HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կալանավորի հարազատները կդիմեն ՄԻԵԴ՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու համար

Սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող Դավիթ Հակոբյանի հարազատները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու համար։

Դավիթ Հակոբյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում պնդեց՝ իր պաշտպանյալի մեղադրանքն ապացուցված չի եղել, առաջին ատյանի դատարանը նրան անմեղ է ճանաչել, սակայն Վերաքննիչ դատարանը 9 տարի ազատազրկման դատապարտել։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը Հակոբյանին զրկել է Վերաքննիչի որոշումը բողոքարկելու իրավունքից։

Փաստաբանի խոսքով՝ այս գործով նաև արդարադատության նախարարի որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Վճռաբեկ դատարանի վեց դատավորների՝ Լ. Թադևոսյանի, Հ. Ասատրյանի, Ս. Ավետիսյանի, Ե. Դանիելյանի, Ա. Պողոսյանի և Ս. Օհանյանի նկատմամբ։

«Եթե Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկի դատավորների խախտում թույլ տալու փաստը արձանագրի, պետք է նոր հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու համար դիմենք Վճռաբեկ դատարան, և իրենք պարտավոր են վերանայել Վերաքննիչ դատարանի որոշումը»,- նշեց Գուրգեն Հարությունյանը։

Դավիթ Հակոբյանի գործին անդրադարձել էինք դեռևս 2017 թվականին։ Նա մեղադրվում է համաքաղաքացու՝ Դիլիջանի բնակիչ Սերգեյ Միքայելյանի դեմ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու մեջ։ Դեռևս այդ ժամանակ նրա փաստաբան Գուրգեն Հարությունյանը ահազանգել էր, որ վկաները ցուցմունք են տվել՝ բռնությունների ենթարկվելով, ապօրինաբար մի քանի օր ոստիկանական բաժանմունքում պահվելով։

Փաստաբանն ասում է՝ մեղադրանքի կողմի վկաները բազմիցս հայտնել են, որ իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել, ստիպել են ցուցմունք տալ Դավիթ Հակոբյանի դեմ։ Ինչպես օրինակ՝ վկաներից Յուրի Սահակյանը դատարանում բարձրաձայնել էր, որ պաշտպանության միջոցը կիրառվել և ցուցմունք է տվել բռնությունների ենթարկվելով՝ ներկայանալով որպես Գոհար Ավետիսյան։

«Պաշտպանության միջոց կիրառված վկաների և մյուս վկաների նկատմամբ բռնություն է կիրառվել, դա 100 տոկոս ապացուցվել է։ Վկաներից մեկը՝ փակ վկան, ակհնայտ կեղծ վկա էր, և եթե արդարացման դատական ակտը չբեկանվեր, հաստատ այդ փակ վկան պատասխանատվության կենթարկվեր, կամ կենթարկվեին այն մարդիկ, որոնց հորդորով, միջամտությամբ նա ներգրավվել էր այդ գործում»,- նշեց Գուրգեն Հարությունյանը։

Նոր մեղադրանք՝ դրանք վիճարկել չկարողանալու հնարավորությամբ

Դավիթ Հակոբյանը սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք կրելու գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով անմեղ ճանաչվեց և դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Փաստաբանի փոխանցմամբ՝ 2018 թվականի հունվարին գլխավոր դատախազի տեղակալը բողոք ներկայացրեց Վերաքննիչ դատարան՝ միջնորդելով Դավիթ Հակոբյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 13 տարի ազատազրկման։ Մասնավորապես՝ Հակոբյանին մեղավոր են ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու և ապօրինի զենք կրելու համար։

Դատարանը մասնակի է բավարարել դատախազի տեղակալի միջնորդությունը։ Վերաքննիչ դատարանը վճռել է Հակոբյանին դատապարտել 9 տարի ազատազրկման՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հանգամանքով։ Ինչպես նաև նրան ազատության մեջ թողնել, մինչ Վճռաբեկ դատարանի վճիռը։

Գուրգեն Հարությունյանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանը 2018-ի փետրվարից մինչ օգոստոսի 28-ը նշանակել է յոթ դատական նիստ, որից միայն մեկն է տեղի ունեցել, իսկ արդեն օգոստոսի 28-ին դատարանը վճռել է Դավիթ Հակոբյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման։

Դավիթ Հակոբյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Վճռաբեկ դատարանն այդ բողոքը հինգ ամիս պահելուց հետո որոշել է այն վարույթ չընդունել, Վերաքննիչ դատարանի որոշումը անփոփոխ թողնել։ Այս որոշումից հետո՝ ապրիլի 25-ին, Դավիթ Հակոբյանը ազատազրկվել է և մինչ օրս պատիժը կրում է «Վանաձոր քրեակատարողական հիմնարկում»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Դավիթ Հակոբյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը բեկանելով՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է դատավճիռ, որի բողոքարկումը պետք է մատչելի լիներ նրա համար: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել՝ նրան զրկելով իր նկատմամբ կայացված նոր դատավճիռը վերադաս դատական ատյանի կողմից վերանայելու իրավունքից։

«Սահմանադրական դատարանը 2009 թվականի որոշում ունի, որ եթե առաջին ատյանի դատարանն արդարացնող դատական ակտ է կայացնում, Վերաքննիչ դատարանը՝ մեղադրական, հետևաբար մարդն իրավունք ունի Սահմանադրությամբ նախատեսված իր վերանայման իրավունքից օգտվի, և քննությամբ նոր դատավճիռ է կայացվում։ Վճռաբեկ բողոք գրեցի՝ վկայակոչելով ՍԴ-ի այս որոշումը, նշեցի, որ բողոքը պետք է վարույթ ընդունել և քննել՝ պարզելու, թե որ դատարանն է ճիշտ։ Եթե Վճռաբեկն այս դեպքում բողոքը վարույթ չի ընդունում, ո՞ր դեպքում է վարույթ ընդունելու։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղավոր է, ընդ որում փոխել է մեղադրանքը, որը չի շրջանառվել դատաքննության ընթացքում։ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր բողոքը վարույթ ընդունել։ Բայց քանի որ իրենք գիտեն, որ այդ ապացույցները հետազոտելը լուրջ խնդիր է լինելու, ուղղակի ամենահեշտ տարբերակն ընտրեցին և բողոքը հետ ուղարկեցին»,- նշեց Գուրգեն Հարությունյանը։

Փաստաբանը ընդգծում է՝ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր նկատմամբ կայացված դատավճիռը վերադաս դատարանում վերանայել։

Դավիթ Հակոբյանի պաշտպանական կողմը սպառել է ներպետական բոլոր ատյանները և կալանավորի խախտված իրավունքները վերականգնելու համար պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter