HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խզմալյան. «Մենք դարեր շարունակ Արարատի պահակներն ենք, նա էլ՝ մերը»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հարգարժան Տիգրան Խզմալյան, ջերմ ողջույններս

Արդեն 8 տարի հեռակա ճանաչում եմ Ձեզ: Մենք երբևէ չենք հանդիպել, բայց սիրով ընդունել եմ Ձեր նվերները՝ հեղինակած ֆիլմերի տեսասկավառակների տեսքով: Ասեմ, որ նայել եմ բոլորը՝ «Քրիստոսի կենդանագիր պատկերը», «Դեպի Արարատ», «Սարդարապատ deja vu»: Շուրջ 6 տարի առաջ իմ «Իրական պատմություն» ստեղծագործության հիման վրա Դուք բեմադրեցիք «Մհերի դուռը» բեմական ընթերցումը, որը սիրով կյանքի կոչեցին սիրելի դերասաններ Կարինե Ջանջուղազյանը և Վարդան Պետրոսյանը:

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց «քարանձավի» դուռը դեռ չի բացվել… իմ բնույթով մնում եմ լավատես ու հավատում եմ հրաշքներին: Միևնույն ժամանակ անդադար պայքարում եմ… Դուք էլ ազատության մեջ եք յուրովի պայքարում` հանուն իրապես անկախ և ինքնիշխան Հայաստանի: Չեմ կասկածում, որ ազատության մեջ հանդիպելու ենքիսկ այսօր հեռակա հրավիրում եմ հարցազրույցի:  

- Ի՞նչ եք կարծում, եթե միայն մեր պատմական երկու իրար հպված, ինչպես Դուք եք ասում` կաթով լի կրծքերի նման սարերը ֆիզիկապես դառնան մերը, այսինքն` առանց մեր պատմական տարածքների, ապա ի՞նչ կփոխվի

- Սիրելի՛ Մհեր, ուրախ եմ ու հպարտ, որ հնարավորություն եք ընձեռել ինձ Ձեզ հետ երկխոսելու, թեև առայժմ հեռակա։ Տարիներ շարունակ Ձեր գործը, Ձեր կյանքը, Ձեր պայքարը հանդիսանում են մեր երկրի ու հասարակության հասունության, բանականության, արդարամտության չափորոշիչը։ Իսկ վերջերս, Զարուհու անձնուրաց նվիրման շնորհիվ Ձեր, այլևս համատեղ ճակատագիրը դարձել է նաև մեր ընդհանուր մարդկայնության, գթասրտության և քաղաքակրթության աստիճանի ցուցիչը։ Քանի դեռ Դուք բանտարկված եք, Հայաստանն էլ ազատ ու արդար երկիր չէ։ Սա իմ համոզմունքն է։ Հիմա դառնանք Ձեր հարցաշարին։

Դուք միանգամից սկսեցիք հայոց ինքնության համար ամենակարևոր հարցից։ Կուզեմ խուսափել սնապաշտությունից ու կեղծ պաթոսից, բայց, ունենալով Արարատի գագաթ բարձրանալու անձնական ցնցող փորձը, ես՝ խոնարհս, համարում եմ, որ մենք՝ որպես ազգ, դեռևս արժանի չենք դառնալու աշխարհի այս առանցքի լիարժեք տերը։ Մենք դարեր շարունակ Արարատի պահակներն ենք։ Նա էլ մերը։ Ընդ որում, նա ոչ միայն մեզ՝ ոչ ոքի չի պատկանում։ Օրինակ, նրա անունից անգամ վախեցող թուրքերը, որոնք անվանում են այն Աղրի-դաղ, և ում տարածքում է հիմա գտնվում լեռն ըստ քարտեզի՝ նրանք բացարձակապես չեն վերահսկում այն՝ պաշտոնապես հայտարարելով Արարատը պատերազմական գոտի քրդերի հետ բազմամյա անվերջ բախումների պատճառով։ Բնական է՝ լեռը քրդերինն էլ չէ։ Ուրեմն ու՞մն է Արարատը։ Նա կլինի մերը, երբ մենք կդառնանք նրանը։ Իսկ հիմա դեռևս արժանի չենք Արարատ ունենալ, քանի դեռ երկիրը մեր չենք ազատագրել օտար ու տեղական զավթիչ-գաղութատերերից։ Արարատը սպասում է մեզ՝ ազատ ու անկախ հայերին։ Կլինենք ազատ ու անկախ՝ կստանանք Արարատը։ Եվ ոչ միայն։

Անցած տարվա մայիսին տեղի ունեցած իրադարձություններն անվանում ենք թավշյա հեղափոխություն: Ըստ Ձեզ, ի՞նչն է բնորոշում առհասարակ հեղափոխություն հասկացությունը:

- Ես խուսափում եմ «հեղափոխություն» անվանել 2018 գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունը։ Հեղափոխությունը բնորոշվում է ոչ թե ցուցանակների ու անունների, այլ քաղաքական ու տնտեսական փոփոխությամբ։ Մինչդեռ մեկ տարի անց ակնհայտ դարձավ, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կարողացել ու չի էլ փորձում ազատվել մեր երկիրը զավթած, գաղութացրած ու թալանող պուծինյան Ռուսաստանից։

Ռուսական պետկորպորացիաներն են մոնոպոլիզացրել հայկական էներգետիկան, արդյունաբերությունը, երկաթուղին, ավիացիան, հեռախոսային ու բջջային կապը, ընդերքը, հեռուստառադիոեթերը, անվտանգության համակարգը։ ՀՀ քաղաքացիները ՌԴ բյուջեին են վճարում գազի, ջեռուցման, բենզինի համար։ Եվ փոխանակ հեղափոխական միջոցներով այս գաղութային կախվածության վերացմանը, մենք լսում ենք վարչապետից «էլ ավելի փայլուն» հարաբերություններ պուծինյան ոհմակի հետ հաստատելու մասին հավաստիացումներ։

-Վերջերս Դուք հիմնեցիք կուսակցություն «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»։ Քաղաքականության մեջ ո՞րն է կարևոր՝ սիրտն ու հոգին, թե՞ բանականությունն ու սառը հաշվարկը։

-Ես համարում եմ, որ Հայաստանում քաղաքականությանը պակասում է նախ և առաջ անկեղծությունը։ Դա կարող է միամիտ թվալ ոմանց համար, չէ՞ որ քաղաքականությունն ավանդաբար համեմատում են խորամանկության, կեղծավորության ու խաբեբաության հետ։ Ես համարում եմ սա հնացած ու սպառված տեսակետ։ Ժամանակակից աշխարհում, երբ խոսքն ու գործը վայրկենապես տարածվում են, ստուգվում են, վերլուծվում են միանգամայն թափանցիկ ու արդիական տեխնոլոգիաներով, սուտն ու դեմագոգիան շատ կարճ են դիմանում։ Այսօրվա համատարած պոպուլիզմը՝ հանրության արձագանքն է հին քաղաքական ոճի սպառմանը, սակայն նոր դեմագոգները խիստ ժամանակավոր են ու երկար չեն մնալու։ Վստահ եմ, որ մոտ ապագան անկեղծ, բանիմաց ու պատասխանատու գործիչներինն է։ Քաղաքականությունը մարդկանց ու պետությունների միջև հարաբերությունների արվեստ է և պահանջում է անկեղծություն ու պատասխանատվություն, ինչպես նաև մարդկային հարաբերություններում։

-Կինոյի միջոցով հնարավոր է ասելիքը տեղ հասցնել միանգամից և տեսողության, և լսողության միջոցով: Որպես կինոռեժիսոր, սցենարիստ, ի՞նչ եք կարծում` մարդու սրտին, հոգուն հասնելու ճանապարհը ո՞րն է, որտե՞ղ են դռան բանալիները

-Ես փաստորեն պատասխանեցի այս հարցին իմ նախորդ պատասխանով։ Քաղաքականություն եկել եմ կինոյից, սակայն ես ոչ թե դերասան եմ եղել, ով կատարում է ուրիշի դերը և կրկնում է ուրիշի գրածը, այլ ինքս եմ գրում սցենարներն ու իրականացնում դրանք՝ ինչպես կինոյում, այնպես էլ կյանքում։ Եվ որպես հեղինակ վստահ եմ, որ արվեստի գլխավոր առաքելությունն է մարդկանց մխիթարելը, մեղմել նրանց սրտերն ու կրքերը, բուժել հոգու վերքերը։ Եթե մի խոսքով բնորոշենք՝ արվեստի նպատակը գթասրտությունն է, խղճի արթնացումը, խղճալու ունակությունը։ Այո՛, հենց դա, այլ ոչ թե ամպագոռգոռ ճիչերը, կուրծք ծեծելը և կեղծ պաթոսը։ Ահա ինչու հենց քրիստոնեական քաղաքակրթությունն է արձանագրել ամենամեծ մարդկային առաջընթացը։ Մենք՝ պանդուխտների, նահատակների ու որբերի ժառանգներս, պետք է բոլորից լավ հասկանանք դա՝ հիշելով ոչ միայն պատմության դաժանությունը, այլ նաև մարդկային գթությունը մեր նախնիների հանդեպ։

-Առաջիկայում հանրությանը նոր ստեղծագործություն՝  նոր ֆիլմ պատրաստվու՞մ եք ներկայացնել։

-Այո՛, քաղաքական աշխատանքս զուգորդում եմ 20-րդ դարում Հայաստանի պատմության մասին ֆիլմ պատրաստելով… վերջում կրկնեմ այն, ինչից սկսեցի մեր երկխոսությունը՝ երազում եմ տեսնել Ձեզ ազատության մեջ, քանզի առանց դրա Հայաստանի և մեր բոլորիս ազատությունը թերի կլինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter