7.2 միլիոն դրամ՝ տրանսպորտային տեսչության աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկի համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել մոտ 7. 2 միլիոն դրամ՝ տրանսպորտային տեսչության աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկի համար։
Ըստ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ լուծարվել է տրանսպորտային տեսչությունը։ Նախարարության 22 աշխատակիցներ գրանցվել են քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում: Սակայն 2018 թվականի դեկտեմբերին այդ աշխատակիցներից 6-ը դուրս են եկել կադրերի կարճաժամկետ ռեզերվից` անցնելով աշխատանքի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Նրանց հետ կատարվել է վերջնահաշվարկ, իսկ մեկ այլ աշխատակից աշխատանքի է անցել նախարարությունում։ Մնացած 15 քաղաքացիական ծառայողների հետ պետք է կատարվի վերջնահաշվարկ, քանի որ նրանց կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակը լրանում է մարտի 20-ին: Իսկ այդ վերջնահաշվարկները վճարելու համար անհրաժեշտ է մոտ 7.2 միլիոն դրամ, որն էլ այսօր փոխանցեց կառավարությունը։
Նախարարության փոխանցմամբ՝ վճարման վերջնական չափը հնարավոր է եղել ճշտել միայն մարտի 20-ից հետո, այդ պատճառով այժմ է անհրաժեշտություն առաջացել կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով գումար հատկացնել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել