HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային միջոցներով կմեկնարկի խոտանված վերելակների փոխարինման փորձնական ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հրավիրված հանդիպմանը խոսել է մայրաքաղաքի վերելակային ֆոնդի փոխարինման, աղբահանության խնդրի կարգավորման, քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման և այլ խնդիրների ու ծրագրերի մասին:

Վերելակների խնդրի  և կարգավորման մասին

«Երևանի վերելակային ֆոնդը բավական հին է: Քաղաքի առկա վերելակների շուրջ 70%-ն ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել:

Վերելակների վորանորոգումը, վերազինումը և փոխարինումը բավական մեծ ծախսեր է ենթադրում, իսկ համայնքային բյուջեն նման միջոցներ չունի: Խոսքը ավելի քան 30 մլրդ դրամի մասին է. սա, նախնական հաշվարկով, մինչև 1600 վերելակի փոխարինման ծախսերի ընդհանուր գումարն է: Մինչդեռ Երևանի սեփական մուտքերի ընդհանուր ծավալը 2019թ. համար կազմում է 31 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ եթե քաղաքն ինքնուրույնաբար այս ծրագիրն իրականացնի, ապա անհրաժեշտ կլինի բացառել քաղաքում որևէ այլ ծրագրի իրագործում:

Վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագիրն այս պահին ավարտական փուլում է: Մոտ օրերս կդիմենք Կառավարություն՝ համապատասխան ֆինանսական տարբերակ հաստատելու համար: Մեր նախագծած մոդելը ներառում է Կառավարության աջակցությունը, նաև լրացուցիչ միջոցների ներգրավում, դրանք կլինեն փոխառու կամ վարկային միջոցներ, նաև` դրամաշնորհններ: Վերելակները փոխարինելու նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցումը նախատեսում ենք շուրջ 20-25 տարվա ընթացքում: Սա այն բաշխվածքն է, որը հնարավորություն է տալու այսօրվա՝ առկա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման  վարձերի 20-30%-ով ավելացման պարագայում ծածկել այս միջոցները: Մնացած մասը հնարավոր կլինի ապահովել, օրինակ, նոր վերելակների՝ էլեկտրաէներգիայի առումով նվազ ծախսի, սպասարկման վճարների կրճատման շնորհիվ: Բացի այդ, առանձին ծրագրով նախատեսվում է արևային համակարգեր տեղադրել մայրաքաղաքի 90 շենքի տանիքներին, ինչը ևս կխնայի էլեկտրաէներգիան և կնպաստի ծախսերի կրճատմանը:

Այսօր, օրինակ, միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար վճարում է ամսական 1600 դրամ: Որևէ տրամաբանություն չկա, թե ինչու է մի շենքում ծառայությունն արժենում 1000 դրամ, մեկ այլ շենքում՝ 4000:

Քաղաքապետարանը մշակել է մոդել, որը, մեր նախնական գնահատմամբ, հնարավորություն կտա վերելակները փոխարինելիս բնակիչների ընտանեկան բյուջեներին առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չառաջացնել:

Քանի որ վերելակները բաժնային սեփականություն են, ապա յուրաքանչյուր լուծում պետք է լինի բնակիչների ցանկությամբ: Որևէ պարտադրանք այստեղ չի կարող լինել»:

Անդրադառնալով վերելակի խափանման վերջին դեպքին՝ Հայկ Սարգսյանը նշել է. «Տարածվեց տեղեկատվություն, թե վերելակը անկում է ունեցել: Ուզում եմ նշել, որ վերելակը բացվել է առաջին հարկում, առանց հարկից շեղման, և բնակիչները դուրս են եկել: Խնդիրն այն է եղել, որ վերելակի 4 ճոպաններից մեկը պոկվել է: Աշխատել են արգելակման լրացուցիչ մեխանիզմները, ինչի հետևանքով վերելակն իջել և կանգնել է ավելի կտրուկ»:

Վերահսկողության մասին

Վերելակների շահագործման և սպասարկման ծառայությունն իրականացվում են համատիրությունների պատվերով՝ մասնագիտացված ընկերությունների կողմից և դրա վերահսկման պարտականություններն իրականում համատիրություններինն է: Այնուամենայնիվ, քաղաքապետարանն ստանձնել է լրացուցիչ հսկողության  գործառույթը:

Նշեմ նաև, որ, Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ, միջազգային ընկերությունն իրականացրել է հորանների  և դետալների համապարփակ գնահատում, որի արդյունքները հուսադրող չեն:

Ուսումնասիրվել է 200 վերելակ՝ պատահական ընտրանքով: Արդյունքները ցույց են տվել, որ վերելակները դեռևս 15 տարի առաջ էին ենթակա փոխարինման:

Վերելակների տեխնիկական և անվտանգության չափանիշների գնահատման և ստուգման նպատակով դիմել ենք նաև արտակարգ իրավիճակերի նախարարություն:

Այս պահին շուրջ 1100 վերելակի տեխնիկական գնահատում է իրականացված նախարարության կողմից, որոնց թվում 31 վերելակ շահագործման ենթակա չէ, սակայն, այնուամենայնիվ, բնակիչները դրանք միացրել են: Այսօր գործընթացի նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում: Եվս 3000 վերելակ կենթարկվի անվտանգության չափորոշիչների տեխնիկական հսկողության:

Այսօր փորձում ենք, բավական սուղ ֆինանսական միջոցների պայմաններում, լուծել քաղաքային այս ընդհանրական խնդիրը: Սա քաղաքապետարանի գործառույթներում դրված է առաջին պլանում: Քաղաքապետի հանձնարարությամբ հենց վաղվանից կսկսենք վերելակների նախնական՝ փորձնական փոխարինման ծրագիրը:

Քաղաքը սեփական միջոցներով կսկսի շահագործումից հանվող վերելակների փոխարինման գործընթացը՝ մինչև կկարողանանք մոդելն ամբողջությամբ կյանքի կոչել:

Ինչ վերաբերում է նախկին՝ նվազեցված բյուջեին, ապա նշվել է, որ այն նպատակ չուներ աշխատանքի ծավալները նվազեցնելու, այլ միտված էր նույն աշխատանքը կազմակերպել ավելի նվազ արժեքով, որովհետև վստահ չենք, որ արված ծախսերն արդարացված են»:

Աղբահանության մասին

«Այս պահին քաղաքի ամբողջական աղբահանության և սանմաքրման համար անհրաժեշտ է, առնվազն, 40-50 մեքենասարքավորում: «Սանիթեքն» այս պահին ունի 10-12 անխափան մեքենա: Արդեն ներկրված «Կամազ» մակնիշի աղբատար մեքենաները էական արդյունք չեն կարող ապահովել: Երկու-երեք ամսից ակնկալում ենք, որ ներկրված կլինեն նաև մյուս մեքենաները: Եթե քաղաքական միջամտություններն ու բողոքարկումները չլինեին՝ մենք դեռևս 2 ամիս առաջ կունենայինք դրանք: Ի դեպ, բողոքարկումների հետ կապված. պետք է նշեմ, որ դատախազությունից հայտնում են, որ Երևանի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման նպատակով «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են և նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»:

Աշխատավարձերի բարձրացման մասին

«Քաղաքական մեծամասնությունն այսօր ոչ թե դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ է բաշխման օրինաչափությանը և կառուցվածքին: Այդ նպատակով այժմ բոլոր խմբակցությունների հետ քննարկումներ են անցկացնում:

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման սկսված գործընթացը օրինաչափ է և կարևոր, եթե ուզում ենք ունենալ նոր մարտահրավերներին դիմակայելու մասնագիտական մեծ ներուժ, ինչն էլ հիմնական դրդապատճառն է  աշխատավարձերի ավելացման: Այն կապահովի 1771 աշխատակցի աշխատավարձի հավելում, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների բյուջեի համալրում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter