HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է քաղաքացուն վճարել 140 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հերթական վճիռն է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Գայանե Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը որոշել է պարտավորեցնել Հայաստանին քաղաքացուն վճարել մոտ 140,000 եվրո գումար՝ պատճառված վնասի և ծախսերի փոխհատուցման համար։ Այն պետք է վճարվի երեք ամսվա ընթացքում:

Գործը վերաբերում է Երևան քաղաքի իրացման գոտում գտնվող անշարժ գույքին (Հյուսիսային պողոտայի մերձակա տարածք): Մասնավորապես, 2002թ. օգոստոսի 1-ին Կառավարությունը թիվ 1151-Ն որոշմամբ հաստատել էր Երևանի Կենտրոն համայնքի վարչական սահմաններում գտնվող օտարման գոտու անշարժ գույքի ցանկը, որը պետք է իրացվեր պետության կարիքների համար: Այն զբաղեցրել է ընդհանուր 345.000 քմ տարածք:

Գայանե Թադևոսյանն իրացման գոտում ունեցել է անշարժ գույք՝ հողամաս և շինություն: 2004թ. սեպտեմբերի 7-ին Գ. Թադևոսյանը գործակալության հետ կնքել է գույքի օտարման պայմանագիր: Բոլոր ծախսերն ու հատուցումները ներառյալ, վաճառքի վերջնական գինը կազմել է 394.479 դոլար, որից Թադևոսյանը ստացել է 355.031 դոլար, իսկ 39.447 դոլարը վճարվել է որպես շահութահարկ:

Ըստ վճռի՝ 2006թ. հունվարի 13-ին գլխավոր դատախազության հակակոռուպցիոն դեպարտամենտը քրեական գործ է հարուցել «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (ըստ ՄԻԵԴ վճռի` գործակալության) աշխատակիցների նկատմամբ` դիմողի գույքի շուկայական արժեքը դիտավորյալ բարձրացնելու մեղադրանքով: Գործի քննության ժամանակ գործակալության ղեկավարը պահանջել է, որ Գ. Թադևոսյանը վերադարձնի 180,000 դոլարը, հակառակ դեպքում նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել պետական ​​միջոցների յուրացման համար: 2006թ. փետրվարի 3-ին Գայանե Թադևոսյանը գործակալության հաշվին փոխանցել է 75.820.000 դրամ (մոտ 133.958 եվրո):

Դատախազի 2006թ. փետրվարի 28-ի որոշմամբ գործը կարճվել է՝ ապացույցների բացակայության պատճառով: Ընդ որում, չի հաստատվել, որ գործակալության պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կամ իրենց պաշտոնեական լիազորություններն օգտագործել են իրենց շահերի համար: Գայանե Թադևոսյանը հետագայում պահանջել է, որ գործակալությունը վերադարձնի իր վճարած 75.820.000 դրամը: Սակայն՝ ապարդյուն:

Ներպետական բոլոր դատարաններով անցնելով և արդյունքի չհասնելով` Գ. Թադևոսյանը փաստաբան Արա Ղազարյանի օգնությամբ դիմել է ՄԻԵԴ: Հայաստանի կառավարությունը, ի դեմս ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի, պնդել է, թե Թադևոսյանը կեղծիքներ կատարելու համար պետք է քրեական գործ հարուցելու քայլեր ձեռնարկեր գործակալության դեմ: Հետևաբար, նա չի սպառել պաշտպանության ներքին արդյունավետ միջոցները, ուստի նրա դիմումը պետք է անընդունելի ճանաչվի: Իսկ Թադևոսյանը պնդել է, որ քրեական գործի շրջանակներում վարույթը չէր կարող արդյունավետ լինել, քանի որ իրավաբանական անձինք պատասխանատվության չեն ենթարկվում քրեական հանցագործությունների համար, միայն ֆիզիկական անձինք կարող են լինել կատարող սուբյեկտներ: Իսկ իր ֆինանսական միջոցները պահվել են գործակալության հաշիվներում, ոչ թե  աշխատակիցների:

ՄԻԵԴ-ը հիմնավոր է համարել քաղաքացու դիրքորոշումը և վճռել հոգուտ նրա՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում, այն է՝ «Բարձ պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի 1-ին բաժնում»:

Մեկնաբանություններ (5)

[email protected]
Իսկ ինչքան տարածքա ունեցել որ տենց մեծ փոխհատուցումա ստացել։ Եթե օրինակսնությունից ենք խոսում, էտելա պետք պարզել թե մարդիկ ոնց են քաղաքի կենտրոնում 100վոր քառակուսի մետրեր տարածքներ սեփականացրլ։ Ամենայն հավանականությամբ 90ականներին խառը ժամանակներում ինչ որ չինովնիկի կաշառք տալով սեփականացրել են հիմա 100հազարավոև եվրոներով վաճառում են պետության այսինքն մեր վրա։
Գագիկ Երվանդյան
Սիրելի հայրենակիցներ, ընդամենը մեկ շաբաթ առաջ Դատական գործիս ընթացքը տեղափոխվեց Քաղաքացիական ՎԵՐԱՔՆՆԻՉ Դատարանի վարույթ, Նախագահող Դատավոր ' Լևոն Վաղարշակի Գրիգորյանին. Հարգելի Լևոն Վաղարշակի Գրիգորյան անչափ Շնորհակալ եմ Արդար և Անաչառ դատաքննության համար. Ձեր խորքային և հիմնավոր վերլուծության շնորհիվ ես' Գագիկ Երվանդյանս չհուսալքվեցի իմ կողմից Արդարություն փնտրելու վերջին իմ ճանապարհինց. Հարգանքներով' Գագիկ Երվանդյան
Գագիկ Երվանդյան
Հարգելի Լևոն Վաղարշակի Գրիգորյան եղեք միշտ Առողջ և Երջանիկ, խաղաղ Երկնքի տակ.... ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ որ Հ.Հ Դատական համակարգում արդարադատություն եք իրականացնում', պարտադիր ղեկավարվելով օրենքով.
gohar
Հարգելի Հրաչյա Հովհաննիսյան, այնքան սպառիչ և լիարժեք պատասխան եք տվել, որ ավելացնելու տեղ չեք թողել ։ Մնում է հիանամ և ծափահարեմ Ձեզ։ Ո՛չ թե այդանծանոթ , խճճված պատմության համար, քավ լեցի, այլ Ձեր առողջ դատողության համար։
Հրաչյա Հովհաննիսյան
ՀՀ քաղաքացիները իրենց վաստակի մի մասը հարկերի տեսքով տրամադրում են պետությանը , որպեսզի վերջինս հօգա պետության կարիքները , այլ ոչ թե փոխհատուցի որոշ պետական չինովնիկների կոռուպցիոն վարքագծի հետևանքով պետության կրած վնասները : Անցումային արդարադատության խնդիրներից մեկը պետք է լինի պետությանը և ժողովրդին վնաս պատճառած պետական պաշտոնյաներին , այդ թվում նաև նրանց հետ համագործակցած դատավորներին բացահայտումը և վնասի վերականգնումը այդ անձանց սեփական միջոցներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter