
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. որոշումը կհրապարակվի վաղը
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանին: Հիմքերից մեկն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի տարբերություն դատավարության մյուս կողմերի, դատարանի դահլիճ է մուտք գործել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով: Ըստ պաշտպանական կողմի՝ այսպիսով խախտվել է կողմերի միջև հավասարության սկզբունքը:
Հաջորդ հիմնավորումն այն է, որ դատավորին գործն ընդամենն օրեր առաջ է մակագրվել, և նա այս կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթացած լինել գործի նյութերին:
Նշենք, որ Քոչարյանի և մյուսների գործը դատավոր Դավիթ Գրիգորյանին մակագրվել է մայիսի 7-ին:
Հաջորդ հիմքն այն է, որ, ըստ պաշտպանական կողմի, Դավիթ Գրիգորյանը կաշկանդված է Քոչարյանի խափանման միջոցի հարցով ավելի վաղ ինքնաբացարկ հայտնելուց հետո իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով:
Անդրադառնալով այս հանգամանքին՝ դատավոր Գրիգորյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն քիչ առաջ որոշել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկել:
Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդության դեմ: Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն, անդրադառնալով Արթուր Դավթյանի՝ դատավորի ծառայողական մուտքով դահլիճ մտնելու փաստարկին, նշեց, որ արդեն իսկ պարզաբանվել է, որ դատախազն ու դատավորն իրար հետ շփում չեն ունեցել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 12:30-ին:
Մեկնաբանել