HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանն ու Ալիեւը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել սահմանային լարվածության կապակցությամբ

Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարցին, թե արդյոք վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը կարո՞ղ է ազդակ լինել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։

«Մենք կրակոցներ ենք ունենում ամենօրյա  ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ վերջին սահմանային միջադեպերի որոշակի լարվածություն է նկատվում:

«Բայց ես ուզում եմ ասել, որ կայունությունը  ու հանդարտությունը որ կար, պահպանվում է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նա շարունակում է կապ պահպանել Ադրբեջանի նախագահի հետ, և վերջին դեպքերից հետո  փոխադարձ մեղադրանքներ են հնչել։

«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում ու ինչու  է կատարվում. ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՊԲ ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը հակառակորդի կրակոցից վիրավորվել է մայիսի չորսին, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ ապրիլի 30-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պետք է հասկանալ, թե  կողմերից որ մեկն է հրաման տվել՝ ապակայունացնելու իրավիճակը:

«Չնայած ես դա չէի անվանի ապակայունացում, որոշակի օրերի միջադեպեր են արձանագրվում, ադրբեջանական կողմը որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ կան դեպքեր, մտահոգություններ, մենք պետք է աշխատանքային կարգով փորձենք հասկանալ»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter