
«Պիտի ճվայիր՝ «за родину, за Сталина!»: Եթե չճվայիր, աֆիցերը խփում էր: Մեկի տեղը երկու հատ էինք ճվում»
Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու տներից մեկի պատին մետաղե վահանակ է փակցված. «Այստեղ պատերազմի վետերան է ապրում»: 94-ամյա Պրոկոֆի Հակոբյանի տունն է: Վահանակը բերել են Ռուսաստանի իրենց տնից, որտեղ մի որոշ ժամանակ տարիներ առաջ ապրել են: Պրոկոֆի պապը հազարավոր կիլոմետրեր է անցել 1940-ականներին, ժպտալով ասում է՝ քարտեզի մի ծայրից մյուս ծայրն եմ հասել: Վետերանը չի չափազանցնում՝ Սպիտակից մինչեւ Բեռլին է հասել, այնտեղից էլ՝ Դեղին ծով, որտեղ մասնակցել է Ճապոնիայի դեմ կռիվներին:
«Գնացինք Բեռլինը վեր կալանք, տարան Ճապոնիայի կռիվ»,- երկու բառով իր անցած ճանապարհն է ներկայացնում Մեծ Հայրենականի վետերանը:
Ծնվել է 1925-ին Կրասնոդարում, հայրը հայ է, մայրը՝ ռուս: Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Սպիտակ, այստեղից էլ 1943-ի հունվարին զորակոչվել է: Հետախույզ է եղել, ասում է, թե իր զենքը «Մաքսիմ» գնդացիրն էր: Առանձնակի հպարտությամբ է հիշում, որ թշնամու 2 տանկ է ոչնչացրել նռնակով, ինչի համար երկու անգամ «Արիության համար» մեդալով է պարգեւատրվել: Չնայած Սպիտակի երկրաշարժի ժամանակ այս մեդալները կորցրել է, շեշտում է, որ դրանց փաստաթղթերը կան:
Հարսը բերում է պապի շնորհակալագրերը, որոնք ստացել է Վիտեբսկի (Բելառուս), Քյոնիգսբերգի (Կալինինգրադ, Ռուսաստան), Կաունասի (Լիտվա), Մանջուրիայի, Պորտ Արթուրի (Չինաստան) մարտերին մասնակցելու համար:
«Ես հետախույզ էի, մենք ուսումնասիրում էինք գերմանացիների ուժը հարձակումից առաջ: Պիտի ճվայիր՝ «за родину, за Сталина!»: Եթե չճվայիր, աֆիցերը խփում էր: Մեկի տեղը երկու հատ էինք ճվում»,- ծիծաղում է Պրոկոֆի պապը:
Պատերազմի ընթացքում դիպուկահարի կրակոցից երկու անգամ ոտքից վիրավորվել է: Հիշում է, որ խրամատների մեջ էին քնում հերթափոխով, երկար ժամանակ ո՛չ սափրվում էին, ո՛չ էլ լողանում: Մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, իր զորքի հետ Պրոկոֆի պապը Բեռլինում է եղել, ասում է, որ գերմանացիները դեռ դիմադրող ուժեր ունեին, բայց մարշալ Ժուկովը բարձրախոսով նրանց կոչ արեց հանձնվել, այլապես պիտի սպանվեին: Հաղթանակից հետո զինվորներին 100-ական գրամ սպիրտ էին բաժանում. պապն ասում է, թե ինքը կեսն էր խմում, մնացածն էլ տալիս էր ռուսներին, որոնց ուշքը գնում էր սպիրտի համար:
Վետերանը գնահատում է նաեւ դաշնակիցների օգնությունը, նշում է, որ բեկում եղավ, երբ նրանք 1944-ին բացեցին արեւմտյան ճակատը: Բացի դրանից՝ ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ին մեծածավալ ռազմատնտեսական օգնություն էր տրամադրել (նկատի ունի պատմության մեջ հայտնի «լենդ-լիզը»): Առանձնացնում է նաեւ ռումինացիներին, որոնք խորհրդային զորքերի հետ կռվում էին գերմանացիների դեմ (մինչեւ 1944 թ. Ռումինիան Գերմանիայի դաշնակիցն էր): Հիշում է նաեւ, որ Արեւմտյան Ուկրաինայում նույնիսկ 13 տարեկան երեխաներն էին իբրեւ պարտիզան կռվում խորհրդային զորքերի դեմ:
Բելառուսական, ուկրաինական ճակատներում կռիվներից, ապա Բեռլին հասնելուց հետո Պրոկոֆի պապը զորքի հետ մեկնել է Մերձբալթիկա, որտեղից ուղեւորվել են Մանջուրիա՝ Ճապոնիայի դեմ պատերազմի: Վետերանը հասել է մինչեւ Պորտ Արթուր ծովափնյա քաղաք, որը կարեւոր ռազմավարական նշանակություն ուներ թե՛ Չինաստանի, թե՛ Ճապոնիայի, թե՛ ԽՍՀՄ-ի համար: Չինական քաղաքը 20-րդ դարասկզբին գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Ճապոնիան գրավել էր այն: 1945-ի օգոստոսին խորհրդային զորքերը կարողացել էին կրկին գրավել Պորտ Արթուրը, որտեղ մնացել էին մինչեւ 1955 թ.: Վետերանը հիշում է, որ քաղաքում ճապոնացիները 80-մետրանոց դրոշ էին կանգնեցրել, բայց իրենք կարողացան ազատագրել այն: Ասում է նաեւ, որ ճապոնացիներն ավելի ուժեղ էին դիմադրում, քան գերմանացիները:
Պատերազմից հետո Պրոկոֆի Հակոբյանն արհեստավոր է դարձել, իր հետ ապրող որդին էլ է արհեստավոր, Սպիտակի տունը, որտեղ ապրում են, միասին են կառուցել: Մյուս որդին զոհվել է երկրաշարժ ժամանակ: Երբ հարցնում ենք, թե քանի երեխա, թոռ ու ծոռ ունի, ծիծաղում է՝ «մի սուրու»: Խնդրում ենք որեւէ երգ հիշել պատերազմական տարիներից, բայց դժվարանում է, փոխարենը հարսը հիշեցնում է անցյալ տարի, երբ թոռը զորացրվել էր բանակից, խնջույքի ժամանակ պապը երգում էր հայտնի «Կատյուշան»:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել