HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ միտումներ են գրանցվել ֆինանսական համակարգում 2018-ին, և ինչ կշիռ ունեն բանկերը

2018 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը համատեղ իրականացրել են Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ծրագիր (FSAP): Ինչպես նշված է Հայաստանի կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տարեկան հաշվետվության մեջ, ծրագրի արդյունքներով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%:

«Ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունն աճել է, ինչը ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման երաշխիք է»։ Այս հաշվետվությամբ Կենտրոնական բանկը ներկայացրել է ինչպես գների կայունության, այնպես էլ՝ ֆինանսական համակարգի կայնության ապահովման գնահատականը 2018 թվականին։

2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը շարունակում է մնալ բանկային համակարգը, որին բաժին է ընկնում երկրի ֆինանսական համակարգի ակտիվների 85.1 %-ը։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի հաշվետվությունից, ապահովագրական, արժեթղթերի շուկաների և ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների տեսակարար կշիռը զգալիորեն փոքր է։ Հետևաբար, փոքր է նաև ֆինանսական համակարգի կայունության վրա դրանց ազդեցությունը։

Ինչպես ներկայացված է ստորև գտնվող երկու ինֆոգրաֆիկաներում, 2017 թվականի համեմատ բանկերի տեսակարար կշիռը փոքր չափով նվազել է՝ 0.3 տոկոսային կետով։

Ֆինանսական համակարգում ակտիվների ծավալով համեմատաբար տեսանելի կշիռ ունեն նաև վարկային կազմակերպությունները։

Ֆինանսական համակարգի ակտիվների կառուցվածքը

l-ODwbMBBFGe.jpg (156 KB)
Ըստ Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության

2018 թվականին ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ և տնտեսությանը տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշներն ավելացել են համապատասխանաբար 4 և 4.1 տոկոսային կետով և կազմել 97.6 % և 53.9 %: Այսինքն՝ ֆինանսական համակարգի ակտիվները հավասար են եղել համախառն ներքին արդյունքի 97.6 %-ին, իսկ վարկերի ծավալը կազմել է համախառն ներքին արդյունքի 53.9 %-ը։

Ըստ Կենտրոնական բանկի՝ քանի որ ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկերն են, հետևաբար ֆինանսական կայունության հիմնական թիրախը եղել է բանկային համակարգը: Բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարի կազմել է 83.1 %, իսկ տնտեսությանը տրամադրված վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 48.9 %:

Ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում Կենտրոնական բանկի հաշվարկներն են բանկերի վարկեր/ՀՆԱ, ավանդներ/ՀՆԱ և ակտիվներ/ՀՆԱ մակարդակների վերաբերյալ։ Ինչպես երևում է, 2006 թվականից սկսած այս ցուցանիշները առավելապես աճի միտում են գրանցել։ Որոշ տարիների էլ անկում է գրանցվել, ինչպես 2008, 2010 և 2015 թվականներին։

Բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը

l-jBsjd0wbh1.jpg (117 KB)
Ըստ Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության

Բանկային համակարգի կայունությունը բնութագրող կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշներն, ըստ Կենտրոնական բանկի, նվազել են:

«Ընդհանուր կապիտալի համարժեքությունը նվազել է 1.0 տոկոսային կետով և կազմել 17.7 % (նվազագույն նորմատիվային սահմանաչափը՝ 12.0 %): Վարկային պորտֆելի ընդլայնման պայմաններում բանկային համակարգի իրացվելիությունը նվազման միտում է ցուցաբերել, չնայած նորմատիվային ցուցանիշները դեռևս շարունակում են պահպանվել պահանջվող նվազագույն սահմանաչափերից գրեթե կրկնակի բարձր մակարդակում: 2018 թվականի վերջին առևտրային բանկերի ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 27.3 % և 116. 6 % (պահանջվող նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանաբար 15.0 % և 60.0 %)»,- նշված է հաշվետվության մեջ:

Միևնույն ժամանակ, չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում տարվա ընթացքում նվազել է 0.8 տոկոսային կետով և կազմել 4.4 %: Խոսքը հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի ռիսկային դասերին պատկանող վարկերի մասին է։

Կենտրոնական բանկը նաև արձանագրել է, որ բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները տարվա ընթացքում ցուցաբերել են նվազման միտում:

Ուշադրություն է դարձվել նաև ֆինանսական համակարգի այլ մասնակիցների ֆինանսական ռիսկերի և հիմնական ցուցանիշների վրա: Մասնավորապես` վարկային կազմակերպությունների կապիտալը տարվա ընթացքում ավելացել է 17.2 %-ով, պարտավորությունները` 20.6 %-ով, իսկ ակտիվները՝ 14.4 %-ով:

Ապահովագրական համակարգի ակտիվներն աճել են 4.4 %-ով, պարտավորությունները՝ 7.3 %-ով, իսկ կապիտալը նվազել է 0.2 %-ով:

Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալն ավելացել է 8.4 %-ով, իսկ պարտավորությունները և ակտիվները նվազել են համապատասխանաբար 15.7 %-ով և 12.0 %-ով:

Ակտիվների կառավարիչների կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվներն ավելացել են 48.9 %-ով և կազմել 157 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter