
ՃՈ-ն դատարանում պարտվել է վարորդին, քանի որ հստակ չի նշել երթևեկության խախտած կանոնը
Դատարանը անվավեր է ճանաչել Ազնիվ Հովհաննիսյանի՝ ՃՈ տուգանքի որոշումը և ճանապարհային ոստիկանությանը պարտավորեցրել վճարել նրա ներկայացուցչի ծախսը։
Դատարանը հայտնել է, որ անձին տուգանքի ենթարկելիս պետք է հստակ նշվի ճանապարհային երթևեկության այն կոնկրետ կանոնը, որի խախտման համար անձը ենթակա է վարչական պատասխանատվության:
Ազնիվ Հովհաննիսյանը ճանապարհային ոստիկանության ծառայողի կոմից տուգանվել էր դեկտեմբերի 24-ին մեքենան արգելված վայրում կայանելու համար։ Հովհաննիսյանի ավտոմեքենան տարհանվել էր հատուկ պահպանվող տարածք, և վերջինս տուգանվել էր 20 000 դրամով։
Ազնիվ Հովհաննիսյանը մեքենան կայանել էր Հանրապետության հրապարակի շրջակայքում՝ շատրվանների դիմաց։ Այստեղ հաճախ կարելի է տեսնել ՃՈ տարհանման ծառայության մեքենաներ, որոնք պարբերաբար տարհանում են կայանված մեքենաները և վարորդներին ենթարկում վարչական պատասխանատվության։
«Կանգնել եմ ավտոբուսների կայանման տեղում։ Իսկապես այդտեղ մեքենաների կայանումն արգելված է։ Բայց խնդիրն այն է, որ այդ նշանը (ի նկատի ունի կայանումն արգելող նշանը-հեղ.) փակված էր ավտոբուսով, տեսանելի չէր։ Եկել եմ հետ մոտ 45 րոպեից, մեքենաս տարհանված էր, հենց այդ պահին նկարեցի փակված նշանը, գնացի ՃՈ»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց Ազնիվ Հովհաննիսյանը։
Ճանապարհային ոստիկանությունում Ազնիվ Հովհաննիսյանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում տվել է բացատրություն, հայտնել իր անհամաձայնության մասին։ Սակայն ոստիկանության պետը որոշել է տուգանքի որոշումը թողնել անփոփոխ, իսկ Ազնիվ Հովհաննիսյանի վարչական բողոքը` առանց բավարարման:
Արդեն մարտի 14-ին վարորդը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ոստիկանության՝ տուգաքի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
«Տուգանքը բողոքարկեցի, որովհետև համարում եմ, որ 20.000 դրամ տուգանք վճարելու համար պետք է ունենայի լուրջ պատճառներ, կատարեի լուրջ խախտում։ Այս դեպքում երթևեկությունը որևէ ձևով չեմ խոչընդոտել, մինչդեռ քաղաքում քաոս էր տիրում ու խանգարող մեքենաներին չէին տեղահանում։ Բացի այդ, իրենք պետք է պատշաճ կահավորեն տարածքը, որպեսզի վարորդին նշանները ցանկացած պարագայում տեսանելի լինեն։ Եթե այդպես չէ, ուրեմն պետք չէ տուգանել»,-նշում է նա։
Ազնիվն ասում է՝ գլխավոր լուսանկարում ևս երևում է, որ ավտոբուսը փակել է կայանում արգելող նշանը:
Դատարանը հետազոտել և գնահատել է գործում առկա ապացույցները և գտել, որ դրանցով չի հաստատվում այն հանգամանքը, որ Ազնիվ Հովհաննիսյանը թույլ է տվել վիճարկվող որոշման մեջ նշված իրավախախտումը:
Մասնավորապես` դատարանը հայտնել է, որ վիճարկվող որոշման համար որպես հիմք (ապացույց) հանդիսացած արձանագրությամբ նշվել է, որ Հովհաննիսյանը մեքենան կայանել է կայանումն արգելված վայրում, որի հետևանքով տրանսպորտային միջոցը տարհանվել է հատուկ պահպանվող տարածք, նա ենթարկվել է վարչական տուգանքի. «Սակայն ո´չ արձանագրությունը և ո´չ էլ վիճարկվող որոշումը չեն պարունակում ճանապարհային երթևեկության այն կոնկրետ կանոնի նշումը, որի խախտման համար հայցվորը ենթակա էր վարչական պատասխանատավության»,-ասվում է դատական վճռում։
Դատարանը մատնանշել է Վճռաբեկ դատարանի որոշումները, որով երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ զանցակազմի կատարման համար հղում է կատարվում երթևեկության որևէ կանոնի՝ առանց մանրամասնելու դրա բովանդակությունը, ապա տվյալ զանցակազմի հիման վրա անձին ենթարկած տուգանքում պետք է նշվի ՃՈ այն կոնկրետ կանոնը, որի խախտման համար անձը ենթակա է վարչական պատասխանատվության:
Ըստ դատարանի այս դեպքում տուգանքի որոշումը չի պարունակել ՃՈ այն կանոնի հստակ շարադրանքը, որը խախտել է Ազնիվ Հովհաննիսյանը։ Միայն հղում է կատարվել կառավարության 2007 թվականի որոշմանը՝ արգելված վայրում կայանելու կամ կանգառ կատարելու կոնկրետ կանոնը սահմանող իրավական նորմին, ինչպես նաև հայցվորի կողմից կատարված արարքի մանրամասն նկարագրությունը, որի կատարումը դիտվել է որպես ճանապարհային երթևեկության համապատասխան կանոնի խախտում:
Դատարանը նաև վիճարկելի է համարել այդ վայրում մատնանշված կայանում արգելող նշանի առկայությունը՝ պնդելով, որ վարչական վարույթում առկա տեսանյութում այն ընդհանրապես տեսանելի չի եղել և հնարավոր չի եղել հաստատված համարել Ազնիվ Հովհաննիսյանի կատարած խախտումը։
Դատարանը հայտնել է՝ հաստատված է համարում այն հանգամանքը, որ հայցվորը վիճարկվող որոշմամբ պատասխանատվության է ենթարկվել ոչ իրավաչափ, քանի որ նա չի կատարել վարչական իրավախախտում (այդ փաստը չի հաստատվում) և չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության:
գլխավոր լուսանկարում՝ ավտոբուսին կողքին կայանված սև գույնի ավտոմեքենան Ազնիվ Հովհաննիսյանինն է
Մեկնաբանել