։ Այսինքն, մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մեր վերաբերյալ գործերը քննարկենք և տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ պետք է մեզ հետ կապված գործերը քննի։ Այս խոսակցություններն անընդհատ տեղի են ունեցել», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, եթե օբյեկտիվության համար գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն, ինքը բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում՝ բացառելով, որ իր կառավարության օրոք այդ գործն օբյեկտիվ չքննվի։

«Ցավալի արձանագրումներ եմ անում. հեղափոխությունն ինչի՞ համար է եղել, որ մենք մեր ընկերների և ոչ ընկերների նկատմամբ տարբեր վերաբերմունք ունենա՞նք։ Էդ որ ասում են՝ ես հավատում եմ, Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է... Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է, ու ի՞նչ։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարող լինել տարբեր այլ պետություններ։ Ուղղակի չի կարող լինել։ Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ իմ ինֆորմացիայի աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, նաև մեր թիմի անդամներն են, այդ թվում՝ Սանասարյանը», - ասաց նա։

Փաշինյանը վստահեցրեց՝  խիստ պատժի կենթարկվեն այն մարդիկ, ովքեր քննությունն օբյեկտիվ չիրականացնեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter