Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վեց հիվանդի մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում
Մայիսի 9-ի կեսօրին «Հրապարակ» պարբերականը հաղորդել էր, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված «Ավաստին» է ներարկվել 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են կարողացել տարբերել։ Ըստ պարբերականի՝ անմիջապես դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։
Ակնաբուժական կենտրոնում այդ հիվանդներին անմիջապես վիրահատել են և, ըստ «Հրապարակի», հուսադրել, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն այս միջադեպի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում, որում, մասնավորապես, ասված է.
«Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրահատվել են։
Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում են դրա պատճառահետևանքային կապերը։
Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը։
Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։
Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։
Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։
Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրամասները։
Հանձնարարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել