
Անահիտ Մուսայելյանն ազատվել է Աքորիի դպրոցի տնօրենի պաշտոնից, բայց պնդում է, որ «դպրոցից չի գնալու» (վիդեո)
Փետրվարի 7-ին Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանը տնօրենի պարտականություններից ազատվելու դիմում է գրել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պահանջով: Մարզպետը նշանակել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար:
Այդուհանդերձ, Աքորիում կրքերը այսօր չէին հանդարտվում, քանի որ Անահիտ Մուսայելյանը իրավիճակը ազնվորեն չէր ներկայացրել մարզպետի որոշումից դեռևս անտեղյակ ուսուցիչներին: Նա այս առավոտյան ուսուցիչներին հայտարարեց, թե իբր վաղը դպրոցում նշանակվելու է տնօրենի պաշտոնակատար, իսկ մեկ ամիս հետո անցկացվելու է տնօրենի նոր ընտրություն:
«Դուք ելք չունեք՝ ապացուցելու, որ ընտրությունը կեղծիքներով է եղել, ես էլ չեմ կարողանում ձեզ ապացուցել, որ ընտրությունը արդար է եղել: Քանի որ ես այլևս չեմ կարող որևէ դպրոց նորից գնալ, քանի որ մրցույթով պետք է նորից ուսուցիչ աշխատեմ, միակ տարբերակն այն է (որովհետև ես էլ իմ ճիշտն ունեմ, որովհետև ընտրված մարդ եմ, ես էլ իրավունք ունեմ իմ պահանջները դնելու), նշանակում են ինձ ժամանակավոր պաշտոնակատար, հայտարարում են նոր ընտրություն, մենք գնում ենք նոր ընտրության»,- ասաց Անահիտ Մուսայելյանը:
Նա ուսուցիչներին հայտարարեց, որ տնօրենի նոր ընտրությանը կրկին մասնակցելու և հաղթելու է: Այնուհետև Անահիտ Մուսայելյանը մեկ այլ առաջակ արեց ուսուցիչներին. «Եթե դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվում է դպրոցի ուսուցիչներից մեկը, ես պետք է լինեմ ուսմասվար»:
Այս դեպքում ուսմասվար Սեդա Խլոպուզյանը, ով Աքորիի միջնակարգ դպրոցում աշխատել է մոտ 45 տարի, դուրս է մնում աշխատանքից: «Մտածեք. եթե ուզում եք՝ Սեդա Խլոպուզյանը մնա իր աշխատանքում, ուրեմն պետք է համաձայնեք, որ ես լինեմ դպրոցի տնօրենի պաշտոնակատար»,- ուսուցչներին ասաց Անահիտ Մուսայելյանը:
Նա շարունակեց. «Դուք ուզում եք, որ ընտրված տնօրենը դիմում գրի, դուրս գա: Ես խնդրում եմ՝ ամեն մեկդ ձեզ իմ միամիտ կարգավիճակում դրեք: Ես ընտրված տնօրեն եմ, որևէ մեկը ինձ չի կարող ասել, դիմումը վեր կալ ձեռովդ գրի: Եթե ես էս չափի զիջման եմ գնում հանուն երեխաների, ես ձեր ասածն եմ անում: Այսինքն՝ դուք ուզում եք նոր ընտրություն, ես գնում եմ նոր ընտրության: Վերջ, էս ա միակ ելքը»:
Այնուհետև Անահիտ Մուսայելյանը իր խոսքում բացահայտեց, որ Լոռու մարզպետարանում տնօրենի պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել. «Ես իմ դիմումում հենց այդպես էլ գրել եմ, որ հանուն երեխաների ես ինքնակամ հրաժարվում եմ իմ իրավունքից և գնում եմ: Սենց բան, երևի ոչ մեկը չանի, սա մի եզակի դեպք ա, որ ընտրված տնօրենը չի կարա սա անի, բայց հանուն երեխաների, ես գրում եմ, ինձ նշանակում են տնօրենի պաշտոնակատար, մեկ ամիս հետո անց է կացվում նոր ընտրություն, ամբողջ կոլեկտիվը գալիս է ընտրությանը ներկա է լինում, հատիկ-հատիկ տեսնում եք, թե ինչքան քվեաթերթիկ հանեցին, ովքեր ինչպես ընտրեցին»:
Անահիտ Մուսայելյանը վստահ է, որ տնօրենի նոր ընտրություններում կառավարման խորհրդի անդամների 8 քվեից նորից ստանալու է 5-ը: «Դրա համար կամովին ես մեկ ամիս գնում եմ դպրոցի տնօրենի պաշտոնակատար»,- ասաց նա:
Այնուհետև դպրոցի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Սիմոնյանը ասաց կոլեկտիվին. «Տիկին Մուսայելյանը մեկ վարիանտ է ընտրում, ինքը ուզում է լինել միայն ԺՊ, քննարկենք»: Նա կոլեկտիվի անդամներին առաջարկեց ներկայացնել իրենց կարծիքները:
«Դավոյան ջան, ասա»,- ուսուցչուհիներից մեկին ձայն տվեց արհմիության տեղկոմի նախագահը: «Այս պարագայում ես համաձայն չեմ, որ դուք ԺՊ լինեք, ընկեր Մուսայելյան: Տնօրենի նոր ընտրությանը համաձայն եմ: Մեկ ամիս հետո, եթե դուք արդար տնօրեն ընտրվեք, ես Ձեր կողքին կկանգնեմ»,- ասաց ուսուցչուհի Դավոյանը: «Ես դպրոցից չեմ գնալու»,- ուսուցչուհուն պատասխանեց Անահիտ Մուսայելյանը:
«Այս պահի դրությամբ ես էլ եմ կարծում, որ ընկեր Մուսայելյանի ԺՊ լինելը դպրոցում կրքերը ավելի կբորբոքի»,- ասաց մաթեմատիկայի ուսուցչուհի Լիանա Նիազյանը: Ուսուցիչները միաձայն ասում էին, որ դպրոցի շահերից չի բխում Անահիտ Մուսայելյանին նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Անահիտ Մուսայելյանն այս դեպքում կրկնեց ուսմասվար դառնալու իր առաջարկությունը: «Եթե ես չեմ գնում ԺՊ, գնում եմ ուսմասվար, որովհետև էդ ուսմասվարներն ազատված են: Եթե ես գնում եմ ուսմասվար, տիկին Խլոպուզյանը դուրս է մնում աշխատանքից»,- ասաց նա:
Սրանից հետո հավաքված ավելի քան 40 ուսուցիչները սկսեցին գոռալ՝ առանց միմյանց լսելու: Նրանք բոլորը դեմ էին, որ Անահիտ Մուսայելյանի պատճառով ուսումասվար Սեդա Խլուպուզյանն ազատվի աշխատանքից:
Ստեղծված իրավիճակում «Հետքը» զանգահարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: «Անահիտ Մուսայելյանը այլևս Աքորիի դպրոցի տնօրեն չէ»,- ասաց մարզպետը՝ հաստատելով Մուսայելյանի պաշտոնավարման վերաբերյալ փետրվարի 7-ի իր որոշումը:
Տնօրենի պաշտոնակատար նշանակվելու Անահիտ Մուսայելյանի հայտարարության վերաբերյալ Արթուր Նալբանդյանն ասաց. «Տնօրենի պաշտոնից ազատել ենք, որ պաշտոնակատար դնե՞նք. դա հնարավոր բան չէ: Նա Աքորիի դպրոցում որևէ պաշտոն չի կարող ունենալ: Փետրվարի 9-ին՝ առավոտյան ժամը 9-ին, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչը դպրոցի մանկավարժական կոլեկտիվին կներկայացնի մեր կողմից նշանակված տնօրենի պաշտոնակատարին, ով դպրոցի ուսուցիչներից մեկն է: Իսկ մեկ ամիս հետ դպրոցի տնօրենի ընտրության համար կառավարման խորհրդի կողմից կանցկացվի նոր ընտրություն: Անահիտ Մուսայելյանը մեզ մոտ ցանկություն է հայտնել տնօրենի 2-րդ ընտրությանը մասնակցելու համար, որին մենք չենք առարկել»:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել