
Հայտարարություն․ «Ցանկացած միջամտություն դատական իշխանության նկատմամբ անընդունելի է»
Այսօր «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Հարգելի քաղաքացիներ,
Ցանկացած երկրում անկախ դատական համակարգը ժողովրդավարության հիմնական սյուներից մեկն է: Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների հետ միասին բոլորը լիահույս էին, որ կվերականգնվի նաև անկախ դատական համակարգը:
Դատապարտում եմ ցանկացած միջամտություն և ճնշում դատական իշխանության նկատմամբ. այն անընդունելի է և պատիվ չի բերում ժողովորդավարություն կերտող պետությանը։ Ես միանում եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ ի դեմս Հայկ Ալումյանի հնչեցրած կարծիքին և կոչին, ըստ որի ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ուղղակիորեն միջամտում է դատական ակտի կայացմանը և դրանով ահագնացող ցասման կոչ է անում հանրությանը, որպեսզի ժողովրդի ստվար զանգվածի ներկայությամբ հոգեբանորեն ճնշում գործադրվի դատավորի նկատմամբ՝ իր ցանկալի որոշումը ձեռք բերելու համար. սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի բացահայտ ճնշում դատարանի վրա:
Անկախ նրանից, թե ով է մեղադրյալի կամ ամբաստանյալի աթոռին, ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված են մարդու իրավունքները և յուրաքանչյուրի ոք՝ այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը, ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Թավշյա հեղափոխության առաջամարտիկները, որոնք այսօր դարձել են օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ և պետության ղեկը վերցրել են իրենց ձեռքը, պետք է մեկընդմիշտ հասկանան, որ թավշյա հեղափոխությունը տեղի չի ունեցել իրենց պաշտոնների ու մանդատների ձեռքբերման համար, այլ այն տեղի ունեցավ մեր երկրում վերջապես ժողովրդավարական արժեքներ ներդնելու և պահպանելու համար, մարդու իրավունքների պաշտպանված լինելու և արդար դատաքննության իրավունքը ապահովելու ու երաշխավորելու համար։
Հետաքրքի՞ր է, արդյոք նորընտիր Ազգային ժողովը, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցությունն, այս ոճով ու բովանդակությամբ է պատրաստվում իրականացնել անցումային արդարադատություն Հայաստանում. սարսափում եմ, երբ պատկերացնում եմ... Իմ կարծիքով, այն կբերի մեծ բախումների և լարման հասարակության մեջ, ինչն էլ կարող է հանգեցնել անվերջ հեղափոխությունների, մի՞թե սա է թավշյա հեղափոխականների տեսլականը։
Չի կարելի թույլ տալ, որ «սիրո և համերաշխության» փոխարեն երկրում տիրի ատելության, թշնամության և առճակատման մթնոլորտ:
Կոչ եմ անում բոլորին ոտքի կանգնել ժողովրդավարության պաշտպանության համար և ապացուցել, որ մենք ԺՈՂՈՎՈՒՐԴ ենք և ոչ թե ամբոխ...
Լևոն Ներսիսյան
«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների
պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն
18 մայիսի 2019 թ.
Մեկնաբանել