HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ․ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են զսպվածություն ցուցաբերել դատարանի վարույթում գտնվող գործով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք։

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դատական վարույթի հետ կապված գործընթացները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով այդ իրադարձությունների զարգացման ընթացքը՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել.

 

  1.     Երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին և առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:

 

  1.     Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Օրենքը դատարանին պարտավորեցնում է անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ քննվող գործի բնույթից կամ ցանկացած այլ ճնշումից կամ ճնշման փորձից:

Պետք է հստակ գիտակցել, որ դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները։

Բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքով նախատեսված իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակներում։

  1.     Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նպատակային դիտարկումը ցույց է տալիս, որ համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում բարձր է անհանդուրժողականությունը, հնչում է ատելության խոսք, առկա են սպառնալիքներ ու անգամ բռնության կոչեր։

  2.     Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձինք հատկապես պարտավոր են խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

 

Խնդրում եմ բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն՝ ելնելով դատական վարույթի բնականոն ընթացքի և համերաշխություն ապահովելու անհրաժեշտությունից։



Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter