
Լրագրողները բոյկոտեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստն ու տեղափոխվեցին այն հատված, որտեղ դատավարությունն է
Լրագրողները բոյկոտեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստը: Պատճառը դատարանի դահլիճում ձայնի հետ կապված տեխնիկական խնդիրներն էին:
Այսօր՝ ժամը 11:00-ից սկսած դատական նիստի ընթացքում Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում էր հայտնում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, սակայն ապակեպատ դահլիճի ապակիներից այն կողմ նրա, ինչպես նաև դատավարության մյուս մասնակիցների ձայները լսելի չէին: Դատարանը փորձում էր միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար, ինչը, սակայն, չստացվեց, ուստի լրագրողները լքեցին նիստերի դահլիճը:
Նիստն ընդմիջվեց՝ տեխնիկական խնդիրը լուծելու համար: Րոպեներ անց դատական կարգադրիչները դատարանի միջանցքում գտնվող լրագրողներին հայտնեցին, որ կարող են նիստը լուսաբանել դահլիճի այն հատվածից, որտեղ դատավարության մասնակիցներն են:
Լրագրողների խնդիրն, ըստ էության, լուծվեց, սակայն ապակիներից այն կողմ «իրավիճակ չի փոխվել», այնտեղ գտնվող քաղաքացիների համար դատական նիստում կատարվողը գրեթե լսելի չէ:
Այս պահին Արամ Օրբելյանը ներկայացնում է խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշումը:
Մեկնաբանել