HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանը՝ Փաշինյանին. «Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ Դուք եք սկսել զբաղվել քրեական գործերի ընդդատության հարցով»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի պաշտոնում լիազորությունները կասեցված Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։

«Պարո՛ն վարչապետ, ասուլիսում ասացիք, որ ԱԱԾ տնօրենը եկել է ձեզ մոտ և ասել, որ Սանասարյանի գործը տանք ՀՔԾ-ին։ Ուզում եմ հասկանալ, թե ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ դուք եք սկսել զբաղվել քրեական գործերի ընդդատության հարցով»,-ասաց Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարն անդրադարձավ Փաշինյանի այն մտքին, որ Հայաստանում չկա սուպերվարչապետություն։

«Եթե Ձեզ գալիս հարցնում են՝ որ քրեական գործը ոնց քննվի, դա սուպերվարչապետական համակարգ է: Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, որ էդ հարցը քննարկել եք»,- հարցրեց նա։

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, ԱԱԾ տնօրենն էլ վարչապետին ենթակա պաշտոնյա.

«Երբ հարցը ստացել է քաղաքական հնչեղություն և քանի որ հարցի վերաբերյալ այդ մոտեցումը եղել է քաղաքական պատճառով, ոչ թե իրավական պատճառով, քանի որ քաղաքական էսպիսի հարցադրում կա, գուցե քաղաքական որոշում կայացվի, որ այս հարցն ուրիշ մարմին քննարկի, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն։ Ես ասել եմ, որ մենք՝ որպես քաղաքական մարմին, պետք է կարողանանք կրել այդպիսի քաղաքական հարվածներ ու պատասխանատվություն, ու այդ պատասխանատվությունը վերցնել մեզ վրա։ Ես քրեական գործի ընթացքը չեմ վերահսկում, ես քրեական գործի վերաբերյալ ունեմ գործնականում էնքան տեղեկատվություն, ինչքան ունի հանրությունը, այն տեղեկատվությունը, որ ես ավել ունեմ, այդ տեղեկատվության աղբյուրը ԱԱԾ-ն չէ»,- ասաց Փաշինյանը։

Մարուքյանը հակադարձեց՝ Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ քրեական գործի ընդդատության հարցով եթե խնդիր է առաջանում, դատախազը կարող է վերցնել մի մարմնից և տալ մեկ այլ մարմնին։

«Քաղաքական կոնտեքստը հասկանալի է, բայց Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ է, ավելին ասեմ՝ այդ գործը ենթակա է ՀՔԾ քննմանը, բայց ես էդ դաշտ չեմ մտնում»,- ասաց Մարուքյանը։

Փաշինյանն ասաց, որ հարցի քաղաքական հնչեղությունը հաշվի առնելով՝ կարող էր միջնորդել գլխավոր դատախազին. «Ասեի՝ խնդրում եմ քննարկեք էս գործը էստեղից էնտեղ տանելու հարցը, ու էդտեղ ոչ մի կատաստրոֆա չկա»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter