HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի գործով նիստին հրապարակվեցին հատվածներ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի ցուցմունքներից

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին նրա պաշտպան Հայկ Ալումյանը հրապարակեց հատվածներ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալներ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ցուցմունքներից:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ զինված ուժերը որևէ կերպ չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգուկանոն, և վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում՝ Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից լինեն սադրիչ գործողություններ: Իմ հիշելով՝ նախագահը նաև նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ պաշտպանության նախարարի տեղակալ է, թե՞ քաղաքական գործիչ: Ես ենթադրում եմ, որ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին՝ Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածության հետ: Ինքը՝ Մանվել Գրիգորյանը, ներկա է եղել խորհրդակցությանը, թե ոչ, չեմ հիշում»,- Գևորգյանի ցուցմունքից հատված մեջբերեց Հայկ Ալումյանը:

Գևորգյանը չի հիշել արտակարգ դրություն հայտարարելու և բանակն օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի որևէ հայտարարություն, ուստի այդ հարցի շուրջ ոչինչ չի պատմել:

Պաշտպանության նախկին նախարար, 2008-ին Գլխավոր շտաբի պետ եղած Սեյրան Օհանյանը նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ի խորհրդակցության ընթացքում քննարկվել է զինված ուժերի մարտունակության խնդիրը, քանի որ անհրաժեշտություն կար զինված ուժերի զգոնության բարձրացման և հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների ու ոտնձգությունների հետմղման:

«Բոլոր հրահանգները եղել են զինված ուժերի մարտունակության և զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաև պաշտպանության նախարարը՝ զինված ուժերի ղեկավարությանը և նրանց ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին»,- իր ցուցմունքում նշել է Սեյրան Օհանյանը:

Այսօր նիստն ավարտվեց, այն կշարունակվի վաղը՝ մայիսի 16-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter