
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներին կալանավորեցին
Քիչ առաջ ԱԱԾ երկու աշխատակիցներ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի թիվ մեկ մեկուսարան տեղափոխեցին Գավառի բնակիչներ Արթուր եւ Արմեն Մարտիրոսյաններին, ովքեր նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներ են:
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիշյալ երիտասարդներին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությունը: Դատավորի ազգականները մեղադրվում են ապօրինի զենք կրելու եւ Գավառի բնակիչ «Կոկո» մականվամբ Հակոբ Հովհաննիսյանի եւ նրա որդու` Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 9-ին Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Կալանավորվածները, դատավոր ազգականը լինելուց բացի, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հորեղբոր որդիներն են:
Նույն գործով կալանավորվել է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հանրությանն ավելի շատ հայտնի է «7-ի գործով», որով դատապարտվեցին ընդդիմության 7 ներկայացուցիչներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել