HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ կհայտնեն դատավոր Դավիթ Գրիգորյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին ներկա է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա դատարան եկավ դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով:

Թեև դատարանն ընդմիջում էր հայտարարել դահլիճում ձայնի տեխնիկական խնդիրը լուծելու համար, այդ խնդիրը, կարելի է ասել, չի լուծվել. դահլիճում հստակ լսելի է միայն դատավոր Դավիթ Գրիգորյանի ձայնը, մասամբ՝ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի ձայնը, իսկ դատավարության մյուս մասնակիցների խոսքը գրեթե լսելի չէ:

Նշենք, որ նիստին ներկա են նաև գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը, Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, տուժողների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, Քոչարյանի պաշտպաններ Ռուբեն Սահակյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը:

Դատարանը, հաշվի առնելով, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է գտնվում կալանքի տակ, ծանուցել է միայն նրա պաշտպաններին և մեղադրող դատախազներին: Նշենք, որ մյուս ամբաստանյալների պաշտպանները հարց էին բարձրարել, թե ինչու իրենց չեն ծանուցել դատական նիստի օրվա և ժամի մասին։

Նիստի մեկնարկին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է գլխավոր դատախազը դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքից մտել դահլիճ:

Այս հանգամանքն, ըստ Ալումյանի, վկայում է դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը պարզաբանեց, որ ինքը պարտավոր չէ հետևել, թե ով որտեղից է մտնում նիստերի դահլիճ և հայտարարեց, որ նախքան նիստի մեկնարկը չի զրուցել գլխավոր դատախազի հետ։

Ալումյանը հիշեցրեց նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Քոչարյանի խափանման միջոցի գործով նախկինում ինքնաբացարկ հայտնելու համար: Ալումյանը հետաքրքրվեց՝ արդյոք Բարձրագույն դատական խորհուրդն այս վարույթի վերաբերյալ որոշում կայացրել է, թե ոչ, ինչին ի պատասխան՝ դատավորը նշեց, որ տեղեկություն չունի:

Քոչարյանի պաշտպաններն այժմ ժամանակ են խնդրել Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու համար, ուստի նիստն ընդմիջվեց դրան պատրաստվելու համար:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը մեղադրվում են այլ անձանց հետ հանցակցությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
The “case” against Robert Kotcharyan : Vertigo https://haytougchamlian.blog/the-case-against-robert-kotcharyan-a-vertiginous-legal-vacuum/ Haytoug Chamlian, Lawyer Montreal, May 12, 2019

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter