HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Վարչապետի պաշտոնական կայքը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Սա մի տոն է, որն ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, տոն, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Ի՞նչ է Հայրենական մեծ պատերազմը, եթե ոչ սխրագործությունների, քաջագործությունների, անվեհեր հերոսությունների անվերջանալի շղթա՝ զուգակցված մարդկային ուղեղը մթագնեցնող սոսկալի հանցագործություններով, մարդկային կյանքի անդառնալի կորուստներով և մարդկային կյանքը խեղաթյուրող ողբերգություններով:

Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը Մեծ եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց կրկին գոյի, արդարության, չարի ու բարու միջև մղվող պայքար էր: Կրելով հսկայական կորուստներ՝ մենք տվեցինք նաև քաջ հերոսներ, անհամար խիզախ զինվորներ ու սպաներ, ովքեր պատերազմի բոլոր ճակատներում պայքարում էին ոչ միայն հանուն սեփական հայրենիքի, այլև հանուն մարդկային քաղաքակրթության պահպանման:

Պատմական զուգադիպությամբ մենք մայիսի 9-ին տոնում ենք նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող մեկ այլ իրադարձություն: Արցախահայության օրրանի՝ Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենահերոսական և փայլուն էջերից է, որով ի ցույց է դրվում հայ ժողովրդի ազատ ապրելու, պայքարելու, հաղթելու անկոտրում կամքն ու ոգին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին, ազատամարտիկներին, բոլորիս՝ այսքան նշանակալից և հաղթական տոնի առթիվ: Խոնարհվում եմ մեր սուրբ նահատակների և հերոսների հիշատակի առաջ:

Թո՛ղ մայիսյան հաղթանակները մեզ զորավիգ լինեն ուժեղ ու հզոր, մեր պապերի և մեր երեխաների երազանքների հայրենիքը կերտելու գործում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter