HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Փաշինյանն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ վարչապետ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի, կատարել մոմավառություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter