HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային խորհրդի անդամները հանդիպել են առողջապահության նախարարի հետ

Հանրային խորհուրդը երեկ հյուրընկալել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Խորհուրդի հաղորդագրության համաձայն՝ շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտի գրեթե բոլոր կարևոր խնդիրներին ու ծրագրերին։

Արսեն Թորոսյանն, անդրադառնալով նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, նշել է, որ իրենց առաջնահերթությունները խարսխված են 3 հիմնական ուղղությունների վրա՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, ուռուցքաբանություն, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում։

Նախարարը պարզաբանել է Հանրային խորհրդի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Լևոն Գրիգորյանի կողմից նախապես իրեն ներկայացված հարցերը, որոնք քննարկվել են հանձնաժողովում՝ բուժծառայությունների որակի վերահսկման նպատակով միասնական բուժօգնության համակարգի ներդրում, Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրում, հակածխախոտային կտրուկ միջոցների հնարավոր բացասական ազդեցություն բիզնեսի և տնտեսության վրա, մարզերի բուժհիմնարկներին անհրաժեշտ կադրերով ու տեխնիկայով ապահովում և այլն։

Անդրադառնալով համընդհանուր ապահովագրության անցնելու ծրագրին՝ նախարարը հույս է հայտնել, որ այն իրականություն կդառնա 2021 թվականից։

Բուռն քննարկում է ծավալվել հատկապես հակածխախոտային քաղաքականության և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների շուրջ։ Արսեն Թորոսյանը հայտնել է, որ իրենց առաջարկած միջոցառումները հիմնված են կոնկրետ փաստերի և ցուցանիշների վրա։ Նա վստահ է, որ դրանք ոչ միայն առողջապահական առումով են դրական մեծ ազդեցություն թողնելու, այլև տնտեսական։

«Մենք այսօր անում ենք քայլեր, որոնց արդյունքները շատ դեպքերում տեսանելի են լինելու 10-15 տարի անց, բայց այդ քայլերը պետք է արվեն այսօր»,- շեշտել է նախարարը՝ հավելելով, որ ամենակարևոր խնդիրներից մեկը հասարակության շրջանում առողջ ապրելակերպի մշակույթ ձևավորելն է։

Անդրադառնալով պատվաստումների խնդիրներին՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ իմունիզացիան կոլեկտիվ պաշտպանություն է, և Հայաստանի փորձն այս առումով հաջողված է։

«Մենք լուրջ ծածկույթ ունենք, և ես չեմ ուզում, որ մեր հաջողված ծրագիրը դրվի վտանգի տակ։ Պետք է միջոցներ կիրառել հակապատվաստումային քարոզչության դեմ»,- ասել է նա՝ իբրև օրինակ բերելով հարևան Վրաստանում բռնկված կարմրուկի համաճարակը, որը ազդեցություն չի թողել Հայաստանի վրա հենց պատվաստումների շնորհիվ, իսկ վրացի գործընկերներին իրենք են օգնության հասել։

Նախարարը կարևորել է խորհրդի բարձրացրած հարցերը՝ կապված շրջակա միջավայրի աղտոտվածության հետ (ծանր մետաղներ, թունավոր արտանետումներ, աղմուկ և այլն)։

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք նախարարության ռազմավարություններն ու քաղաքականությունը համապատասխանեցված է «Կայուն զարգացման 2030 օրակարգին»՝ նախարարը դրական է արձագանքել՝ նշելով, որ այս պահին միջազգային կառույցների հետ աշխատանքներ են տարվում հստակեցնելու մեթոդաբանությունը, որով ուսումնասիրություններ կկատարվեն Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ։ Նախախարի խոսքով՝ այսօր արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ աղտոտված օդի հետևանքով ավելի շատ մարդ է մահանում, քան ծխախոտի։

Հանրային խորհրդի անդամներն անդրադարձել են նաև առողջապահության համակարգի կադրային քաղաքականության հարցերին, սննդի և դեղորայքի վերահսկողությանը, պետպատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայություններին, բժիշկների լիցենզավորման, առողջապահական ծրագրերի իրազեկման խնդիրներին և այլն։

Հանրային խորհրդի որոշ անդամներ նաև ներկայացրել են կոնկրետ առաջարկներ, որոնք վերաբերում են ոլորտի կարճաժամկետ ռիսկերի գնահատման և կառավարման կենտրոնի հիմնադրմանը, հեռախորհրդատվական բժշկական ծառայության ստեղծմանը, Սումգայիթյան ջարդերից տուժածներին պետպատվերի շրջանակում բժշկական ծառայությունների տրամադրմանը և այլն։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել առաջարկներն առանձին քննարկել։

Վազգեն Մանուկյանը նշել է, որ հանդիպման ընթացքում բարձրացված որոշ հարցերի վերաբերյալ Հանրային խորհուրդը կկազմակերպի առանձին քննարկումներ ոլորտի մասնագետների հետ և իր դիրքորոշումն ու առաջարկները կներկայացնինախարարությանը: 

Շնորհակալություն հայտնելով Արսեն Թորոսյանին՝ նա հույս է հայտնել, որ նախարարության հետ Հանրային խորհրդի համագործակցությունն արդյունավետ կլինի։

Նախարարն իր հերթին բարձր է գնահատել հանդիպումը՝ ընդգծելով, որ այն բարձրացրած հարցերի առումով պրոֆեսիոնալ էր և կառուցողական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter