HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը. ինչ կարժենա դա բյուջեի համար

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում են ներկայում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 55 հազար դրամ շեմը բարձրացնել 10 հազար դրամով։ Նախագծի մասին հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև՝ այն կարելի է տեսնել Ազգային ժողովի պաշտոնական կայքում։

Այս նախագծով առաջարկվում է նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել ՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 390 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 435 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 650 դրամ:

««Իմ քայլը» դաշինքի նախընտրական մեծաթիվ հանդիպումների ընթացքում, որոնք տեղի էին ունենում համայնքային կազմակերպությունների՝ նախադպրոցական հաստատությունների, գրադարանների, սոցիալական ծառայություններ մատուցող ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ, բազմիցս արծարծվել է ցածր աշխատավարձի խնդիրը: Նրանցից շատերը՝ ՀՈԱԿ-ների, գրադարանների, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները չեն օգտվում սոցիալական փաթեթից:

Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսամակարդակը և կյանքի որակը երկրի գլխավոր նկարագրերից են: Նշված չափանիշները մեծապես կախված են երկրում առկա աշխատավարձերի մակարդակից:

Տնտեսական ցնցումներից առավել անպաշտպան է աշխատողների այն հատվածը, որը վարձատրվում է պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ մեր պարագայում 55 հազար դրամ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում են մի շարք գործոններով, օրինակ՝ այն հանգամանքով, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին և սպառողական գների ինդեքսի աճին: «Ներկայումս առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները: Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին: Հարկ է նշել, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաև Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին և սպառողական գների ինդեքսի աճին: Այսպիսով, ստանալով 55 հազար դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատևելու խնդիրը»,- հիմնավորման մեջ նշել են պատգամավորները:

Մյուս հանգամանքը, որի վրա նրանք ուշադրություն են դարձրել, այն է, որ Հայաստանի աշխատուժի շուկայում և սոցիալ-տնտեսական ոլորտում աշխատանք ունեցողների շուրջ 20 %-ն աղքատ է:

Խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է փոփոխել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը: Մասնավորապես, ինչպես նշվեց, նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել մինչև 65 հազար դրամ: Եվ աշխատաժամանակի նորմալ՝ 40 ժամ շաբաթում, և կրճատ՝ 36 և 24 ժամ տևողության դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել համապատասխանաբար 390 դրամ, 435 դրամ և 650 դրամ:

Փոփոխությունները կպահանջեն տարեկան 4.86 մլրդ դրամ, որից 1.1 մլրդ դրամը՝ բյուջեից

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքի, որի մասին նշված է նախագծում, 2019 թվականի մարտի դրությամբ Հայաստանում 84 416 դրամ (ներառյալ հարկերը, եկամտային հարկը հանած՝ 65 հազար դրամ) աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը 45 950 է, որից պետական ապարատում աշխատողներինը՝ 8 409, ՀՈԱԿ-ներում՝ 6 017: Նախագծի ընդունման արդյունքում նշված մարդկանց աշխատավարձը կբարձրանա միջինը 7800 դրամով։ Ըստ նախագծի հեղինակների հաշվարկների՝ այս փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի  տարեկան շուրջ 1.1 մլրդ դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից` 580 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր և պետական հատվածներում տարեկան կկազմեն շուրջ 4.86 մլրդ դրամ:

«Ինչպեսև ցանկացած տնտեսական բարեփոխում, սույն փոփոխությունները հղի են մի շարք հնարավոր վտանգներով. չձևակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ: Սակայն փոփոխությունների արդյունքում ծագած հնարավոր վտանգները մեծ ազդեցություն չեն ունենա տնտեսության վրա, քանզի ակնկալվող դրական տեղաշարժն ավելի էական է»,- համարում են նախագծի հեղինակները:

Ըստ նրանց՝ այս նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում նվազագույն աշխատավարձը կգերազանցի սպառողական զամբյուղի արժեքը՝ լուծելով սոցիալական կարևորագույն խնդիր: Ինչպես նաև՝ նվազագույն աշխատավարձի աճով կբարձրանա նաեւ միջին աշխատավարձը, նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն ավելի գնողունակ կդառնան, ինչը կհանգեցնի պահանջարկի աճի, որն էլ իր հերթին կբերի առաջարկի աճ: Կկրճատվի աշխատավարձերի ոլորտում մասնավոր և պետական հատվածների տարբերությունը: Ավելին վճարելու պատրաստակամության պարագայում գործատուն հնարավորություն կունենա աշխատանքի ընդունել ավելի բարձր որակավորմամբ մասնագետների: Կձևավորվի մրցակցություն նաև գործատուների միջև, որոնք կպայքարեն հմուտ կադրերի համար, այդ մրցակցության արդյունքում կաճեն աշխատավարձերը:

Ըստ նախագծի հեղինակների՝ լուծվելու է ներդրված ջանքի և ստացված աշխատավարձի համարժեքության խնդիրը:

Մի քանի հարցեր ՝ կապված  օրինագծի հետ

Նախագծում նաև մի քանի էական հարց է առաջադրված։ Օրինակ՝ արդյոք ներկայում 55 հազար դրամ վարձատրվող մարդկանց աշխատավարձը համարժեք չէ կատարած աշխատանքին: «Հիմա անգամ ֆիզիկական աշխատանքով զբաղված մարդկանց աշխատավարձը հաշվվում է միջինը 5000 դրամ օրական: Սա յուրօրինակ ցուցիչ է Հայաստանում ձևավորվող աշխատանք-վարձատրություն համակարգում: Կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձը աստիճանաբար պետք է բարձրանա մինչև ամսական 150 հազար դրամ մի քանի տարվա ընթացքում: Սա նաև կխթանի աշխատելու շարժառիթը և պատասխանատվությունը»,- համարում են նախագծի հեղինակները:

Մյուս հարցն է՝ արդյո՞ք մասնավոր հատվածի մրցունակությունը չի նվազի, եթե օրենքի ուժով ձեռնարկությունները ստիպված լինեն բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը 10 հազար դրամով: «Մասնավոր հատվածում նման ցածր աշխատավարձ վճարում են հիմնականում առևտրի ոլորտում կամ այլ ոլորտների տեխնիկական աշխատողներին: Մասամբ այս 55 հազար թվի տակ ներկայացվում է փաստաթղթերում ցածր ցույց տված աշխատավարձ: Իրականում աշխատավարձի մի մասը տրվում է ստվերով՝ կանխիկ ձևով: Նաև չեն վճարվում հարկերը: Կարծում ենք, օրինագիծը կնպաստի, որ ստվերից դուրս բերվի ավելի քան 30 հազար մարդու իրական աշխատավարձ: Այն ձեռնարկությունների համար, որոնք իրականում վճարում են 55 հազար դրամ աշխատավարձ, սա հնարավորություն է ավելի որակյալ անձնակազմ կամ ավելի որակյալ աշխատանք պահանջելու»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Եվ երրորդ հարցը՝ արդյո՞ք պետական բյուջեի կամ համայնքային բյուջեների վրա լրացուցիչ ծանրություն չի ընկնում։ «Ինչպես ասվեց վերևում, նախագծի ընդունման արդյունքում պետական և մասնավոր հատվածում աշխատավարձի բարձրացումը կկազմի շուրջ 4.86 մլրդ դրամ, որից որպես եկամտային հարկ պետական գանձարան կվերադառնա 1.1 մլրդ դրամ՝ ճիշտ այնքան գումար, որքան կկազմի պետական հատկացումը: Համայնքային բյուջեների հատկացումը կկազմի 580 մլն դրամ: Սա, իհարկե, լրացուցիչ ծախս է ՏԻՄ-երի համար, սակայն այս ծախսի միջոցով կբարձրանա ավելի քան 6 հազար մարդու աշխատանքի մոտիվացիան և մատուցվող ծառայությունների որակը»,- նշում են նախագծի հեղինակները:

Հավելենք, որ նվազագույն աշխատավարձի 55 հազար դրամ շեմը օրենքի ուժ է ստացել 2014 թվականի դեկտեմբերից, որից հետո այն չի բարձրացվել։ Նախագծի հիմնական զեկուցողը Վարազդատ Կարապետյանն է։ Նախագիծը դեռևս ընդգրկված չէ օրակարգում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter