Նազարբեկյան 48 շենքում բնակվող ընտանիքին նվիրաբերվեց իր զբաղեցրած բնակարանը
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Երևանի Նազարբեկյան 48 հասցեում գտնվող անավարտ բնակելի շենքի բնակարանը որպես նվիրատվություն կփոխանցվի այնտեղ բնակվող ընտանիքին։ Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոխանցմամբ՝ կառավարության 2012, 2015, 2017 թվականների որոշումներով՝ Նազարբեկյան 48 հասցեում բնակվող 17 ընտանիքի կառավարությունը նվիրաբերել է իրենց զբաղեցրած բնակարանները։
Սակայն այս ընտանիքի անդամները չեն ներառվել այդ որոշումների ցանկում՝ պահանջվող փաստաթղթերը Պետական գույքի կառավարման կոմիտե թերի ներկայացնելու հետևանքով։
Գործադիրի փոխանցմամբ՝ այդ ընտանիքին հանձնվող բնակարանի հարցով լուծվում է այդ շենքում բնակվող ընտանիքներին հատկացվող բնակարանների խնդիրն ամբողջությամբ։
Նշենք, որ տարիներ շարունակ Պետական գույքի կառավարման կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը հստակ տեղեկատվություն չէին փոխանցում, թե ում հաշվեկշռում է գտնվում Նազարբեկյան 48 շենքը։ Բնակիչները 90-ականներին եկել էին այս շենք և ինքնակամ բնակություն հաստատել։ Նրանց զբաղեցրած բնակարանները կառավարությունը մի քանի որոշումներով փոխանցեց նրանց, որպեսզի նրանք ևս մասնակցեն ընդհանուր օգտագործման տարածքների ամրացմանն ու բարեկարգմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել