HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասելով, որ հայրիկը հաց բերի. 5 երեխաներով ընտանիքը հայտնվել է անելանելի պայմաններում

Գայանեն պահարանից հանում է նապաստակներով կապույտ մանկական սրբիչը, որ փռի իշաոտնուկի վրա: Խոնավ սենյակում աթոռ չկա, հին, փոս ընկած բազմոցն ու բազկաթոռն են: Գայանեի լարվածությունն եմ նկատում, խնդրում եմ՝ սրբիչը տեղավորի պահարանում, ու զրուցենք:

Երկուսս էլ նստում ենք իշաոտնուկին: Գայանե Պապոյանը 27 տարեկան է՝ երկար վարսերով, կապույտ աչքերով, իր տարիքից շուտ թափված ատամներով: Վանաձորի Լեռնապատ գյուղից է, որտեղից ծնողների, եղբոր ու քրոջ հետ 13 տարի առաջ տեղափոխվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղ: Այստեղ ծնողները անասնապահությամբ են զբաղվել:

«Պարտքերի մեջ էինք, տղայիս պիտի վիրահատեինք, Զովունիում էլ անասնապահության գործ կար, դրա համար եկանք»,- զրույցին միանում է Գայանեի մայրը՝ Ալլա Աբգարյանը, ով ամուսնու եւ որդու ընտանիքի հետ Զովունիում բնակվում է երկսենյականոց տան մեջ:

Գայանեն դարձյալ լարված է մեր զրույցի ընթացքում: Ձեռքերն իրար մեջ է առել, եղունգների վարդագույն ներկը կիսաթափված է:

Մայրն ասում է՝ աղջիկը սիրահարվեց Զովունիում, 18 տարեկանում էլ փախցրեցին: Գայանեն էլ ասում է, որ ամուսնու ընտանիքը բազմանդամ է՝ 13 երեխա են՝ 8 աղջիկ եւ 5 տղա: Քանի որ այնտեղ բնակվելու համար արդեն տեղ չկար, ստիպված վարձով են ապրել ու անընդհատ տեղից տեղ են տեղափոխվել:

Նախորդ տարվա դեկտեմբերից Գայանեն ամուսնու ու երեխաների հետ վարձով բնակվում է Զովունիում, ամսական 50 հազար դրամ վարձ են տալիս: Մինչ այդ  4 ամիս աշխատել են Գավառում: Ամուսինն օրավարձով անասուն էր պահում, Գայանեն էլ օրական 60 կով էր կթում՝ ամսական 50 հազար դրամի դիմաց:

27-ամյա մայրն ասում է, թե երբ մարդիկ իմանում են, որ 5 երեխայի հետ են վարձակալելու տունը, հրաժարվում են գործարքից: Ներկա տունը վարձակալելիս ստիպված թաքցրել են 5 երեխա ունենալու փաստը:

Գայանեն հիմա չի աշխատում, ամուսինը դարձյալ օրավարձով անասուն է պահում՝ օրական 4-5 հազար դրամով: «Ամուսնուս աշխատածով ուտելիք էինք առնում, իմ աշխատածով տան վարձն էինք տալիս, հիմա որ չեմ աշխատում, էրեխեքին սոված թողնելով, մի կերպ տվել ենք վարձը, բայց տանտերն ասել ա, որ ազատենք տունը: Երկու օր ժամանակ ա տվել, իսկ մենք ոչ մի տեղ չունենք գնալու»,- ասում է Գայանեն: Ապրիլ եւ մայիս ամիսների վարձը չեն կարողացել վճարել:

Արցունքները գլորվում են նրա այտերին, 3-ամյա Լիանան մոտեցել է մորը, խեթ հայացքով մերթ մորն է նայում, մերթ ինձ. կարծես փորձում է հասկանալ, թե ով է նեղացրել մորը:

Տան բակից ներս են մտնում երեխաները: Աստղիկն ավագն է՝ 7 տարեկան, Վարդուհին՝ 6, Սամվելը՝ 4, Լիանան՝ 3, Դավիթը՝ 2:

Երեխաներից Դավիթը ոտաբոբիկ է, մյուսների հագած կոշիկները մաշված, քրրքրված են: Երեխաներին հագուստ հարեւաններն են տալիս, ասում են՝ կոշիկների հարցն է դժվար լուծել:

Նախորդ սեպտեմբերին Աստղիկը պետք է դպրոց գնար, սակայն շարունակական տեղափոխությունների, գրանցման խնդրի պատճառով չի գնացել:

«Նպաստ էլ չենք ստանում երեխաների համար: Փաստաթղթերը՝ ծննդականները, սոցքարտերը, Քյավառի խանութի աշխատողի մոտ են: 37 հազար պարտքի դիմաց վերցրել է, ասել է՝ երբ փողը տանենք, փաստաթղթերը կտա»,- ասում է 5 երեխաների մայրը:

Գումար չունենալու պատճառով երեխաներին նաեւ մանկապարտեզ չեն տանում: Գայանեն ասում է՝ եթե էրեխեքին նայող լիներ, ինքը կաշխատեր: Նախկինում, երբ աշխատում էր, Աստղիկն ու Վարդուհին էին խնամում փոքրերին:

Մի անգամ էլ Աստղիկը ճաշ պատրաստելիս տաք ձեթը թափել է ոտքին: Այսօր էլ այրվածքի հետքեր կան աղջկա ոտքին: Այդ դեպքից հետո, մոր խոսքով, այլեւս չի գնացել աշխատանքի:

Գայանեի ձայնը կրկին խզվում է: Ասում է՝ եթե դարակները բացի, տանն ուտելու բան չի գտնի, ոչինչ չունեն: «Ամուսինս ընկնում ա չոլերը, որ իրիկունը գա, հաց բերի: Էրեխեքը սպասում են մինչեւ իրիկուն, որ տեսնեն՝ հերը երբ ա գալիս տուն, որ հաց ուտեն»,- ասում է 27-ամյա կինը:

Մեր այցելության օրը երեխաները, մոր պատմելով, ոչինչ չէին կերել: Երբ երեխաներին հարցրեցի, թե ինչ խաղեր են խաղում, նրանք ժպտացին: 4-ամյա Սամվելին ասում եմ՝ ի՞նչ խաղալիքներ ունես, կբերե՞ս խաղանք:

«Պիտի խաղալիք ունենան, որ խաղան»,- ասում է Գայանեն:

Հ.Գ. Զրույցի ժամանակ թյուրընկալում է եղել. Գայանեի ընտանիքը բնակվում է Զովունիում, իսկ Մրգաշեն գյուղից նրա ամուսինն է (տեքստում փոփոխություն է արվել)։

Մեկնաբանություններ (25)

Միքայել
Խնդրում եմ տվյալներ փոխանցել ստորեւ էլեկտրոնային փոստի միջոցով ։ Շնորհակալ եմ ։ [email protected]
ani
and a vegetable garden ? and some hens and rabbits, ducks, ... why not ?
Վարդան Կարապետյան
https://www.facebook.com/events/2326815574232246/
Դավիթ
Մենք մի փոքրիկ խմբով ուզում ենք օգնություն հասցնել: Վաղը, մայիսի 15-ին աշխատանքից հետո ուզում եմ գնալ: Ով ցանկանում է՝ միացեք: Օգնել է պետք այս ընտանիքին, այն էլ՝ շտապ:
Երջանիկ
Գայանեի հեռախոսահամարն է՝ 098-13-60-49
Սոնա
Խնդրում եմ ինձ տվյալներ փոխանցեք։ Կարող եմ տղա երեխամերին հագուստով օգնել։
Վանիկ
Բազմաթիվ ընտանիքներ կան, որտեղ երեխաները մեծանալուց հետո փոքրացած շորերը եւ կոշիկները պարզապես դեն են նետում։ Ինչո՞ւ չի գործում մի բարեգործական կազմակերպություն, որ հավաքի այդ շորերն ու կոշիկները եւ նվիրաբերի այսպիսի ընտանիքներին։ Միայն փող են հավաքում, որ հետո փայ մտնեն։
Գևորգ
Կոնտակտներ ուղարկեք
Սևակ
116 զանգեն, փաստաթղթերի հարցերը գուցե օգնեն լուծել: Պարտքի դիմաց սաղ թղթերը ձեռքներից վեկալել ո՞նց ա կարելի... հետն էլ տենց փոքր գումարի դիմաց...
Աննա
Կասեք Գավառ ում խանութում են գտնվում փաստաթղթերը՞
Արմեն
Անիմաստ աներ մի ասեք բազմազավակ լինելու հետ կապված։ Պետք էր շնորհակալ լինենք։ Հուսանք ձեւ կգտնվի երկարաժամկետ այս ընտանիքի խնդիրները լուծելու համար որ բալիկները կրթություն ստանան ու լավ քաղաքացիներ դառնան։
Մարինե Մարտիրոսյան
Շնորհակալ եմ բոլորին արձագանքի համար: Գայանեն հեռախոս չունի, նրա հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հարեւանուհուն՝ Արմինեին. 098 13 60 49:
Հասմիկ
Խնդրում եմ էլ.հասցեիս կոնտակտներ ուղարկեք
Ալեքսանդր
Խնդրում եմ տալ իրենց հստակ բնակության վայրի մասին տեղեկություններ։
Երջանիկ
Գայանեի հեռախոսահամարն է՝ 098-13-60-49
Հարուոյուն
Տվյալներ և կոնտակտներ փոխանցեք։
Արաքս
Կոնտակտներ
Արթուր
Երեխաներին, անշուշտ, պետք է օգնել: Բայց նաև պետք է մարդկանց բացատրել, որ առանց աշխատանքի, բնակարանի, 5 երեխա բերելը... Չեմ էլ կարողանում ճիշտ բառեր գտնել, որովհետև ծնվելուց հետո երեխան հրաշք է, ու չի կարելի նույնիսկ ասել, որ նա ավելորդ է, բայց երեխա ունենալն էլ պետք է ինչ-որ պատասխանատվություն ենթադրի ու ինչ-որ ձևով կարգավորվի: Թե չէ ամեն մի գործազուրկ, որ 5-6 երեխա բերի ու պետությունից տուն ու խնամք պահանջի, բա էն աշխատող մարդը, որը 23-36 տոկոս եկամտահարկ է վճարում, ինչպե՞ս պահի իր 1-2 երեխաներին...
Թերեզա
Ընտանիքի հետ կապ հաստատելու որևէ տվյալ տվեք խնդրում եմ։
Հասմիկ
Ինձ կարող եք կոնտակտներ փոխանցել
Vahan
Հարգելի խմբագրություն կարծում մ շատերը կցանկանան օգնել: Կոնտակտնե՞ր, հասցե՞ կամ կա՞ որևիցե մեկը ում միջոցով կարելի է օգնել այս ընտանքին:
Եվա
Ինչպես օգնել այս գեղեցիկ մայրիկին և իր հրաշալի մանուկներին? Եթե հնարավոր է?
ՄՈՆԻԿԱ
ԹՈՂԵՔ ԿՈՆՏԱԿՏԱՅՒՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
Արմինե Խաչատրյան
Խնդրում եմ ասեք, արտերկրից ինչպես կարող ենք գումար ուղարկել այս ընտանիքին։
Լիանա
Խնդրում եմ էլ.հասցեիս կոնտակտներ ուղարկեք,մի գուցե կարողանանք ինչ-որ բանով օգնել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter