Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև
Մայիսի 10-ին Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվական ծառայությունը:
Քաղաքական խորհրդակցությունները հայկական կողմից վարում էր Հայաստանի ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, իսկ կորեական կողմից՝ Կորեայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրեն Ջոնգ Գի Հոնգը։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը՝ Տոկիո):
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ փոխայցելությունների իրականացման հեռանկարները, տնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված քայլերը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը և այլն։ Քննարկվեցին նաև տարածաշրջանային զարգացումները:
Կողմերը շեշտեցին, որ մուտքի վիզայի ռեժիմի ազատականացումից հետո շեշտակի աճել է Կորեայի Հանրապետությունից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:
Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Սոնգ Ունգ Յոբի հետ: Կողմերը քննարկեցին Կորեայի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորությունները ՏՏ, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, աղքատության նվազեցման և այլ ոլորտներում:
Նույն օրը տեղի ունեցավ նաև հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացրին համայնքի խնդիրները և տեղեկացան Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել