HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Լին Թրեյսիի ելույթը Հայ-ամերիկյան առևտրային պալատում

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առևտրային պալատում, որը ներկայացնում ենք ստորև. 

«Ինձ համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգները Հայաստանում: Այստեղ գտնվելու իմ առաջին 2.5 ամիսները շատ հագեցած են եղել: Կարծում եմ՝ արդեն ծանոթացել եմ բոլոր նախարարների հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության ու խորհրդարանի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Նաև հանդիպել եմ քաղաքացիական հասարակության խմբերի, ուսանողների, ինչպես նաև ՀԱԱՊ անդամների հետ: Այս հանդիպումներն ինձ օգնեցին, նախ և առաջ, պատկերացում կազմել, թե ինչ անհավատալի լայն ընդգրկում ունեն մեր երկկողմ հարաբերությունները:

Հենց անցած շաբաթ մեր երկու կառավարությունները Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում վերահաստատեցին մեր հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում էին պաշտոնատար անձինք ԱՄՆ ՄԶԳ-ից, Առևտրի դեպարտամենտից և Պետքարտուղա­րության մի շարք բյուրոներից: Մեր քննարկումների թիրախում հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերն էին՝ սկսած գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունից մինչև փոխադարձ բարեկեցություն և իրավապահ համագործակցությունից մինչև աջակցություն ժողովրդավարական բարեփոխումներին: Օրակարգը դրական էր, ուշադրության կենտրոնում էին հնարավորությունները, սակայն անդրադարձ եղավ նաև մարտահրավերներին:

Ռազմավարական երկխոսությունից հետո ստորագրվեցին 16 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցության համաձայնագրեր, ինչպես նաև մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ-ի մի նոր նախաձեռնություն, որն աջակցում է հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Այդ նախաձեռնության շրջանակում շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով կնախանշվեն ծրագրային մանրամասները, իսկ եթե ընդհանուր գծերով ներկայացնենք այն, ապա մենք նախատեսում ենք տեխնիկական օժանդակություն կառավարությանը համայնքների զարգացումն ու տնտեսական ակտիվությունը խթանելու, փոքրամասշտաբ ենթակառուցվածքային նախաձեռնություններ իրականացնելու և ծառայությունների մատուցումը բարելավելու և հայաստանյան բարեփոխումների շուրջ իրազեկման արշավները ամրապնդելու հարցերում:

Բայց սա դեռ բոլորը չէ: Անցած շաբաթվա երկխոսության ընթացքում նաև բացվեց Արդարադատության ակադեմիայի Հայ-ամերիկյան բարեկամության թևը, ինչը փաստում է Հայաստանում թափանցիկ, արդարացի և անկախ քրեական արդարադատության համակարգի զարգացմանն աջակցելուն ուղղված մեր հանձնառությունը: Մենք նաև ընդլայնում ենք անգլերենի ուսուցման ծրագրերն աշակերտների, ուսանողների և դասավանդողների համար և նաև պայմանավորվեցինք հայաստանյան բուհերից մեկում ամերիկագիտության մագիստրոսական ծրագիր հիմնել:

Ես շատ գոհ եմ անցած շաբաթ մեր պատվիրակությունների արդյունավետ ու շիտակ քննարկումներից և հպարտ եմ, որ մեր երկխոսության արդյունքում գրանցվեցին շոշափելի արդյունքներ: Իսկ հիմա հարցն այն է, թե ինչպես կնյութականացնենք այդ երկխոսությունը: Հայաստան ժամանելուց ի վեր ինձ հաճախ են հարցնում իմ պլանների մասին և թե որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ինչ ձեռքբերումներ եմ ցանկանում արձանագրել: Հակիրճ պատասխանը հետևյալն է.

Աշխատանքի բերումով ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգների շահերը Հայաստանում և ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացմանն աջակցելը բխում է մեր շահերից:

Միացյալ Նահանգներն ըստ էության աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և հաստատություններին վերջին 27 տարիների ընթացքում, այսինքն` այն պահից, երբ մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ առաջնահերթությունը մշտապես առկա էր: Ի՞նչն է փոխվել. փոխվել է հենց Հայաստանը: Կարիք չկա նշել, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում: Անցած գարնան զարգացումներն էլ մեզ ցույց տվեցին, որ փոփոխությունները սկսվում և առաջ են մղվում երկրի քաղաքացիների կողմից: Անցած տարվա ապրիլին երկրի քաղաքացիներն էին հեղեղել փողոցները: Երկրի տարբեր մասերում ապրող քաղաքացիներն էին, որ ոտքի էին կանգնել և պահանջում էին իրացնել իրենց իրավունքը՝ ապրելու ազատ և ժողովրդավար երկրում, մի երկրում, որտեղ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և գործարար դաշտն ազատ, արդարացի և թափանցիկ կերպով աշխատում են միմյանց հետ՝ ապահովելու առավել բարեկեցիկ ապագա բոլորի համար: Թեպետ ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգներն առաջին օտարերկրյա պետությունն էր, որ անցած գարնան դեպքերից հետո ընտրական աջակցություն առաջարկեց Հայաստանին, սակայն Հայաստանի քաղաքացիներն էին, որ անցած տարվա դեկտեմբերին իրացրեցին իրենց ընտրական իրավունքն ազատ ու ժողովրդավարական ընտրություններում: Ես նախատեսում եմ այսուհետ ևս աջակցել Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման իրենց ընտրած ճանապարհին, որը զարկ կտա իրավունքի գերակայությանը և կպաշտպանի մարդկային արժանապատվությունը:

Վերջին մի քանի ամիսներին ես ավելի շատ լսողի դերում եմ եղել, որովհետև ցանկանում էի լսել Հայաստանի ժողովրդի ձայները և հասկանալ, թե ինչպիսի ապագա են ցանկանում կերտել: Ես ուզում էի ծանոթանալ Հայաստանի առաջնահերթություններին, որպեսզի կարողանայի հստակեցնել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է լավագույնս կապիտալիզացնել մեր ընդհանուր արժեքները՝ ապահովելու առաջընթացի փոխշահավետ ճանապարհ:

Ինձ հատկապես ոգևորում են կառավարության ջանքերն ուղղված կոռուպցիան արմատախիլ անելուն և թափանցիկությանը: Սա թույլ կտա խաղի հավասար պայմաններ ապահովել և ազդակ դառնալ միջազգային հանրության համար, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը և որը բաց է բիզնեսի համար: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների տիրույթում առկա մեծ ներուժը: Առավել ամուր առևտրային և ներդրումային հարաբերությունները կնպաստեն կայուն և ներառական տնտեսական աճի ապահովման մեր փոխադարձ ցանկությանը, թույլ կտան տնտեսական դիվերսիֆիկացման ավելի բարձր մակարդակի հասնել և կխթանեն նորարարությունն ու մրցակցությունը: Եվ իհարկե, գործարար տիրույթի առաջադեմ և դինամիկ մոտեցումներով առաջնորդներն ու ձեռներեցներն իրենց փորձառությամբ կօգնեն ապահովել ներքին տնտեսական աճ և կնպաստեն երկրի մրցունակությանը միջազգայնորեն:

Մենք կարող ենք մատնացույց անել վերջին շրջանում այս ուղղություններով տեղ գտած դրական զարգացումները: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նկատել ենք, որ հայկական շուկայի նկատմամբ ամերիկյան բիզնեսի կողմից կայուն հետարքրքություն է ցուցաբերվում հիդրոէներգետիկայի, ՏՏ, ֆինանսների, մանրածախ առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում:

Այս շարքում է Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումը «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից, որը հանդիսանում է 250 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:

Այս շարքում է նաև Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի կամ OPIC-ի աշխատանքը, որը վերջերս 20 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ երեք վարկ տրամադրեց «Առաջին հիփոթեքային» ընկերությանը, որն Հայաստանում գործող բնակարանների հիփոթեքային ֆինանսավորում իրականացնող առաջին մասնավոր ընկերությունն է: OPIC-ը նաև աջակցել է «Գազել ֆինանս» ներդրումային հիմնադրամի ընդլայնմանը, որը փոքր և աճի լավ տեմպեր ունեցող հայաստանյան ձեռնարկությունների համար ապահովում է խորհրդատվություն և բիզնեսի ընդլայնման ու աշխատատեղեր ստեղծելու համար անհրաժեշտ ֆինանսավորում:

Այնուամենայնիվ, մեր տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը: Վերջին տարիների Հայաստանի ամուր տնտեսական աճը, որը 2017թ. կազմել է 7%, իսկ 2018թ. 5%, ցույց է տալիս շարունակական վերընթաց աճի ներուժը, որը կարող է իրացվել կայուն տնտեսական գործունեության, ներդրումների և նորարարության համար նպաստավոր գործարար միջավայրի պարագայում: Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից արդարացի, կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորման ջանքերի շարունակմանը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության լուրջ բարեփոխումներին՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Մեր մասով կարող եմ ասել, որ ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի հետ բիզնեսի դյուրացմանն ուղղված աշխատանքներում, և կշարունակենք ներկայացնել այն լավագույնը, որ կարող են առաջարկել ամերիկյան ընկերությունները՝ առաջադեմ տեխնոլոգիաներ, հավասարը չունեցող իմացություն և փորձ, բիզնես մշակույթի բարձրակարգ ստանդարտներ: Նոր ներդրումներ կատարելու համար Հայաստանը որպես նպատակակետ դիտարկող և այստեղ իրենց գործունեությունն ընդլայնել ցանկացող ամերիկյան ընկերությունների հետ մենք աշխատում ենք առօրյա կտրվածքով: Մեր առևտրային և ներդրումային հարաբերությունների խորացմանը զուգընթաց մենք կշարունակենք աջակցել նրանց՝ այստեղ նոր գործընկերներ գտնելու հարցում և, ըստ անհրաժեշտության, հանդես կգանք նրանց շահերի պաշտպանության դիրքերից:

Մեր երկու երկրների բազմաթիվ ընդհանրական արժեքներից մեկն էլ այն է, որ մենք կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուղղությամբ ներդրումներն ու նորարարությունը՝ որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ: Հայաստանն աշխարհում առանձնանում է իր մարդկային կապիտալի պաշարներով: Բազմաթիվ ուղղություններում հայերը հայտնի են որպես նորարարներ ու գաղափարակիրներ: Անշուշտ, այս գնահատելի դիրքը պահպանելու համար մշտական ջանքեր ու ուշադրություն է անհրաժեշտ, և ես վստահ եմ, որ Հայաստանում դրա հստակ գիտակցումը կա:

Վերջերս ես առաջին անգամ մասնակցեցի հեքաթոնի՝ ուշագրավ ու նորարարական մոտեցում, որը հնարավորություն է տալիս երիտասարդների ներգրավմամբ գեներացնել երկրում առկա հրատապ խնդիրների տեխնոլոգիական լուծումներ: Ինձ համար դա տեխնոլոգիաների նորարարական կիրառման միջոցով կառավարման թափանցիկության, հաշվետվողականության ու արդյունավետության բարելավման ուղղությամբ կառավարության, քաղաքացիական հասարակության և երիտասարդների կառուցողական աշխատանքի կատարյալ օրինակ է: Հպարտ էի, որ ԱՄՆ դեսպանությունն աջակցում էր այս նախաձեռնությանը և հաղթողները կարող էին ստանալ փոքր դրամական օգնություն հեքաթոնի ընթացքում մշակած իրենց նախագիծն իրականացնելու համար: Խմբերից մեկը մշակել էր ոռոգման համակարգերը բարելավելու էլեկտրոնային մի մեխանիզմ, որը կարող է նպաստել ջրային սուղ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը գյուղատնտեսության ոլորտում, որն Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկն է: Կրկին ուզում եմ նշել, որ բարեփոխումները կառավարությունը չի կարող միայնակ իրագործել, և ժողովրդավարական հասարակարգում անհրաժեշտ է ժողովրդի օգնությունը: Դրա համար անհրաժեշտ է կենսունակ ու ամուր գործընկերություն հասարակության բոլոր օղակների միջև:

Մի բան, որ ես մշտապես լսում եմ տնտեսության մասին այստեղ՝ Հայաստանում, այն է, որ Հայաստանի ընդհանուր տնտեսական հաջողության համար անչափ կարևոր է տնտեսական զարգացումը Երևանից դուրս՝ մարզերում: Ես հավատում եմ դրան: Ես արդեն առիթ եմ ունեցել հանդիպել մարդկանց՝ երկրի տարբեր վայրերից, որոնք բոլորն էլ ունեն նորարարական գաղափարներ ու շահագրգռված են ու պատրաստ իրենց նպաստը բերել երկրի բարեկեցությանը, և այդ շահագրգռվածությունը պետք է սնել: Հատկապես, երբ այս հավակնությունները հայտնում են երիտասարդները, ովքեր երկրի ապագան են: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք մնան Հայաստանում և կարողանան իրագործել իրենց երազանքները:

Վերջերս Գյումրի կատարած այցի ընթացքում հանդիպեցի մի երիտասարդ կնոջ, ով հենց այդ ամենի մարմնավորումն է: Գայանե Ղանդիլյանը ծրագրային ապահովումներ մշակող «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության օպերացիոն տնօրենն է և նրա աշխատանքը միտված է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը: Նա նաև ուղղակիորեն աշխատում է Գյումրին տաղանդաշատ կադրերի համար գրավիչ դարձնելու մարտահրավերը հաղթահարելու շուրջ: Դեսպանատունը պատրաստ է աջակցել տ-ն Ղանդիլյանի նման առաջնորդներին, ովքեր իրենց ջանքերն են ներդնում տնտեսական առողջացման և զարգացման ուղղությամբ Գյումրում և Հայաստանի մարզերում: Կարևոր է նաև, որ պետական կառավարման տեղական և կենտրոնական օղակները ևս ձևավորեն այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ տաղանդաշատ կադրերը չեն հեռանա մարզերից: Ամոթալի կլինի, եթե ամբողջ երկրի բնակիչների ահռելի տաղանդն ու հնարավոր ներդրումներն անտեսվեն:

Միացյալ Նահանգները Հայաստանի մարզերի զարգացմանն աջակցում է օժանդակության ծրագրերի միջոցով: Հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրերն օգնում են երկրի կայացմանը՝ որպես ինքնիշխան ու ժողովրդավար պետություն:

1992թ. ի վեր Միացյալ Նահանգները տրամադրել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ մարդկանց կենսամակարդակի բարելավման և ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման ջանքերին աջակցելու նպատակով:

2018թ. Միացյալ Նահանգների կողմից հատկացվել է 26.7 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն սա չի ներկայացնում ամբողջական պատկերը, քանի որ մեր աջակցության ծրագրերից շատերը բազմամյա ծրագրեր են: Այս պահին Հայաստանում ունեցած մեր ակտիվ դրամաշնորհների ու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 66 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս թվերը նշելուց հետո կուզենայի պարզաբանել, թե ինչ է արվում այդ միջոցներով: Նպատակը Հայաստանի կողմից առաջնորդվող բարեփոխումների ու նախաձեռնությունների միջոցով առավել մասնակցային, բարեկեցիկ և լավ կառավարվող հասարակության ձևավորումն է: Այս աջակցության 50 տոկոսն իրականացվում է ՀՀ կառավարության և տեղական կազմակերպությունների միջոցով: Այս ռազմավարության շնորհիվ ծրագրերը ծախսային առումով առավել արդյունավետ են, ավելի կայուն և ավելի նպատակային տեղի բնակչության համար, քանի որ դրանց սկիզբը դրվում է տեղում: Այս աջակցության արդյունքը չի սահմանափակվում է միայն ծրագրերի ուղղակի շահառուներով. Դրանք կատալիզատոր են հանդիսանում հավելյալ ներդրումների համար՝ խթանելով ներառական ու կայուն տնտեսական զարգացումը և ստեղծելով առավել պայծառ ապագա Հայաստանի ժողովրդի համար:

Օրինակ՝ վերջերս առիթ ունեցա մասնակցել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղի տնտեսական զարգացում. Նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի մեկնարկին, որը կաջակցի Հայաստանի կարևորագույն նշանակություն ունեցող գյուղատնտեսական ոլորտին՝ օգնելով գյուղական բնակավայրերում գործող բիզնեսի աշխատանքի բարելավմանը և նրանց կողմից որակի ստանդարտների ապահովմանը: Ծրագիրն առաջիկա 5 տարիների ընթացքում կաջակցի Հայաստանի առնվազն 60 գյուղական բնակավայրերում գործող ամենաքիչը 100 բիզնեսի՝ ստեղծելով տնտեսական հնարավորություններ Հայաստանով մեկ:

Սա մեր երկկողմ հարաբերությունների բազմաթիվ դրական արդյունքներից մեկն է միայն: Ինչպես ցանկացած հարաբերության դեպքում, բոլոր հարցերի շուրջ չէ, որ մենք համամիտ ենք, սակայն դա նորմալ է: Կարևորն այն է, որ կան հաղորդակցության բաց ուղիներ բոլոր հարցերի, անգամ ամենախնդրահարույց հարցերի շուրջ: Եվ մենք խոսում ենք այդ հարցերի շուրջ: Բարեկամների միջև բաց և անկեղծ երկխոսությունը փաստում է, որ մեր հարաբերությունները շարունակում են առաջընթաց ապրել:

Առաջընթացը, մեր ընկալմամբ, նշանակում է Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ամրապնդում, որն իր հետ կբերի տնտեսական զարգացում և հնարավորություններ, ինչն էլ կապահովի Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ դրանով իսկ ապահովելով տարբերակներ ընտրելու ձեր ազատությունը, այդ թվում նաև՝ Արևմուտքի հետ հետագա ինտեգրման ճանապարհն ընտրելը:

Միջազգային հարթակներում Միացյալ Նահանգների հետ գործակցելու իր հանձնառությունը Հայաստանն արդեն տարբեր ձևերով ի ցույց է դրել: Օրինակ՝ մենք կարևորում ենք Հայաստանի աշխատանքը ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակում, այդ թվում՝ մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններում, ինչպիսին է Վճռական աջակցության առաքելությունն Աֆղանստանում: Հայաստանն ԱՄՆ Եվրոպական հրամանատարության վստահելի գործընկերն է Կոսովոյում տարածքաշրջանային կայունության խթանման հարցում: Հայաստանը նաև 15-ամյա ամուր գործընկերություն ունի ԱՄՆ Կանզաս նահանգի և Կանզասի ազգային գվարդիայի հետ, որի արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ արդյունավետ փոխանակումներ և որի արդյունքում առավել սերտ են դարձել կապերը մեր երկրների միջև:

Անշուշտ, ենք գիտակցում ենք, որ մեր հարաբերությունները վակուումային միջավայրում չեն: Մենք հասկանում և արժևորում ենք Հայաստանի երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը: Հայաստանը որպես ինքնիշխան, ժողովրդավար պետություն դրանց ընտրությունը կատարում է իր սեփական ազգային շահերի հիման վրա: Մենք նաև գիտակցում ենք, որ աշխարհագրական ու պատմական իրողություններից ելնելով Հայաստանն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ: Սակայն կարծում եմ, որ Հայաստանում շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող ետ պահել և ետ չեն պահում Հայաստանին Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ հնարավոր գործընկերների հետ ամուր ու փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց: Ու թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով դուք կապված եք Արևմուտքին: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում: Արտաքին հարաբերություններում խաղացողներից մեկի առավելությունը չի նշանակում մյուսի պարտություն:  

Մինչ փորձում ենք մեր եվրոպական դաշնակիցների հետ ամրապնդել համակարգումն ու համագործակցությունը, նույն կերպ կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Մինսկի խմբի գործընթացն այսօր առավել քան երբևէ ոգևորիչ է: Ճանապարհը երկար է եղել, դյուրին լուծումներ չկան, սակայն վերջին ամիսների դեպքերն ինձ թույլ են տալիս հավատալ, որ առաջընթացը հնարավոր է: Կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումները, լարվածության կրճատումը, հետագա քայլերի վերաբերյալ համաձայնությունը և երկախոսությունը շարունակելու հանձնառությունը մատնացույց են անում, որ առաջընթացը հնարավորի տիրույթից դուրս չէ: Եվ Հայաստանում, հատկապես՝ երիտասարդներից, ես լսում եմ, որ նրանք պատրաստ են առաջընթացի:

Հայաստանի այս սերնդի խանդավառության ու մեծ ներուժի շնորհիվ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել երիտասարդներին ուղղված ներդրումները: Ձեզնից ոմանք գուցե տեսել են իմ տեսաուղերձը հայ ժողովրդին, որտեղ նշում էի ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունները: Տեսանյութի սկզբում ես ծանոթանում եմ Եվայի հետ, ով մասնակցել է ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված Ապագա առաջնորդների FLEX կրթական փոխանակման ծրագրին: Եվան կատարյալ օրինակ է ցույց տալու, թե ինչու են նման ծրագրերը կարևոր և ինչու ենք մենք ներդրում կատարում Հայաստանի մարդկային կապիտալում: Եվան Հայաստանի նվիրյալ քաղաքացի է, հպարտ է, որ վերադարձել է Հայաստան և, ԱՄՆ-ում ձեռք բերած իր փորձն ու գիտելիքներն օգտագործելով, փորձում է ավելի լավը լինել ու հնարավորություններ ստեղծել մյուսների համար: Դեսպանությունը կշարունակի ֆինանսավորել նմանօրինակ ծրագրեր, որոնք ընդլայնում են մտահորիզոնը և Միացյալ Նահանգներում ձեռք բերած փորձի միջոցով զարգացնում մարդկային ներուժը:

Ինչպես ավելի վաղ նշել էի, ուրախալի է, որ Հայաստանում հասարակության մեջ կա շահագրգռվածություն, մոտիվացիա շարունակել ու առաջ տանել փոփոխությունները, այդ մղումն առկա է: Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում ես արդեն հասցրել եմ հասկանալ, որ մարդիկ այստեղ պատրաստ են ջանք ներդնել իրենց ապագան բարելավելու հարցում: Նրանք արդեն գիտեն, որ փոփոխությունը սկսվում է հենց իրենցից: Անցած տարվա ժողովրդավարական ձեռքբերումների նյութականացումն այժմ կախված է Հայաստանի ժողովրդից: Իսկ ես հավատացնում եմ ձեզ, որ մինչ Հայաստանը շարունակում է առաջ շարժվել, զարգացնել իր ժողովրդավարությունը, ամրապնդել իր տնտեսությունը և ձևավորել խաղաղության ու բարեկեցության համար անհրաժեշտ տիրույթը, Միացյալ Նահանգներն այստեղ է աջակցելու ձեզ՝ որպես բարեկամ և գործընկեր»:

լուսանկարը՝ shantnews.am-ի

Մեկնաբանություններ (1)

Ara Manoogian
It's time for us to learn our history. Once we do that, then we can ask the U.S. embassy in Armenia to scale back their activities, keeping their methods of promoting their form of sovereignty and democracy to themselves. The one service they can add is paying the Armenian people reparations for their regime change war they covertly supported in the name of sovereignty and democracy when they brought Mustafa Kemal to power in 1923 and in return, the U.S. was awarded the Chester Concessions, which in today's money would be worth at least $1.5 trillion dollars. The U.S. has to reconcile with Armenia. You can read documents yourself on this subject in a book we recently released that can be found at: https://www.facebook.com/groups/Betrayal1915/permalink/2172112086175726/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter