HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալիկ Միրզաբեկյանը հիշել է, որ 2008-ին զորքեր են բերվել Երևան, Մովսես Հակոբյանը պատմել է, թե ինչ է հանձնարարել Քոչարյանը Լևոն Երանոսյանին

«Մարտի 1-ի» գործի շրջանակներում հարցաքննվել են 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Միրզաբեկյանը և այժմ Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը:

Քոչարյանի վերաբերյալ դատական նիստի ընթացքում նրա պաշտպան Հայկ Ալումյանը, ի թիվս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքների, հրապարակեց նաև հատվածներ Հակոբյանի և Միրզաբեկյանի ցուցմունքներից:

Նրանք երկուսն էլ հարցաքննվել են վկայի կարգավիճակով, Ալիկ Միրզաբեկյանը ևս հիշել է Մանվել Գրիգորյանի՝ ընդդիմության կողմն անցնելու վերաբերյալ խոսակցությունն ու Քոչարյանի մտահոգությունը, ասել է, որ փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից այլ բան չի հիշում:

«Դրանից հետո հիշում եմ, որ հաջորդող օրերին զորքեր էին բերում Երևան: Մարտիմեկյան իրադարձությունների մասին լսել եմ լուրերից, հեռուստացույցից: Հիշում եմ, որ 0038 հրամանին, որը շահարկվում է այժմ մամուլում, ես չեմ ծանոթացել, չեմ կարող հայտնել, թե ինչու: Հիշում եմ նաև, որ մարտի 1-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն, քանի որ ես որևէ հարցում ներգրավված չեմ եղել և իմ ենթակա ստորաբաժանումները որևէ գործողության չեն խառնվել»,- ասել է Միրզաբեկյանը:

Մովսես Հակոբյանը ևս մասնակցել է փետրվարի 23-ին նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությանը: Հակոբյանը հիշել է, որ, բացի Մանվել Գրիգորյանից, քննարկվել է նաև պաշտպանության նախարարի մյուս տեղակալ Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

«Նախագահ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա և նրան ասաց, թե այդ ի՞նչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի: Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերն հավաքի ու ... լինի իր տանը: Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից: Ընդհանուր խորհրդակցության իմաստն, իմ պատկերացմամբ, կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ ողջ զինված ուժերի անձնակազմն անմիջապես իրենից լսեն, թե ինչպես է պատժելու այն զինվորականներին, ովքեր կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին»,- Հակոբյանի ցուցմունքը մեջբերեց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ այն դատարանները, որոնք մինչև հիմա քննել են Քոչարյանի կալանքի հարցը, չեն իմացել այս ցուցմունքների գոյության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter