HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ աշխատանք է փնտրում ուսանողը

Երբ ավարտում ես դպրոցը, երազում ես բուհ ընդունվելու մասին: Երբ բուհն ես ավարտում,  դիպլոմիդ  շնորհիվ երազում ես բարձր աշխատավարձով լավ աշխատանքի մասին: Բայց երբ ձեռք ես բերում դիպլոմը, միշտ չէ, որ սպասելիքներդ արդարանում են:

Շատերը բողոքում են, թե հիմա ամեն ինչ կամ փողով է, կամ «ծանոթ-բարեկամ» մեթոդով: Եթե կրեատիվ  ես  ու լավատես, վերցնում ես դիպլոմդ և  փորփրում ինտերնետ կայքերն ու դիմում աշխատանքային գործակալություններին, եթե վատատես  ես և շուտ ես հիասթափվում քո ուզած աշխատանքը չգտնելիս, ապա սկսում ես բողոքել մարդկանցից, քո ուսումնական հաստատությունից և անարդար կյանքից:

Խնդիրն այն է, որ…

Հայաստանում աշխատանքի շուկան աչքի է ընկնում պահանջարկի և առաջարկի միջև ծավալային և կառուցվածքային անհամապատասխանությամբ: Դեռևս 2001 թ.-ին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքում պարզ է դարձել, որ տնտեսապես ակտիվ  երիտասարդները կազմում են բնակչության 48 %-ը, այն դեպքում, երբ ՀՀ ընդհանուր զբաղվածների թիվն էլ կազմում է մոտավորապես նույն թիվը` 49,7 %:

Գործազրկության ընդհանուր բարձր մակարդակը ինքնըստինքյան դժվարեցնում է աշխատանքային շուկա հիմնականւմ առաջին անգամ մուտք գործող երիտասարդների գործը (մասնավորապես լավ վարձատրվող աշխատանք գտնելու տեսանկյունից):

Լավատեսներն  ու վատատեսները…

Իրականում վիճակն այնքան էլ բարդ չէ. այժմ աշխատանք գտնելու տարբեր միջոցներ կան` կայքեր, թերթեր, աշխատանքային գործակալություններ… Զինվեք համբերությամբ և սկսեք փնտրտուքը: Հենց այդպես ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի շրջանավարտ Հռիփսիմեն, կայքերից մեկում տեսնելով  ծրագրավորողի աշխատանքի հայտարարություն, որոշեց դիմել և ընդունվեց աշխատանքի:

«Շատ կարևորեցին այն հանգամանքը , որ համալսարանավարտ եմ. ճիշտ է, գիտելիքի բացակայության դեպքում դիպլոմն ինձ չէր օգնի, բայց դե հասկանում եք «պրեստիժի» հարց է»: Երևանյան աշխատանքային  «Ա»  գործակալության տնօրենն ասում է, որ առաջին քայլը սեփական «անձը պրոպագանդելն է»:  Ըստ նրա` պետք է ճիշտ ներկայանալ, կազմել գրագետ ռեզյումե  և ուղարկել այն տարբեր հասցեներով: Դու պետք է ասես`«ես այն մասնագետն եմ, որ քեզ պետք է»: Լիան էլ, ավարտելով Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, կարծում էր, որ ինքը «այն մասնագետն է»,  ով պետք է իրավաբանության ոլորտին: Բայց աշխատանքի ընդունվելիս նրա ուղարկած «գրագետ ռեզյումեին» ոչ մեկ էլ ուշադրություն չդարձրեց, հայտնելով, թե  փորձ չունի:  

Փորձ է պետք

Եթե առաջնորդվենք «փորձ ունենալ-չունենալու»  սկզբունքով, տրամաբանական է, որ ոչ ոք երբեք չէր աշխատի. ի ծնե ոչ ոք իրավաբանի, լրագրողի, մանկավարժի բնատուր փորձ չի կարող ունենալ. դա աշխատանքի արդյունքն է: 

Ենթադրենք` ես` պոտենցիալ լրագրողս, աշխատանք եմ փնտրում: Ահա կայքերից մեկում գտնում եմ մի հայտարարություն: Պահանջն ընդամենը 1-3 տարի աշխատանքային փորձ ունենալն ու հայերենի  և ռուսերենի իմացությունը: Զանգահարում եմ  տվյալ հեռախոսահամարով և հայտնում, որ փորձ ունեմ, սակայն բարձրագույն կրթություն չունեմ, ինձ ասում են` համեցիր, դա կարևոր չէ: Այդպես էին «ասում» մի քանի այլ հայտարարություններում. ռադիոինժեներ` փորձով և ոլորտի իմացությամբ, մենեջեր` բարետես արտաքինով, «շփվող», պունկտուալ  քարտուղարուհի… Այսինքն` ամենևին էլ պարտադիր չէ 4 տարի սովորել մասնագիտական որակավորում ձեռք բերելու համար. բավական է միայն մի  2 տարի «գրագրությամբ» զբաղվելով փորձ կուտակել: Իսկ գրագիտությու՞նը…

Երտասարդը պետք է լինի գրագետ` անկախ աշխատանքային փորձից

Եթե դու աշխատում ես մի ոլորտում և բավականաչափ գիտելիքներ չունես, ապա կգա ժամանակ, երբ դու չես կարողանա համապատասխանել շուկայական պահանջարկներին և դուրս կմղվես աշխատանքային շուկայից կամ լավագույն դեպքում` կդոփես նույն տեղում: Այժմ Հայաստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք աշխատանքի են վերցնում ուսանողների` նույնիսկ առաջին կուրսից: Հիմնական պատճառն, իհարկե, համապատասխան գիտելիքի առկայությունն է: Եվ որպեսզի  այդ գիտելիքը չկորի և չդառնա այլ երկրներ արտահանվող ռեսուրս,  անհրաժեշտ է համագործակցություն բուհերի և տարբեր ոլորտների կազմակերպությունների միջև.  ներկայումս խնդիրներից մեկն էլ այն է, որ տարբեր ոլորտի  կազմակերպություններ  չեն ցանկանում աշխատանքի վերցնել նորավարտ ուսանողի, ով համապատասխան աշխատանքային փորձ չունի: 

Առանց ծանոթի չի լինի…

Քրիստինեն այսօր աշխատում է մի հեղինակավոր կազմակերպությունում և ստանում է  բավականին բարձր աշխատավարձ: Խոստովանում է, որ դրան հասել է իր աշխատանքների, գաղափարների ու ջանքերի շնորհիվ. «Հիշում եմ, ծանոթներիցս մեկը մի անգամ այսպիսի  բան ասաց. «Դու ինքդ եղիր քո ծանոթը… Ինքդ  քո ծանոթը դարձրու աշխատասիրությունդ  ու գիտելիքդ»»:  

Գտիր քեզ մեկ այլ ոլորտում…

«Դիպլոմը սահմանափակում է,- ասում է նկարչությամբ զբաղվող, բայց տնտեսագիտական կրթությամբ մի երիտասարդ:- Կարևոր չէ, թե դու տնտեսագետի դիպլոմ ունես. միգուցե սովորելիս դու հայտնաբերեցիր, որ լավ ես նկարում և ուզում ես այդ ուղղությամբ շարունակել»: Ի վերջո, կարևոր է սիրել այն աշխատանքը, որով զբաղվում ես:

Հայաստանն օգնում է քեզ…

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում գործում է  «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը: Այն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումն է, որի հիմանական նպատակը բնակչության համար զբաղվածության պայմաններ ստեղծելն է և ոլորտը  կարգավորելը: Բացի այդ՝ կարող եք հատուկ կենտրոններից (համայնքային և մարզային) իմանալ աշխատանքային թափուր տեղերի մասին: Ի տարբերություն աշխատանքային այլ գործակալությունների` ծառայությունն ու խորհրդատվությունը միանգամայն անվճար են:

Կարևորը կամքն է…

Բայց գլխավորը և թերևս ամենակարևորը  աշխատելու մեծ կամքն է` անկախ բուհական դիպլոմից, ծանոթներից և թափուր տեղերից. կամքի բացակայության դեպքում միշտ էլ կգտնվեն գործազուրկ լինելու հազարավոր պատճառաբանություններ ու բողոքներ այս անիրավ պետությունից և  դաժան  կյանքից:

Տաթև Խաչատրյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս պրոբլեմը աշխարհի շատ երկրներում կա, Հոլանդիայում նույնպես: Իմ ամենալավ ծանոթներից մեկը հոլանդացի 2 համալսարան ավարտած (քաղաքագետ/փիլիսոփա) մի անձ է,որն արդեն բավականին ոչ քիչ ժամանակ սովորական փոստատար է աշխատում շաբաթը 20 ժամ. այս ՑՐՏԻՆ դրսում թերթ ու նամակ է բաժանում: Բայց մարդը արդեն մի քանի տարի նաև ԿԱՄԱՎՈՐ է աշխատում քիչ թե շատ իր գծով, ու չնայած ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անպատասխան նամակներին, պայքարում է:................................. Իսկ ՈՐՏԵՂԻՑ ձեզ այն միտքը,որ մի (ստից) ԲՈՒՀ ավարտելով ձեր առջև սեզամի դռներ պիտի բացվեն:Ես ինքս այստեղ 6 տարի ԲՈՒՀ-ում սովորելուն զուգահեռ կամավոր/ձրի աշխատում էի ստաժի համար-էլ ուժ չունեի:.......................... Իսկ Հայաստանում ԱՄԵՆԱՄԵԾ պրոբլեմն այն է,որ մասնագիտություն են ընտրում ոչ թե նրա համար որ այն ԻՐՈՔ-ԻՍԿԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ են,այլ նրա համար,որ պրիստիժնի է ու ՓՈՂԱԲԵՐ,կամ անվճար: Եթե քո ԿՈՉՈՒՄԸ ԻՐՈՔ,ասենք ճարտարապետ դառնալն է(ր), ապա սկի մի հատ ՈՒՖ ՉԵՍ անի գործ փնտրելու պրոցեսում. ընդհակառակը: Հետո, մի ապացուցված էֆեկտիվ ԽՈՐՀՈՒՐԴ - միշտ եղիր ԻՆՔԴ ՔԵԶ. դա է քո տարբերությունը մյուսներից: ՀԳ. Տաթեւ Խաչատրյանին- սխալ ուղու վրա չես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter