
Բանկերն առաջին եռամսյակում. վարկերի աճը՝ 2%
Այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաատանի առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 3 տրլն 127 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում գործող 17 առևտրային բանկերի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։
«Հետք»-ի հաշվարկներով՝ այս երեք ամսում, այսինքն՝ 2018 թվականի վերջի համեմատ, բանկերի վարկային պորտֆելն աճել է 62.2 մլրդ դրամով կամ 2 %-ով։
Վարկային պորտֆելի մեծությամբ Հայաստանում առաջատարը «Ամերիաբանկն» է։ Մարտի վերջի դրությամբ նշված բանկի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 537.1 մլրդ դրամ, որը 2018-ի դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ կրճատվել է շուրջ 11 մլրդ դրամով կամ շուրջ 2 %-ով։
Վարկերի ծավալով երկրորդ տեղում «Հայբիզնեսբանկն» է՝ 462 մլրդ դրամով։ Բանկի վարկային պորտֆելը նախորդ տարեվերջի համեմատ աճել է շուրջ 24 մլրդ դրամով կամ 5.4 %-ով։
Եռյակը եզրափակում է Արդշինբանկը՝ մոտ 453 մլրդ դրամով։ Բանկի վարկային պորտֆելը կրճատվել է 4 մլրդ դրամով կամ մոտ 0.9 %-ով։
Ամենաշատ վարկ տրամադրող բանկերի առաջին հնգյակում են նաև «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն» ու «Ինեկոբանկը»։
Նրանց հաջորդում են «Կոնվերս բանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը», «Հայէկոնոմբանկը», «Յունիբանկն» ու «Արարատբանկը»։
Բանկերի վարկերի ծավալներն այս տարվա առաջին եռամսյակի վերջի (31/03/19) և նախորդ տարվա վերջի (31/12/18) դրությամբ ներկայացված են ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում։ Ցուցանիշներն, ինչպես նշեցինք, վերցված են բանկերի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվություններից։

Աղբյուրը՝ բանկերի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները
Ինչպես տեսնում եք, բացարձակ մեծությամբ վարկային պորտֆելի ամենամեծ աճը գրանցել է «Հայբիզնեսբանկը»՝ 24 մլրդ դրամով ավելացնելով այն։
Ընդհանուր առմամբ, 17 առևտրային բանկերից 6-ի վարկային պորտֆելը նվազել է , 11-ինը՝ աճել։ Բացարձակ թվով ամենամեծ անկումը գրանցել է «Ամերիաբանկը»՝ շուրջ 11 մլրդ դրամով։
Բանկերի ֆինանսական հաշվետվությունները նաև վկայում են, որ այս տարվա առաջին եռամսյակում նվազել է նրանց շահույթը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, առաջին երեք ամիսներին բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 16 մլրդ 92 մլն դրամ՝ 2018 թվականի առաջին եռամսյակի մոտ 20 մլրդ 229 մլն դրամի դիմաց։ Այդպիսով, բանկերի զուտ շահույթն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 4.1 մլրդ դրամով կամ 20.4 %-ով։ Շահույթի անկում է գրանցել է 17 բանկերից 11-ը։ Չնայած շահույթի նվազմանը՝ բանկերից և ոչ մեկն առաջին եռամսյակը վնասով չի փակել։
Արտարժույթով վարկերը գերակշռում են
Հայաստանյան բանկերը շարունակում են ավելի շատ արտարժույթով վարկեր տրամադրել, քան ՀՀ դրամով։ Թեև պետք է նկատել, որ վերջին երկու տարիներին արտարժույթով վարկերի տեսակարար կշիռը համեմատաբար փոքրացել է։
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտի վերջի դրությամբ բանկերի կողմից տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 200 մլրդ դրամ։ Այստեղ ներառված են ինչպես հաճախորդներին՝ տնային տնտեսություններին, այնպես էլ՝ ֆինանսական կազմակերպություններին տրամադրված վարկերը (հաշվետվությունների հիման վրա մեր ստացած ցուցանիշում ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող վարկերը ներառված չեն):
Կենտրոնական բանկի տվյալներով՝ մարտի վերջի դրությամբ բանկերի վարկերի կազմում արտարժույթով վարկերի ծավալը կազմել է մոտ 1 տրլն 75 մլրդ դրամ, որը կազմում է ամբողջ վարկային պորտֆելի 54.7 %-ը։
Արտարժույթով վարկեր ասելով՝ պետք է նկատի ունենալ հիմնականում դոլարային վարկերը։
Իսկ դրամով վարկերի ծավալը կազմել է 1 տրլն 450 մլրդ դրամ, որն էլ զբաղեցրել է ամբողջ վարկային պորտֆելի 45.3 %-ը։
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում այսօր շարունակում են ամենամեծ տեսակարար կշիռն ունենալ սպառողական վարկերը։ Հաջորդում են արդյունաբերության և առևտրի ոլորտներին տրվող վարկերը։
Մեկնաբանել