HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Մարտի 1. երբ երեք նախագահները չեն սիրում ժողովրդին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը՝ «Մարտի 1-ի» գործով, կարևոր է. ՀՀ տասը քաղաքացու սպանության, «Ժողովրդի վրա կրակելու» հրաման տվողները պետք է պատասխանատվություն կրեն: Այս գործը, սակայն, քննել կոնտեքստից դուրս՝ որպես անկախ Հայաստանի պատմության արյունոտ մի դրվագ, նշանակում է լեգիտիմացնել Հայաստանում Մարտի 1-ից առաջ տեղի ունեցած պետական մասշտաբի մյուս հանցագործությունները, լեգիտիմացնել Հայաստանում տեղի ունեցած ապօրինի ընտրությունները, Սահմանադրության կեղծված հանրաքվեները:

Ռոբերտ Քոչարյանը դատարանի առաջ է կանգնած՝ իբրև ՀՀ երկրորդ օրինական նախագահ: Որը, ըստ մեղադրանքի, փորձել է տապալել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խոսքն այն Սահմանադրության մասին է, որը նախկին երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1995-ին, Ռոբերտ Քոչարյանը՝ 2003-ին (ընտրողները բոյկոտեցին, քվորում չեղավ) և 2005-ին, Սերժ Սարգսյանը՝  2015-ին, դրել են հանրաքվեի, և բոլոր դեպքերում ընտրողների մեծամասնությունը դրան դեմ է քվեարկել: Բոլոր հանրաքվեների արդյունքները կեղծված են: Այսինքն՝ Սահմանադրությունը՝ եղած տեքստով, լեգիտիմ չէ:

Լեգիտի՞մ նախագահ է Ռոբերտ Քոչարյանը: 1998-ի փետրվարին, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվեցին: (Այստեղ հիշենք նաև, որ Տեր-Պետրոսյանն ինքը՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետում, ևս լեգիտիմ չէր): Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահի պաշտոնակատար: Նախ՝ ըստ 1995 թ. Սահմանադրության՝ ՀՀ նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ՀՀ-ում մշտապես բնակված անձը: Քոչարյանը ԼՂՀ քաղաքացի էր, Հայաստան էր տեղափոխվել 1997-ի մարտին, սակայն նա իր մասնակցությունը հիմնավորեց 1989 թ. Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորման որոշմամբ:

Նախագահի 12 թեկնածուներից Կարեն Դեմիրճյանը ստացավ ձայների 30,67 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանը՝ 38,7: Վավեր ձայների կեսից ավելին որեւէ թեկնածու չստացավ, նշանակվեց երկրորդ փուլ: Քոչարյանին վերագրվեց ձայների 59 տոկոս, Դեմիրճյանին՝ 41: 1998-ի ապրիլի 3-ին մամուլում տպագրվեց նախագահի պարտված թեկնածու Կարեն Դեմիրճյանի հայտարարությունը. «ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, որոնք, մեղմ ասած, ճիշտ չեն արտահայտում իրական պատկերը։ Ինձ քաջ հայտնի են յուրաքանչյուրիդ հոգեկան ապրումները, այն, որ ընտրություններն անցել են անառողջ մթնոլորտում, որ բազմաթիվ են կեղծիքների, ահաբեկչությունների, ընտրակաշառքների, զեղծարարությունների, թվերի եւ փաստերի ակնհայտ չարափոխումների դեպքերը։

Բայց դա առանձին՝ հետաքննության առարկա է... Այս պահին ես հարկ չեմ համարում խոսել խախտումների եւ օրինազանցությունների մասին։ Ինձ համար ամենագլխավորը, առաջնահերթը եղել եւ մնում են մեր երկրի ու ժողովրդի շահերը, որոնք անհամեմատ ավելի բարձր են այս կամ այն կուսակցության, խմբակցության կամ անհատի շահերից։ Հասարակության պառակտումը ես համարում եմ անթույլատրելի երեւույթ, որը մեծապես կարող է վնասել մեր ազգին, նրա առջեւ ծառացած հրատապ հիմնախնդիրները լուծելու գործին։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ»:

2003-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին առաջադրված 9 թեկնածուներից Ռ. Քոչարյանը ստացավ ձայների 49,8 տոկոսը, Ստեփան Դեմիրճյանը՝ 28,3 տոկոսը: Երկրորդ փուլում Քոչարյանը ստացավ՝ 67,8, Դեմիրճյանը՝ 32,2 տոկոս: Դիտորդների գնահատականով՝ Քոչարյանի վարչախումբը կիրառել էր ընտրակեղծիքների եռաստիճան համակարգ՝ «լցնոցի», փաթեթների կեղծում, արձանագրությունների կեղծում:

Ի դեպ, 1998-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ իր նախագահության օրոք ժողովուրդը հիասթափվի իրենից, պատասխանել էր. «Ոչ մի բան չի կարելի բացառել, բայց դա առաջին հերթին կախված կլինի ինձանից։ Եթե նման բան կատարվի, ուրեմն մեղավորը ես եմ»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ին, ապա երեք նախագահներից յուրաքանչյուրն էլ իր մասնակցությունն, այդուհանդերձ, ունեցել է այս ողբերգության մեջ:

Սերժ Սարգսյանի դերը Մարտի 1-ի ողբերգության առումով անկյունաքարային է: Մարտի 1-ը եղավ, որպեսզի իշխանությունը փոխանցվի հատկապես Սերժ Սարգսյանին: Թեեւ արդեն 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում փորձեց 2008-ի մարտի 1-ի պատասխանատվությունն իրենից հեռացնել. «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի առավոտյան իրադարձություններից հետո, երբ Ազատության հրապարակում վրաններում գիշերած խաղաղ ցուցարարների վրա հարձակվեցին ոստիկանները, թիկնազորի ուղեկցությամբ հեռացվեց հրապարակից: Նրան ուղեկցեցին իր առանձնատուն:

Ավելի ուշ Մյասնիկյանի արձանի մոտ  հավաքված հազարավոր ցուցարարներ մնացել էին առանց առաջնորդի: Տեր-Պետրոսյանն իր առանձնատնից դուրս չեկավ, քանի որ նրա անվտանգությունը ոչ ոք չէր կարող երաշխավորել: Ու հաջորդ օրը նրա հեռախոսազրույցն Ալեքսանդր Արզումանյանի հետ չափազանց անվայել էր: Արզումանյանը հարցնում է. «Ո՞նց ես, շեֆ», Տեր-Պետրոսյանը ծիծաղում է. «Ողջ պետությունն է հիմա իմ անվտանգությունն ապահովում: Ուրիշ ձև չկա... Նորմալ ա, Ալիկ ջան, մալադեց...»։

Ռոբերտ Քոչարյանն ունի բրուտալ, դաժան ղեկավարի համբավ: Նրա ինքնասիրությունը հիվանդագին խոցելի է, իսկ դրա հետևանքները՝ անկանխատեսելի: Հրապարակայնորեն «Բարև, Ռոբ» արտահայտության համար Պողոս Պողոսյանը կյանքով վճարեց, իսկ Քոչարյանի թիկնապահը, որն «անզգույշ» սպանել էր Պողոսյանին, երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց: Այդպիսին էր «արդարադատությունը» Քոչարյանի իշխանության շրջանում:

1998-ին նախագահական ընտրություններին հաղթած Կարեն Դեմիրճյանի համար հասարակական համերաշխությունը գերակա էր, եւ նա, անգամ իր հաղթանակը զիջելու գնով, չցանկացավ բեւեռացնել հասարակությանը: Նախադեպերը ցույց են տալիս, որ նախորդ երեք նախագահներն էլ, իրենց իշխանությունը պահպանելու համար, պատրաստ են եղել ամեն ինչի՝ ընդհուպ Մարտի 1-ը:

Դատարանի առաջ այսօր երեքից միայն մեկն է: Քոչարյանը որեւէ բարոյական պարտավորվածություն չունի Հայաստանի քաղաքացիների առաջ: Նա պատրաստ է ամեն, անգամ Հայաստան-Արցախ լարվածության գնով վերականգնել իր «պատիվն ու արժանապատվությունը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter