HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը ծնողների դժգոհությունն է առաջացրել

Այսօր առավոտյան ժամը 9-ին գործարկվել է առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգը։ Սակայն հերթագրելու փորձ արած ծնողներից շատերը չեն կարողացել իրենց երեխաներին գրանցել իրենց նախընտրած դպրոցում ՝ տեխնիկական պատճառներով։ Ֆեյսբուքյան օգտատեր Անուլ Խաչիկյանն, օրինակ, գրել է, որ համակարգն իր անձնական տվյալները չի ճանաչել, այդ պատճառով չի կարողացել երեխային գրանցել նախընտրած դպրոցում։

«Հետք»-ի հետ զրույցում ծնողը նշեց, որ առավոտվա 9-ից փորձում է մուտք գործել եւ երեխային գրանցել Խ. Աբովյանի անվան դպրոցում։ «Անընդհատ տարբեր պատճառաբանություններով չէր ճանաչում տվյալները։ Մեկ ասվում էր, որ բազայում մայրիկի անուն-ազգանունը չկա, մեկ՝ երեխայի տարիքը չի համապատասխանում։ Էսպես երևի մոտ 40 րոպե: Մինչև հաստատեց տվյալները, արդեն տեղերը սպառված էին»,- նշեց Անուլ Խաչատրյանը։ Օգտատերը պնդեց նաեւ, որ նախապես 2 օր առաջ ստուգել էր իրենց անձնական տվյալները, ու ամեն ինչ կարգին է եղել։

Իրավաբան Նինա Կարապետյանցը եւս իր դժգոհությունն էր հայտնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նա եւս չի կարողացել երեխային գրանցել իր ընտրած դպրոցում, քանի որ համակարգը չի ճանաչել անձնական տվյալները։

«Ես մուտքագրեցի իմ երկու տվյալները, համակարգը տեղեկացրեց, որ իմ ու երեխայիս միջեւ կապը չի հայտնաբերում։ Ապշած եմ, մանավանդ իմանալով, որ քո երեխան է եւ դրա համար ունես անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Համակարգը կանգնել է, հիմա արդեն իմ նախընտրած դպրոցում, որտեղ իմ մյուս երեխան է սովորել, տեղերը լրացել են, իսկ ես չգիտեմ՝ իմ հայտը ընդունվել է, թե ոչ»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ այս համակարգի ստեղծումը յուրաքանչյուր ծնողի էլեկտրոնային եղանակով իր երեխային գրանցելու հնարավորություն է տալիս, իսկ  նպատակն է մրցակցային հավասար պայմանների, թափանցիկության ապահովումը։ Այս մասին հայտնել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

Մենք զրուցեցինք ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի հետ: Նա նշեց, որ այս պահին ԿՏԱԿ-ը փորձում է լուծել առաջացած խնդիրը։ Իսկ այն ծնողներին, ովքեր տեխնիկական պատճառներով չեն հասցրել գրանցել իրենց երեխաներին նախընտրած դպրոցում, Արթուր Բաղդասարյանը խորհուրդ է տալիս ընտրել մոտակա այլ դպրոցներ։ Ըստ նրա՝ ծնողը նախապես պետք է ստուգեր երեխա-ծնող կապը stugum.emis.am կայքի միջոցով։ «Մենք մինչեւ համակարգի մեկնարկը հայտարարել էինք, որ ստուգեն այս համակարգով երեխայի եւ ծնողի հանրային ծառայության համարանիշների միջեւ կապը, եթե չի ստուգել, դա այլ հարց է»,- նշեց Արթուր Բաղդասարյանը։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում եւս նշեց, որ երեխա-ծնող կապի ստուգումը պետք է իրականացվեր նախապես։

Ֆեյսբուքյան օգտատեր ծնողները նաեւ բողոքում էին, որ գրանցելուց հետո իրենց էլեկտրոնային փոստին հաղորդագրություն չեն ստացել, կամ գրանցումը չի իրականացվում, քանի որ երեխայի վեց տարեկանը լրանալու է դպրոց ընդունվելուց հետո։  Ըստ Արտակ Պողոսյանի՝  էլեկտրոնային հաղորդագրության հետ կապված խնդիր չկա, քանի որ մի մասը սխալ է նշել էլեկտրոնային փոստի հասցեն։ «Եթե նշվել է, որ երեխան գրանցված է եւ ձեզ կուղարկվի էլեկտրոնային հաղորդագրություն, նշանակում է, որ անհանգստանալու խնդիր չկա»,- հավելեց Պողոսյանը։ Իսկ այն հարցին ի պատասխան, թե ինչու երեխա-ծնող կապը չի հայտնաբերվել, Արտակ Պողոսյանն ասաց, որ 2013-ին ծնված երեխաների թվայնացված ծննդյան վկայականների խնդիր է եղել, որի մասին նախապես հայտնել են եւ խնդրել ծնողներին ստուգել տվյալները։

«Իրենք նախապես չեն մտել եւ առավոտյան հանդիպել են այս խնդրին, որ ծնող-երեխա կապը չի հայտնաբերվում։ Նշվում է, որ խնդիրը կկարգավորվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց օպերատիվ սկսել ենք լուծել հարցը, եւ այդ կապերը ապահովել ենք»,- հավելեց Պողոսյանը:

Ըստ ԿՏԱԿ-ի տնօրենի՝ իրենք հետեւում են եւ փորձում օպերատիվ արձագանքել առաջացած խնդիրներին։

 

 

Մեկնաբանություններ (1)

Վահրամ
Բարև ձեզ։ Իմ երեխան սովորում է 89 դպրոցում, երբ 10 ի կողմերը մտա գրանցելու արդեն տեղերը լրացել էին, ոնց կարան երեխաները տարբեր դպրոցներ գնան, ով պետքա տանի եթե ծնողները աշխատում են, ես զինաշխատող եմ,օրերով տանը չեմ լինում։ ՊՆ նախարարությունը եղբորը տանում է ծառայող եղբոր մոտ, իսկ իրար հետ սովորել ուզող երեխաներին արգելում են նույն դպրոցում սովորել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter