HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վճռաբեկ դատարանը՝ «շահագրգիռ կողմ». քաղաքացին ահազանգում է

«Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն արդեն 10 տարի է դատարաններում պայքարում է խախտված իրավունքների վերականգնման համար: Սակայն, տարբեր շրջապտույտներով հայտնվում է նույն տեղում:

Ընկերությունը անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրի հիման վրա Կառ-Պրինց ԱԿ-ի վարկային 70 մլն դրամ պարտավորությունների դիմաց 2008թ. գրավադրել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի 48 հասցեի անշարժ գույքը (3444,3 քմ) «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ում (ներկայումս՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ), որը կողմերի համաձայնությամբ գնահատվել է 310 մլն դրամ: ՓԲԸ-ի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում նշված հասցեում գտնվող արտադրական շենքի մակերեսն ավելացել է և կազմել՝ 3704,7քմ: Կատարվել է սեփականության իրավունքի գրանցում, որից հետո գույքն այլևս չի գրավադրվել և գրավի առարկա չի հանդիսացել:

Արդեն 2009-ի օգոստոսին՝ «Պրոմեթեյ բանկ»-ը 138 միլիոն դրամ պարտավորության դիմաց, առանց դատարան դիմելու, բռնագանձում է տարածել  գրավի առարկա չհանդիսացող գույքի վրա, որից հետո, ըստ ՓԲԸ-ի տնօրեն Մասիս Բաղիրյանի, Կադաստրի պետի տեղակալ Աշոտ Մուսոյանի հրահանգով, այն ժամանակվա Շենգավիթի կադաստրի պետ Արսեն Բիձյանի անօրինական գործողությունների արդյունքում, գրանցվել է բանկի սեփականության իրավունքը Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 0,1744 հա հողամասի և 3704,7 քմ շենքի նկատմամբ: «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կադաստրի պետական կոմիտեի՝ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, իսկ 2011թ.՝ Վճռաբեկ դատարանը, բանկի բողոքի հիման վրա բեկանել էր վճիռը և հայցը մերժել:

Գործը վճռաբեկ դատարանում գտնվելու ընթացքում բանկի և ընկերության միջև ընթացել են հաշտության բանակցություններ։ Հաշտության բանակցությունները վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Բարսեղյանի նախաձեռնությամբ կայացել են վճռաբեկ դատարանի շենքում, որին  մշտապես մասնակցել են նաև վճռաբեկ դատարանի դատավորներ Մամիկոն Դրմեյանը և Սուրեն Անտոնյանը, ովքեր, ըստ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի տնօրեն Մասիս Բաղիրյանի, մտերմիկ հարաբերությունների մեջ են եղել Բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի հետ։ Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ ընկերությունը կատարում է իր բանկային պարտավորությունները և գույքը վերադարձվում է ընկերությանը։ Հաշտության համաձայնագիրը ստորագրվել է, որը պետք է բանկի կողմից ներկայացվեր դատարան, սակայն վճռաբեկ դատարանում նիստի օրը պարզվել է, որ այն դատարան չի ներկայացվել։ Նիստի ժամանակ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի տնօրենի կողմից դատարանին է ներկայացվել հաշտության համաձայնությունը, որը դատավոր Արտակ Բարսեղյանի կողմից չի ընդունվել և հետ է վերադարձվել: Մասիս Բաղիրյանի փոխանցմամբ՝ այդ անօրինականությունը տեղի է ունեցել վճռաբեկ դատարանի ամբողջ կազմի առաջ և որևէ մեկը դրան չի միջամտել։

Նշենք, որ դատական վիճաբանությունների ժամանակահատվածում «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն պատվիրել է գույքի գնահատում, որը «Ալտա Վիպ» ՍՊԸ-ի կողմից գնահատվել է 710 մլն 547 հազար դրամ:

Իր հերթին «Պրոմեթեյ» բանկն «Արտադրա-տպագրական»-ին վտարելու պահանջով դիմել է դատարան: ՓԲԸ-ն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել՝ գումարի բռնագանձման և սեփականության իրավունքի խախտումը վերականգնելու պահանջների մասին։ Ընկերությունը նշել է, որ իր գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցել է իր պարտավորության չափը և բանկից պահանջել է իրեն վճարել գույքի արժեքի և պարտավորության տարբերությունը։

2012թ. դատարանը վճռել է «Պրոմեթեյ» բանկից հօգուտ «Արտադրա-Տպագրական» ընկերության բռնագանձել մոտ 172 մլն դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելուց և գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար: Բանկի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք և գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում 5 անգամ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։ Փորձագետները մի քանի ամիս իրենց մոտ պահելով գործը պատասխանել են, որ չեն կարողանում իրականացնել գնահատում, քանի որ չունեն ելակետային տվյալներ: Այն դեպքում, երբ Մ. Բաղիրյանի ասելով՝ առկա էին բոլոր ելակետային տվյալները, լուսանկարներ և տեսանյութեր: Արդյունքում գործը վերադարձրել են դատարան։ Ըստ Մ. Բաղիրյանի փորձաքննությունները անկատար թողնելը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծագայության աշխատակից Էմանուել  Սողոմոնյանի անօրինական միջամտության արդյունքում, ով հանդիսանում է «Էվոկաբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի որդին։ Սակայն, քրեական գործով իրականացված փորձաքննությունից հետո այլևս փորձագետները չէին կարող մերժել փորձաքննության կատարումը և ներկայացվել է եզրակացություն, որի համաձայն գույքի արժեքը կազմել է 600 միլիոն դրամ, իսկ լիլկվիդացիոն արժեքը՝ 450 միլիոն։ Ստացվում է, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննության դեպքում փորձագետները կարողացել են իրականացնել փորձաքննություն, իսկ դատարանի կողմից նշանակման դեպքում՝ ոչ։

Նշենք, որ քրեական գործ հարուցվել էր ընկերության հաղորդման հիման վրա՝ կազմակերպված հանցավորության արդյունքում ունեզրկվելու փաստի առթիվ, որը հետագայում ևս կարճվեց։ Կարճման որոշումը բողոքարկվել է և ներկայումս գործը գտնվում է վճռաբեկ դատարանում։

Քաղաքացիական գործի քննության ընթացքում  «Պրոմեթեյ» բանկը 196 մլն դրամով վաճառել է Իսակով 48 հասցեի անշարժ գույքը «Դանհիս» ՍՊԸ-ին։ Վերջինս գուքը գրավադրել է «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ում՝ 1 մլրդ 200 մլն դրամի դիմաց։ Արդյունքում վարկառուն չի կատարել իր պարտավորությունը և գույքն անցել է ՎՏԲ բանկին։

Մասիս Բաղիրյանն ասում է, որ ըստ էության կատարվել է մեծ չափերի խարդախություն, որը, իհարկե, չէր կարող տեղի ունենալ առանց բանկերի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության։ Մինչ գործը գտնվում էր դատարաններում ԴԱՀԿ կողմից անօրինական կերպով արգելանքը հանվել է գույքի վրայից և գրանցվել է ՎՏԲ բանկի սեփականության իրավունքը: ԴԱՀԿ անօրինականությունը հաստատվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացված որոշմամբ։

Շուրջ 5 տարի գործը առաջին ատյանի դատարանում քննելուց հետո, սպառելով գործի քննությունը ձգձգելու բոլոր հնարավորությունները և երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո 2018թ. մայիսի 31-ին կայացվել է վճիռ, որով ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն։ Դատարանը վճռել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ «Արտադրա-Տպագրական» ընկերության բռնագանձել 218.461.780 դրամ, որպես գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար: Դատարանի վճիռը բողոքարկվել է, թե ընկերության, թե բանկի կողմից:

«Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտնվեց իր բարձրության վրա և որոշեց բանկի վերաքննիչ բողոքը մերժել, իսկ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել՝ հավելյալ 93.680.764 դրամ գումար բռնագանձելով բանկից, կայացնելով օբյեկտիվ դատական ակտ»- նշում է ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանը։

Սակայն, դրանով գործը չի ավարտվում: 10 տարվա պայքարից հետո բանկը ներկայացնում է վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ բողոք բերելու համար գործում ներգրավվում է փաստաբան Էմիլ Ամիրխանյանը, իսկ մինչ այդ Բանկի ներկայացուցիչները վերջինիս աշխատակիցներն էին: Նա երկար տարիներ հանդիսացել է վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Արման Մկրտումյանի խորհրդականը։

Ընկերության տնօրենն ասում է՝ մտածելով, որ վճռաբեկ դատարանի հերթական աճպարարության զոհն է դառնալու վերը նշված երեք դատավորների մասով ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն:

«Արտադրա-Տպագրական» ընկերության տնօրեն Մասիս Բաղիրյանը միջնորդության մեջ նշել է Վճռաբեկ դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի, Մամիկոն Դրմեյանի և Սուրեն Անտոնյանի մտերմության և անձնական լավ հարաբերությունների մասին, որ ունեն բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի հետ: Բաղիրյանի մոտ կասկած է առաջացել նշված երեք դատավորների վերաբերյալ, ինչն էլ հանդիսացել է ինքնաբացարկի հիմք: Դատավորները մերժել են ինքնաբացարկի միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմքեր չկան: Իսկ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Իսկ բանկը վիճարկում է փորձաքննության եզրակացությունը, դրա արժանահավատությանը: Վիճարկում է նաև գրավի առարկայի իրացված համարվելու ժամկետներին վերաբերող փաստերը, որոնց ըստ բանկի ներկայացուցչի վերաքննիչ դատարանն անդրադարձ չի կատարել: Բանկի ներկայացուցիչը կարծում է, որ վերաքննիչ դատարանը չի կատարել գործի օբյեկտիվ քննություն, բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի և լրիվ:  Վճռաբեկ բողոքի պատասխանում ընկերությունը հակառակն է պնդում:

Նշենք, որ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի և Իսակով 48 հասցեի գույքի հետ կապված տարբեր գործերով վճռաբեկ դատարանը 4 անգամ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ և բողոր դեպքերում որոշում է կայացրել ի վնաս ընկերության։

«Իսակով 48 հասցեի գույքը դարձել է մեծ խարդախության և փողերի լվացման առարկա, որին մասնակցել են տարբեր բանկերի պաշտոնյաներ, պետական պաշտոնյաներ և վճռաբեկ դատարանի դատավորներ, որոնք հրահանգել են ստորադաս ատյանների դատավորներին գործի քննությունն անընդհատ ձգձգել: Արդյունքում այն արդեն տևում է 10 տարի և ներկայումս մեծ է հավանականությունը, որ այն դարձյալ կբեկանվի և կուղարկվի նոր քննության։ Փաստորեն ստացվում է, որ նույնիսկ հեղափոխությունից հետո գործի հետևում կանգնած ուժերը այնքան հզոր են որ շարունակում են արդյունք ապահովել,-կարծում է Մասիս Բաղիրյանը և հավելում,- դիմում եմ ՀՀ վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, արդարադատության նախարարին և խնդրում եմ այս հոդվածում նշվածն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քննություն իրականացնել»,-եզրափակեց Մ. Բաղիրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter