HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պատմում են Շուշիի գրավմանը մասնակցած «Կումայրի» ջոկատի ազատամարտիկները

Գյումրու ԵԿՄ բաժանմունքի նախագահ Իգիթ Զաքարյանն ու շարքային երկրապահ Ավետիք Կարապետյանը Շուշիի ազատագրմանը մասնակցած «Կումայրի» ջոկատի ողջ մնացած անդամներից են: «Գյումրիում մնացել ենք 8 հոգի, իսկ 27 տարի առաջ 56-ն էինք՝ 12-ը զոhվեցին Ջանհասանում»,- հոգոց է հանում Իգիթ Զաքարյանը: Արցախյան պատերազմում արմատական բեկում մտցրած Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը, որ առավել հայտնի է «Հարսանիք լեռներում» օպերացիա անունով, զրուցակիցներիս հիշողություններում միախառնվում է կորստյան ցավի, հրամանատարների համար զգացած հպարտության, իրենց արած թերեւս ամենաանհնարին բանի՝ ողջ մնալու կարողության հետ:

«Մենք Շուշի չենք մտել,-ասում է Ավետիք Կարապետյանը,- մեր առաջադրանքն այլ էր, մենք այդ ռազմական ծրագրի «կենդանի» թիրախն էինք»: Ինչպես փազլի մասնիկները, մաս առ մաս, Իգիթն ու Ավետիքը փորձում են վերականգնել այդ օրերի իրադարձությունները: «Ջանհասան բարձրացել ենք մայիսի 4-ին: Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը, հրաման տվեց, որ պիտի բարձրանանք՝ Շուշին մայիսի 5-ին գրավելու համար: 18 կմ բարձրացել ենք Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ, մեզ հատկացված դիրքերին հասանք գիշերվա մեկին՝ անձրեւ, ձյուն՝ սարի գլուխը մեկից սպիտակեց, մենք էլ մինչեւ վերջին թելը թրջվել էինք,- հիշում է Իգիթ Զաքարյանը,- ասինք ոչինչ, քիչմ էլ համբերենք, լույսը կբացվի գրոհը կսկսենք, մեկ էլ հրաման եկավ, թե ցած իջեք»:

Հիշում են, թե ինչպես են ընդդիմացել, ինչպես են փորձել համոզել հրամանատարությանը, որ երկու օր մնան, միայն թե անցած 18 կմ-ը հետ չքայլեն: «Կամանդոսը ջղայնացել էր, հրաման տվեց, թե՝ ծո՛, ձեզի կսեմ բդի իջնիք, Բասմաչն ընդեղ էր կատղել, վրեքս երդում դնելով իջեցրեց, մենք էլ մեր հերթին կհամոզեինք, թե ապ ջան, կեղնի՞ էս երկու օրն էլ ըստեղ մնանք, շորերս չորցնենք, մենակ թե նորից ցած չիջնինք: Բայց դե հրամանը հրաման էր ու մենք գիշերով հետ դարձանք»,- պատմում է Իգիթը:

Վերադարձի ճանապարհին, մթության պատճառով, ազատամարտիկներից մի քանիսը ձորն են գլորվում, այդ թվում եւ զրուցակիցս, կորցնում զենքերը: «Ընձի տղեքը մե կերպմ քաշեցին հանեցին, բայց զենքս չկար, էդ մթի մեջ սկզբում չգտանք,- հիշում է Իգիթը,- հետո լուր եկավ, որ մեր տղեքից 6-ն էլ էին նույն տեղն ընկել: Ես որոշեցի հետ դառնամ, զենքս գտնիմ, ըսի՝ չէ՜, Ցոլակի զենքն է, բդի գտնիմ ու գնացի գտա»,- Իգիթի դեմքը մի պահ պայծառանում է:

Մայիսի 5-ին, ռազմական գործողությանը մասնակից բոլոր ջոկատները վերադառնում են՝ մոտ 300 հոգի: Երկու օր հանգիստ է տրվում, մայիսի 7-ին կրկին նույն ճանապարհն անցնելու հրահանգով: «Էդ արանքը հասցրինք Մնացի ծնունդն էլ նշեցինք,- հիշում է Ավետիքը,- ինքը մեր միջի տարիքով մեծն էր՝ 50-ամյակն էր լրացել: Դե ում ձեռքի տակ ինչ կար՝ էդ կնվիրեր, Բասմաչը(Միշա Շահազիզի Սահակյան) հանեց նռանկը դրեց սեղանին, որպես նվեր ու ըսեց, օր Մնացը հետներս չպիտի գա, պիտի մնա: Մնացս ջղայնացավ, սեղնից վերցրեց նռնակը, օղակը քաշեց, թե՝ հըմի սաղիդ կտրաքցնեմ, օր ընձի չտարաք»:

Մայիսի 7-ին, Ջանհասան ուղեւորվելուց առաջ, «Կումայրի» ջոկատի տղաներին օրհնում է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը: Ավետիքն ասում է, որ հատուկ վերաբերմունք է զգացել սրբազանի ձայնի ու հայացքի մեջ. «Պարգեւ Սրբազանն օր խաչ հանեց, դառա Բասմաչի երեսին նայեցի, ըսեց՝ ի՞նչ, ա՛յ տղա, ըսի՝ մենք կենդանի հետ գալացողը չենք, Բասմաչն էլ, թե՝ տղոնց դուխը չբդի ընգնի: Ըդպես նստանք ավտոները, մոտ 7 կմ մոտեցրին, հետո նոր ոտով բարձրացել ենք: Չէինք արտահայտվի, բայց սաղիս մոտ էլ էն տպավորությունն էր, օր հեչ մեկս կենդանի չպիտի հետ դառնանք»:

«Լուսուդեմ, ժամը 5:30-ի կողմ էր, գրադները սկսեցին միանգամից, բոլոր կողմերից կրակել, ժամը 8-ի կողմերն արդեն զգացինք, որ շրջափակման մեջ ենք,- ընկերոջ պատմությունն է շարունակում Իգիթը,- Բասմաչն էդ ժամանակ ելավ ոտի, կիսածունկ, ըսեց՝ տղեք ջան, մի տաս հոգի թիկունքներս պահեք, ես ըսոնց մաման, մեզի գցել են զասադ: Մարմաշենցի Մստոն ելավ, թե՝ տղեք իմ հետեւից: Ախուրյանից 10 թե 12 հոգի ունեինք ջոկատում, հիմի արդեն լավ չեմ հիշե, լրիվը գնացին Մստոյի հետեւից, իրանցից 6-ը զոհվան: Շուշին գրոհելու 4 ուղղություն էր նախատեսված, Ջանհասան-Քյոսալար ուղղության հրամանատարը Սեյրան Օհանյանն էր՝ մեր կողմից շատ հարգված, ջիգյարով զինվորական, իսկական ազգի հերոս, իր հրամանով մենք պիտի էդ բարձունքը ժամ ու կես պահեինք ու հետ քաշվեինք: Մենք հրամանը կատարեցինք՝ տալով 12 զոհ, 12 վիրավոր»:

Սենյակում ծանր լռություն է տիրում: Հիշողությունները զրուցակիցներիս տանում են 27 տարի հետ: Խոստովանում են՝ ծանր է հիշելը: «Ամսի 8-ի ցերեկն արդեն գիտեինք, օր Շուշին մերն է, բայց ուրախանալու ժամանակ չունեինք՝ մեզի գցել կալցոյի մեջ կջարդեին,- Իգիթը նորից մի պահ լռում է,- հազիվ հետեւը մի տեղ ենք բացել, վիրավորներով իջել ենք ելման դիրք, որտեղից որ դուրս ենք եկել, հաջորդ օրը նոր ոտքի վրա մնացած տղեքը բարձրացել են զոհվածների հետեւից: Մենք Շուշի չենք մտել, մենք մեր բաժին հրամանն ենք կատարել»:

Ավետիքն ու Իգիթը փորձում են անուն առ անուն հիշել զոհված ընկերներին՝ Բենիկ Մկրտչյան, Մյասնիկ Մկոյան(Մստոն), Աշոտ Շախբազյան, Հունան Շախբազյան, Աշոտ Գրիգորյան, Հովհաննես Հովսեփյան(Օվեսը), Զորիկը Վանաձորից, Պետրոս Մխոյան(Պոդոս), Յուրան Վանաձորից, 3 հոգի Բալուջայի Սամվելի ջոկատից: Զոհված տղաների դիակները հաջորդ օրը գտել են անարգված: «Թե էդ գիշերն ինչխ ենք անցրել, մինչեւ լույսը բացվի օր էրթանք դիակների հետեւից, էդ մենակ մենք գիտենք,- ասում է Ավետիքը,- էն, ինչ տեսել ենք պատմելու բան չէ՝ աչքերը հանած, դոշերին խաչ նկարած, կաշիները պոկած: Տղեքի սաղի գլուխները շորով փաթաթած են ուղարկել Հայաստան՝ զարհուրելի էր»: Ախուրյանցի Հունան Շախբազյանի դիակը գտել են 20-րդ օրը:

Երկրաշարժ, ավեր ու վիշտ տեսած Շիրակի մարզի համար Ղարաբաղի պատերազմը թերեւս կրկնակի ծանր հարված էր: Սակայն դա չէր խանգարում, որպեսզի գյումրեցին ունեցած լավագույնն ուղարկեր ռազմաճակատում գտնվող իր զինվորին: «Թե ուրիշները «Պրիմա» կծխեին, մեզի ղրկած տուփերից «Մալբորո», «Քենթ» ու «Քեմլ» կելներ: Մեզի դաժե խտացրած կաթ ու տուշոնկա կղրկեին: Մարդիկ ինչ օգնություն օր կստանային սննդի տեսքով՝ կղրկեին Ղարաբաղ, օր զինվորը հանկարծ սոված չմնար: Նույն բանը մերոնք արեցին քառօրյայի օրերին»,-նկատում է Իգիթը եւ հիշողությունների մռայլությունը ցրելու նպատակով փորձում է ուրախ պատմություն պատմել իր՝ Շուշի մեկնելու հետ կապված:

«1992թ-ի ապրիլի 20-ն է, պիտի գնամ Շուշի, կնոջս ըսի մամադ ընկել է չիդեմ ուրդեղից, շատ ծանր է, բդի էրթաս: Աներանքս էլ կապրին Թալինի շրջան Փոքր Արթիկ գյուղում: Ըսի, կռնա մաման վատ էղնի, դու գնա, ես նայեմ ինչ կենեմ ըստեղ, հետո կհասնիմ: Խեղճ կնիկս լացով գրկեց երեխուն, տարա ավտոբուս դրեցի, ճամփեցի, գնաց: Էդ մի պրոբլեմը լուծեցի, հըմի էլ կամադիրը չի թողնի էրթամ, թե Հայաստան մայրիկը մինչեւ դիմումիդ տակ չստորագրե՝ չեմ թողնի: Դե իրանք իրավունք չունեին ընձի տանելու, ես Ռուսաաստանի քաղաքացի էի, ռուսական զորքերում ծառայող ենթասպա էի: Վերջը սաղս դիմումներս գրեցինք, մե հատմ կնգա տվինք՝ ճզմզեց, ըդպես գնացինք Ղարաբաղ: Մերոնք առավոտ հետ գուկան Լեննական՝ ինչ Իգիթ ինչ բան, դոմիկի դռները փակ, բալնիքը տված հարեւանին, ես էլ արդեն Շուշի»:

Թե Ավետիքը (ծնված 1961թ.), թե Իգիթը (ծնված 1965թ.) Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ամուսնացած են եղել: Ավետիքը պատերազմ մեկնելիս արդեն երկու զավակ ուներ, 3-րդը ծնվում է 1990թ-ին, լուրը ստանում է մարտի դաշտում եւ որոշում, որ անվանակոչելու է իրեն փրկող ընկերոջ՝ Սոսի անունով: Քանի որ աղջիկ երեխա էր՝ ուրեմն Սոսե: «Բայց դե մինչեւ 20-25 օր հետո տուն եկա, մերոնք արդեն Կիմա էին դրել աղջկաս անունը»,-Ավետիքը ծիծաղում է: Ասում է, իրեն էլ են փորձել հետ պահել պատերազմ գնալու մտքից՝ մատնացույց անելով ընտանիքը: «Հերս, թե՝ պահող ես կնկադ ու երեխեքիդ պահե: Ես էլ ըսի, այ հեր ջան, ես թե սաղ մնացի, կրնամ էլի ընտանիք կազմեմ, բայց օր հայրենիքս կորցրեցի՝ էդ անդառնալի է: Ու որ քառօրյա պատերազմն եղավ, մենք մեր ջոկատով էլի հասանք Ղարաբաղ, ու երբ էլ վտանգ սպառնա, թող իմանան, օր մենք կանգնած ենք»:

Գլխավոր լուսանկարում՝ «Կումայրի» ջոկատը, մայիսի 11, 1992թ. 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter