HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրահովիտի համայնքապետարանում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Ջրահովիտ համայնքապետարանում ենթադրաբար պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից (ԿՀԴՊԳ) ստացված տվյալների, ինչպես նաև համայնքի մի քանի բնակիչների հաղորդումների հիման վրա ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, 2011-2018 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, որպես հավաքարար և պահակ համայնքապետարանում աշխատանքի է ընդունել իր երկու հարսներին: Վերջիններս, սակայն, փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց պարտականությունները: Չնայած այդ հանգամանքին, նրանց հատկացված բանկային քարտերին նշված ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, ընդհանուր առմամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով 3 միլիոն 187 հազար դրամ գումար, որը ենթադրաբար յուրացվել է Ջրահովիտ համայնքի ղեկավարի կողմից:

Հաղորդագրության համաձայն՝ պարզվել է նաև, որ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից նույն ժամանակահատվածում վերը նշված երկու աշխատակիցների հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի  հաշվարկի տեղեկագրերում, ինչի հիման վրա էլ նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձի համար նախատեսված գումարը:

Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերով հափշտակություն,  պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները բազմակողմանի քննության միջոցով, դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter