HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ու՞ր են մեր թագավորների պալատները. հարցազրույց Վիգեն Ավետիսի հետ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հարգարժան Վիգեն Ավետիս, ջերմ ողջույններս «բանտ» կոչվող զուգահեռ աշխարհից

Ձեզ հետ մտովի զրուցում եմ դեռ այն ժամանակից, երբ պատրաստակամություն հայտնեցիք Ղարաբաղյան պատերազմի հետախույզ Սողոմոն Քոչարյանի ազատման համար իմ նամակը փոխանցել Հռոմի պապին: Մեծ պատիվ կհամարեմ Ձեր` քանդակագործ և Մարդ-քաղաքացու հետ հարցազրույցի հրավերս ընդունելը: Հուսով եմ սարերի հետևում չէ այն օրը, երբ կհանդիպենք ֆիզիկական ազատության մեջ: Հարցազրույցների համար պատրաստվում եմ, խնդրում նյութեր, որպեսզի ծանոթանամ կերպարի գործունեությանը: Այդպես կարդացի Ձեր մի քանի հարցազրույց, նայեցի քանդակները: Իմացա, որ Դուք «40 ֆլորենտացիներ», ինչպես նաև Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ եք: Հենց Ձեզ է վստահվել ավարտին հասցնել Միքելանջելոյի նախագծած Սբ. Լորենցո եկեղեցու արտաքին տեսքը` ճակատային մասում նախագծված 40 մարմարե քանդակների հետ միասին: Հանրահայտ քանդակագործ Ռոբերտո Մուսկոլլետոն միլանցի հայտնի նկարիչ Սալվատորե Ֆիումեի կիսատ թողած աշխարհի ամենամեծ քանդակի շարունակությունը նույնպես Ձեզ է վստահել: Վատիկանի սեփականությունն է դարձել Ձեր «Հայոց մայր» քանդակը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը… դեռ երկար կարելի է շարունակել Ձեր քանդակ-հուշարձանների և քանդակաշարերի ցանկը, նաև կազմակերպած միջազգային քանդակի սիմպոզիումները... հիմա անցնեմ հարցերին:

-Մարդկությունը մշտապես նկարի ու քանդակի միջոցով վերարտադրում է մարդկանց, կենդանիներին, ստեղծում է սրտում և մտքում ծնունդ առած պատկերներ, գաղափարներ: Ո՞րն է սրա գաղտնիքը. միգուցե մարդը փորձում է Արարչի՞ն նմանվել:

-Շատ հետաքրքիր հարցադրում է. բարդ է հակիրճ պատասխանել, քանի որ մեծ տարածք է: Եթե փորձեմ հակիրճ պատասխանեմ... հոգևոր առումով մենք գալիս ենք այնտեղից, որտեղ Աստվածն է: Այսինքն՝ մենք ունենք աստվածային հիշողություն և արարչագործության մասնակից ենք նաև մենք՝ մարդիկս: Եվ էդ ամենն ամփոփվում է գեղեցիկի հասկացության մեջ: Գեղեցիկի գաղափարը դրված է աշխարհի ստեղծման հիմքում: Այն ամենն, ինչ ստեղծեց Աստված, վերջում տեսավ, որ գեղեցիկ է: Էսպես է նկարագրվում աշխարհի ստեղծումը: Ստեղծագործողներն էն մարդիկ են, որոնք ունեն հիշողություն, հիշում են՝ ինչպես ստեղծագործվեց աշխարհը՝ գեղեցիկով: Եվ արվեստագետները գեղեցիկի գաղափարի հետևորդներն են: Դա կապված է աստվածային արարչագործության հետ: Այսինքն՝ արվեստագետները աստվածայինի վկաներն են, մեկ անգամ ևս վկայում են գեղեցիկի ներկայությունն աշխարհում: Սա հոգևոր բացատրությունն է, իսկ աշխարհիկ բացատրությունը շատ նման է հոգևորին…

-Իտալիայում և Հունաստանում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ անկախ շարունակվող պատերազմներից: Հայաստանում Գառնիի տաճարն ենք մատնացույց անում, իսկ նոր դարաշրջանից` անվերջ խաչքարեր ու եկեղեցիներ: Ինչու՞ է այդպես` ու՞ր են մեր թագավորների պալատները, հեթանոսական տաճարները, հուշարձանները:

-Երբ մենք խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, այն չի սկսվել 1915 թվականին կամ համիդյան ջարդերից: Սա չարի և բարու, արևի ու լուսնի, ճշմարիտի և ստի պայքարն է: Հայերը լույսի, ճշմարիտի, գեղեցիկի պատասխանատուներն են աշխարհում: Ջնջելով հայոց հետքերը, որը սկսվել է Տիգրան Մեծից հետո, սկսեցինք կորցնել մեր տեղը համաշխարհային մշակույթում...հարձակումներն ավարտվեցին Աթաթուրք-Լենին պայմանագրով և նրանց հետևում կանգնած ուժերով: Հայկական հետքերն աստիճանաբար ջնջվել են, այսինքն՝ Հայաստանը որպես աստվածային օրենքների երկիր, պիտի վերանար, մոռացության տրվեր: Էն, որ մեր հետքերը մինչև այսօր էլ ջնջում են, վերջին տարիներին անգամ քանդվում են անգամ 18-րդ դարի սովորական բնակելի շենքեր, ծրագրված է, որպեսզի հայոց հետքերը վերացվեն: Ադրբեջան պետությունը հատուկ ստեղծվեց, քանի որ Թուրքիան չկարողացավ հիմնովին ոչնչացնել Հայաստանը: Բայց քանի որ Հայաստանը և հայ ժողովորդը Աստծո ժողովուրդն է, և մեր շրջանն ամենասուրբն է աշխարհում, ոչ ոք՝ անգամ ամենահզորները չեն կարող երբեք վերացնել հայի ներկայությունը հենց Հայաստան աշխարհում: Էն, որ մենք այսօր չունենք պատմական շերտեր, ծրագրված պատերազմ է լույսի դեմ: Իսկ լույսի կրողները մենք ենք: Բայց խավարը ինչքան էլ լույսի դեմ պայքարի, ժամանակավոր հաղթանակ է տանում... առավոտը գալիս է, լույսը բացվում է, արեգակը ծագում է, օրը ծնվում է: Էն, որ Մհերը չի կոտրվում, պայքարի արդյունք է: Մհեր ասելով՝ նկատի ունեմ ինձ հարցեր տվող Մհերին և, իհարկե, էն Մհերին, որը մեր սարերում է: Նա չի գնացել Ամերիկայում ապրելու, այլ մտել է մեր հայկական սարի մեջ: Ինչքան էլ ասում են՝ հայերը փախստական են, էդպես չի: Մհերը Ուրուգվայի լեռների մեջ չի թաքնվել, չնայած Ուրուգվայում էլ դուռ են բացել, որ հնարավոր է իրենց դռան միջոցով էլ դուրս գա... այսինքն՝ աշխարհը սպասում է Մհերին: Ամբողջ աշխարհը գիտի Մհերի տեղը, իսկ Մհերը մեր՝ հայկական լեռներում է և հայկական բանտում:

-Շուրջ 30 տարի է անցել, ինչ մեր երկիրն անկախ է. «տապալվեց»  Լենինի արձանը, բայց մինչ օրս մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում չկա նոր խորհրդանիշ-արձան: Դուք առաջարկել եք 8 մետրանոց սյան վրա արևի խորհրդանիշ`թևավոր առյուծի արձան տեղադրել, որը ժամացույցի սլաքների նման կպտտվի: Ի՞նչ եք կարծում` ի վերջո այնտեղ մարդ, թե՞ կենդանի, միգուցե ա՞յլ խորհրդանիշ կլինի:

-Կարծում եմ, որ իմ առաջարկը ճշմարտության վերականգնում է: Բայց բոլորը դեռ  վախենում են այդ տեղից, քանի որ բոլշևիկյան առաջնորդն է կանգնած եղել: Այդքան համարձակություն չունեն, որ նախկին խավարի սիմվոլը փոխեն արևի սիմվոլով: Խավարի սիմվոլը այսօր գոյություն չունի, բայց խավարի հետնորդներն այսօր ղեկավարում են մեր շրջանը՝ կոմունիզմից վարակված, բոլշևիկյան խավարից չազատված, հակամարդկային, հակահոգևոր, այսինքն՝ ճշմարտության ու լույսի դեմ: Լուսինը, որը Խորհրդային միության դրոշի վրա կար մանգաղի տեսքով և մուրճի, որ խփեն մարդկանց գլխին, այդ սիմվոլները մինչև հիմա աշխատում են, ապրում են և ղեկավարում են, ցավոք: Այն օրը, երբ մենք մեր հրապարակում կդնենք արևի սիմվոլը՝ իմ առաջարկած կիլիկյան առյուծի տեսքով, թե մի ուրիշ ձևով, ամեն բան կփոխվի: Մինչև Մոսկվայից Լենինի դիակը չշպրտեն կամ չայրեն, չի վերջանա էդ ամենը, և չենք ազատվի չարիքից: Սա պայքար է, իսկ մարդիկ գիտակցաբար կամ անգիտակից պահպանում են չարի իշխանությունը: Երբ մեր հրապարակում չարիքի սիմվոլի փոխարեն բարու սիմվոլ դրվի, այդ ժամանակ շատ բան կփոխվի մարդկանց և պետության հոգևոր կյանքում: Մեր պետության հոգևոր կյանքում դեռ ոչ մի բան չի փոխվել:

-Ըստ Ձեզ, ինչու՞ են պետությունների զինանշանների վրա գրեթե միշտ գիշատիչներ պատկերում` առյուծ, արծիվ… կլինի՞ մի ժամանակ, որ սիրո, բարության, խաղաղության սիմվոլներ պատկերեն…

-Ես էստեղ համաձայն չեմ, խաղաղությունը պետք չի խոտակերի հետ կապել, պատերազմն էլ՝ գիշատիչի: Ամեն մեկն իր տեղում ունի իր նշանակությունը: Բնության մեջ գոյություն ունի ճիշտ ու գեղեցիկ փոխհարաբերություն: Այսինքն՝ նա, ով միս է ուտում, ավելի վատը չէ, քան նա, ով խոտ է ուտում: Ամեն մեկն ապրում է իր կյանքով: Եթե գիշատիչներ չլինեին, խոտակերները կուտեին ամբողջ բուսականությունը, և անապատ կդառնար: Այսինքն՝ բարին և չարը պետք չի կապել սննդի տեսակով: Հին Եգիպտոսում գետաձիեր կամ բզեզներ կային՝ որպես պաշտամունքի կենդանիներ: Քրիստոնեությունը՝ չորս ավետարանիչների միջոցով բերեց առյուծի, արծվի, ցլի կերպարները, նաև ագռավն ու աղավնին Նոյի հետ կապված: Սրանք փոխաբերական սիմվոլներն են, բնության պաշտպանության նշաններն են: Առյուծը ամենաուժեղն է, արծիվն՝ ամենաբարձր թռչողն ու ամենահեռատեսը: Մենք չենք կարող խավարասեր դնել մեր սիմվոլիկայի մեջ, այն կոչնչացնի մեր ոգին: Եթե քանդակիս մեջ պիտի մի սիմվոլ դնեմ, այն պիտի զորեղ նշան լինի: Խաչը, օրինակ, հոգևոր ու մարդու տեսքով ամենահզոր սիմվոլներից մեկն է, բայց եթե այն թարս պատկերես, դառնում է չարի նշան: Պատկերային խոսք է սա: Մարդուն ավելի շատ ապահովություն է փոխանցում առյուծը, քան ասենք՝ խավարասերը:

-Ձեզ հետ հարցազրույց արած լրագրողներից մեկը նկատել էր, որ առաջ ասում էիք «մեր երկիրը», իսկ հետո` «այս երկիրը», և Դուք բացատրել էիք, թե ինչու… այսօր նոր իշխանություններ են եկել, Նոր Հայաստան է… այժմ Ձեր համար Հայաստանը ինչպիսի՞ն…

-Քանի որ ինքս ապրում եմ երկու պետություններում, երկու պետությունների քաղաքացի եմ արդեն, միգուցե դա է պատճառը: Իմ երկիրը նաև Իտալիան է: Այդ շեշտադրումը, տարբերությունը մոդայիկ դարձավ էն թվականներին ու սկսվեց շահարկումը: Կապված էր քաղաքական գործիչների հետ, չակերտներում՝ քաղաքական գործիչների, որոնք իշխանավորներ էին դարձել: Իսկ հիմա Հայաստանն էնպիսին է, ինչպիսին կուզենք տեսնենք: Հիմա գտնվում ենք մի միջավայրում, որտեղ մենք պիտի ձևավորենք մեր ուզած Հայաստանը: Եթե նորից թողնենք անտերության մեջ, կլինի այնպիս, ինչպիս եղավ Լևոնի, Քոչարյանի, Սերժի օրոք: Մենք տվեցինք մեր հաղթանակած ողջ ուժը, և էդ ուժի հետ վարվեցին էնպես, ինչպես վարվեցին: Հիմա եթե էսօր Նիկոլին թողնենք մեր հաղթանակած ուժը, նա էլ կդարձնի էնպես, ինչպես ինքն է որոշում: Այսինքն՝ կախված է մեզնից՝ ինչպես տեր կկանգնենք հերթական մեր հաղթանակին: Իշխանությունը չարիք է, երբ գտնվում է թույլ մարդու ձեռքին: Իշխանավորը միշտ թուլանում է, քանի որ ամեն իշխանավորի մեջ հաղթում է հրեշը, որովհետև իշխանությունը գայթակղություն է, եթե թողնենք գայթակղվի, ապա նույնը կկատարվի, ինչ կատարվեց: Մենք 3 միլիոնանոց պետություն ենք, ժողովուրդը կարող է և իրավասու է՝ թույլ չտա իշխանավորները դառնան հրեշ ժողովրդի գլխին: Եթե մենք թույլ լինենք, ոչխար լինենք, իշխանավորը կդառնա գայլ: Բոլորս պարտավոր ենք առյուծի ու արծվի պես տեր կանգնել մեր պետությանը, այլ ոչ թե սպասենք, թե ինչ պիտի անեն մեր գլխին իշխանավորները: Իսկ Հայաստանում շատ հնարավոր է դա, քանի որ մենք փոքր ժողովուրդ ենք: Մենք կարող ենք տեր կանգնել մեր պետությանը:

-Կցանկանայի՞ք լինել Միքելանջելոյի ժամանակակիցը։ Իսկ միգուցե Դուք ժամանակից և տարածությունից դու՞րս եք, երբ քանդակում եք...

-Ես, ճիշտն ասած, Միքելանջելոյի ժամանակակիցն եմ... երեկ Միքելանջելոյի գերեզմանի մոտ էի, որը գտնվում է Ֆլորենցիայի Սուրբ Խաչ եկեղեցում: Գնացել էի նրա հետ զրուցելու՝ որպես աշակերտ, որպես հետնորդ: Իր հոգին շատ հաճախ եմ զգում, մանավանդ երբ աշխատում եմ: Նա ինձ հետ ապրում է, ես՝ իր: Իսկական արվեստում ժամանակ գոյություն չունի, հետևաբար էն արվեստագետներն, ովքեր ստեղծագործել են 500, 1000 տարի առաջ, հիմա իմ միջոցով, մյուսի միջոցով շարունակում են իրենց գոյությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter