Քաղաքապետը հանդիպել է «Dasaran.am»-ի պատվիրակությանը
Ս.թ. փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի գլխավորած պավիրարկության հանդիպումը:
Հանդիպման սկզբում Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի և անձամբ իր անունից ջերմորեն ողջունեց բոլոր ներկաներին: Քաղաքապետը իր խոսքում նշեց, որ ողջունում է «Dasaran.am» կրթական ծրագրի գաղափարն ու նախաձեռնությունը և մեծ կարևորություն է տալիս նրա կայացմանն ու հետագա զարգացմանը: Քաղաքապետը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանը ամեն կերպ կաջակցի այս ծրագրի անխափան գործունեությանը ու կփորձի առավելագույնս իր օժանդակությունը ցուցաբերել ծրագրի նպատակների իրականացման համար:
«Dasaran.am» կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանն իր խոսքում նշեց, որ ներկայումս ծրագրում ներգրավված է Երևանի 160 դպրոց: Մինչև ս.թ մարտի 15-ը ծրագիրը կներառի Երևանի բոլոր հանրակրթական դպրոցները, այնուհետ ընդլայնվելով Հանրապետության ողջ տարածքով` կստեղծվի մեկ միասնական կրթական էլեկտրոնային համակարգ ու «աշակերտ-ծնող-ուսուցիչ» կապն ապահովող համապարփակ միջավայր:
Հանդիպման վերջում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Այսպիսով, 2009 թվականին մեկնարկած «Dasaran.am» կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի կրթական համակարգի արդյունավետության բարձրացմանը` որպես առանցքային գործիք կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարական մեթոդները: 2011թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի հետ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն ծրագիրն ստացավ պետական աջակցություն և դարձավ պարտադիր Հանրապետության բոլոր դպրոցների համար:
Ներկայումս «Dasaran.am» կրթական ծրագիրը հասանելի է Երևան քաղաքի թվով 160 հանրակրթական դպրոցներում, իսկ մինչև ս.թ. մարտի 15-ը ավարտին է հասցվելու Երևանի բոլոր դպրոցների ներգրավումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել