HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Խուդյանը որոշել է Մեծ Այրումից ծառասունկ արտահանել Ռուսաստան

Ծառասունկի աճեցմամբ Արսեն Խուդյանը սկսել է զբաղվել դեռևս 2010թ.-ին եղբոր և հորաքրոջ որդու հետ։ Սակայն գործն այն ժամանակ անավարտ է մնացել։

«Գումար չունեինք, իսկ վարկ ստանալն այդ ժամանակ դժվար էր»,- ասում է Արսեն Խուդյանը: Այդ պատճառով էլ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ գումար վաստակելու։ Տեմրյուկ քաղաքում՝ Ազովի ծովի ափին զբաղվել է հյուրանոցային բիզնեսով: Այնտեղ աշխատելու 8 տարիներին շարունակել է հույս փայփայել, որ մի օր Մեծ Այրումում կսկսի իր բիզնեսը։

2018թ․ նոյեմբերին Արսեն Խուդյանը վերադարձել է Մեծ Այրում, ծառասունկի բիզնեսով զբաղվելու համար:

Բիզնեսը սկսելու համար «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից 5 % տոկոսադրույքով 5 մլն դրամ վարկ է վերցրել, 20 մլն դրամ էլ ներդրել է իր սեփական միջոցներից։ Նրան նորից օգնել են եղբայրը եւ հորաքրոջ որդին։

Այժմ նա օրական արտադրում է 100 կգ սունկ:

«Ծառասունկի սերմերը Ռուսաստանից ենք բերում: Այստեղից առնում ենք ցորենի ծղոտը: Վերջինս մանրացնելուց  և խոնավացնելուց հետո, 72 ժամ պահում ենք որոշակի ջերմաստիճանի տակ՝ գոլորշիով և թթվածնի առկայությամբ: Այդ ամենը սերմի հետ խառնած լցնում ենք ցելաֆոնե պարկերի մեջ և տեղադրում ինկուբացիայի արտադրամասում»,- բացատրում է Արսեն Խուդյանը:

Գործարարն ունի արտադրությունն ընդլայնելու ծրագիր․ անցած 6 ամիսներին նա բացել է ծղոտի մանրացման, պարկերի լցման, ինկուբացիայի և բերքատվության արտադրամասեր: Տեղադրել է նաև արտադրական սառնարան:

Այս տարվա մարտին Խուդյանների ընտանիքը վերաբացել է 2007թ․-ին իրենց հիմնած «Թերեզա-Արմեն» արտադրական կոոպերատիվը, որի միջոցով շարունակում են ընդլայնել ծառասունկի արտադրությունը:

«Ինձ թվում է՝ մինչև այս տարվա դեկտեմբեր մենք կշահագործենք մեր երկու նոր արտադրամասերը։ Այդ ժամանակ արտադրությունում կբացվեն ևս 20 աշխատատեղ»,- ասում է գործարարը:  

Ծառասունկը կգ-ը 800-900 դրամով գործարարն հանձում է Ալավերդու, Վանաձորի, Դիլիջանի, Իջևանի շուկաների վաճառողներին:

«Կարող եմ ասել, որ արտադրության փորձնական փուլում ենք հիմա, այն նորմալ է ընթանում»,- ասում է Արսեն Խուդյանը:  

Գործարարի խոսքով՝ այժմ շուկայում մեծ պահանջարկ ունի անտառի ծառասունկը, ինչն էլ ազդում է իր արտադրանքի իրացման վրա:

«Ձմռանը մեր սունկը ավելի մեծ պահանջարկ ունի: Այս ընթացքում ես գներին հետևել եմ․ ձմռանը մեկ կիլոգրամը մինչև 1200 դրամ մեծածախ պահանջարկ ունի»,- ասում է Արսեն Խուդյանը:

Արսեն Խուդյանն ասում է, որ կարողանալու են օրը մինչև 600 կգ ծառասունկ ստանալ: Նա արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Մոսկվայի առանձին գնորդների հետ՝ ամսական 20 տոննա ծառասունկ մատակարարելու շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։