
Բնապահպանության նախարարությունը ցանկանում է բարելավել Հայաստանի բիզնես միջավայրը
Այո, մի կարծեք, թե ծաղրում եմ, բնապահպանության նախարարությունը մշակել եւ Ազգային ժողովին է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենք` երկարաշունչ անուն ունեցող մի օրինագիծ, որի հիմնավորման մասում հենց այդպես էլ գրված էր` Հայաստանում բիզնես միջավայրը բարելավելու նպատակով: Ճիշտ է, հետո այդ մասը վերացրին, բայց դե մենք էլ արդեն քոփի-փեյսթ ենք արել: Ահա, թե ուր է տեխնիկան հասել:
Հիմա անցնեմ թեմային: Եթե հիշում եք, այդ օրինագիծը նախորդ տարվա նոյեմբերին բննախի աշխատողները գաղտագողի ուղարկել էին ԱԺ, որ բնապահպաններից թաքուն սղացնեն գնա: Չստացվեց` երկրորդ ընթերցումը չանցավ, ապրեն կասեցնողները` չենք մոռացել, գնահատում ենք: Երեկ հայրենի պառլամենտի կայքէջից տեղեկացանք, որ մեր երեսփոխանները ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել են այդ այլանդակ օրինագիծը:
Մեղավոր ենք` ամբողջությամբ Թեղուտի խնդրին տրվելով` չկարողացանք ժամանակին նկատել: Իսկ թե ինչով էին զբաղված Արեւելյան գործընկերության զեկույցների էջերում հայտնված «գերակտիվ» բնապահպանական ՀԿ-ներն ու հասարակական սեկտորը տարբեր կոնֆերանսներում զարգացնող հերոսները, հավանաբար պետք է գրանտակերության հարցերով գիտակներից ճշտել: Ինչեւէ, օրինագիծն ընդունված է եւ օրենք դառնալու համար պակասում է միայն Բաղրամյան 26-ի ստորագրությունը: Այ սրա վրա էլ պետք է աշխատենք:
Մինչեւ բուն օրինագիծը ներկայացնելը` նշեմ, որ մենք վաղուց էինք սպասում ՇՄԱՓ օրենքի փոփոխություններին, քանի որ Թեղուտի գործով Օրհուսի կոնվենցիան ձախողելուց հետո, կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն հայրենի կառավարությունը մինչեւ այս տարվա ապրիլի մեկը ժամանակ է տվել, որ վերջինս ներկայացնի կոմիտեի առաջարկությունների կատարմանն ուղղված գործողությունների պլանը:
Նշված առաջարկությունները ընդհանուր առմամբ ուղղված են շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման պրոցեսին հասարակության գործուն մասնակցությունն ապահովելուն: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հարցին, որ որոշումներ կայացնելուց առաջ` նախատեսվող բիզնես պրոյեկտի քննարկման վաղ փուլում, հասարակությունն իրազեկվի իր գլխին գալիք փորձանքի մասին, ու իբր կարողանա թույլ չտալ կամ գոնե պահանջել, որ նախատեսվող ծրագրում փոփոխություններ արվեն:
Օրինակ` հանքվայրը բաց եղանակով շահագործելու փոխարեն փակ եղանակով շահագործեն, որ իր համայնքին շատ չվնասեն: Նշեմ նաեւ, որ Օրհուսի կոմիտեն Թեղուտի խնդրի շուրջ իր հայտնի որոշմամբ Հայաստանի կառավարությանն առաջարկել է ապահովել հանրության մասնակցությունը և որոշումների կայացման գործընթացի վաղ փուլում հանրության մասնակցությունն ապահովելու համար սահմանել հասարակական լսումների ողջամիտ ժամկետներ: Սա առնվազն նշանակում է, որ հանրությունը պետք է օրենքով երաշխավորված`
1. գործուն մասնակցություն ունենա որոշումների կայացման գործընթացում,
2. ունենա բավարար չափով ժամանակ ներկայացված նախագիծն ուսումնասիրելու եւ հիմնավորված առաջարկություններ ներկայացնելու համար,
3. որոշումների կայացման պրոցեսում հասարակության մասնակցությունը պետք է լինի արդյունավետ: Այսինքն` ոչ թե ձեւական եւ արժեզուրկ, այլ ունենա պարտադիրության լուրջ բաղադրիչ:
Ընդունված օրինագծով այս պահանջներից ոչ մեկը չի ապահովվել: Ընդհակառակը, հասարակությունը գործնականում լիովին մեկուսացվել է որոշումների կայացման գործընթացից: Այս մասին` ստորեւ:
Այս օրինագծի մշակման համար հիմք ծառայած հաջորդ խթանը Էսպոյի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների կատարման մասին փորձագետ Դմիտրո Սկրիլնիկովի զեկույցն էր` անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին, որտեղ եւս առաջարկվում էր հստակություն մտցնել ՇՄԱԳ-ի չափանիշների, հանրության մասնակցության ձեւերի եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
Ասել կուզեմ` մենք անհամբերությամբ սպասում էինք այդ փոփոխություններին, որ ի վերջո ամուր իրավական հիմք ունենանք Թեղուտի հանքավայրի շահագործման նման այլանդակ պրոեկտների դեմ առավել համակարգված միջոցներ ձեռնարկելու համար: Սակայն բնապահպանության նախարարությունը չէր կարող նման բան թույլ տալ` բա ազգիս բիզնես միջավայրն ո՞նց ապահովվի: Իրենց խնդիրը ամենեւին էլ լավ օրենք ունենալը կամ շրջակա միջավյրի ու բնության պահպանությունը չէ: Մարդկանց վրա ժամկետ էր դրված, պետք էր մի բան գրել, որ վանդակի մեջ գալչկա դրվի: Մինչեւ այդ ամենի մասին հասարակությունը կբարձրաձայնի, մինչեւ միջազգային ծանրաքարշ մեքենան երկարատեւ գրագրություններից հետո կհասկանա, որ իրեն ֆռռացրել են` ով մեռնի, ով մնա սաղ: Իսկ իրականում դրությունը առավել քան լուրջ է:
Հասկանալու համար, թե ինչ բնապահպանական աղետի կարող է հանգեցնել գեղավարի ձեւերով Հայաստանի բիզնես միջավայրի բարելավումը, պետք է անցնեմ այս թյուրիմացոթյուն-օրինագծի մանրամասների վերլուծությանը:
Միանգամից ասեմ, որ նախորդ տարվա տարբերակի համեմատ ներկայիս օրինագիծը որոշակիորեն բարեփոխվել է, ինչը ողջունելի է, բայց դրանով հանդերձ այն չի դադարում թյուրիմացություն լինելուց: Չեմ հավակնում մեկ հոդվածի շրջանակներում լիարժեք կերպով վերլուծել այս` ինքնին բարդ օրենքը, բայց հուսով եմ` հնարավոր կլինի ընդհանուր եզրերով պատկերացում կազմել ՇՄԱԳ ընթացակարգի եւ այս օրենքի կարեւորության մասին: Զինվեք համբերությամբ, անցնում եմ իրավաբանական զզվելի տերմինաբանությանը:
Քննարկվող` ՇՄԱՓ օրենքը կարգավորում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, որն ընդհանուր եզրերով կարելի է նկարագրել հետեւյալ կերպ` բիզնես միջավայրի որեւէ ներկայացուցիչ ինչ-որ գործ է ձեռնարկում (օրինակ` հանքահումքի արդյունահանում), որը ենթադրում է շրջակա միջավայրի աղտոտում: Որպեսզի բնությանը պատճառվող վնասը վերահսկելի լինի եւ անհամաչափ վնասներ չպատճառի, օրենքով նախատեսված են որոշակի սահմանափակումներ եւ էկոլոգիական անվտանգության չափանիշներ:
Իր հերթին հասարակությունը պետք է հնարավորություն ունենա վաղ փուլում տեղեկանալու եւ մասնակցելու շրջակա միջավայրին վնաս պատճառող որոշումների կայացմանը, որպեսզի կարողանա արդյունավետ կերպով հակազդել, օրինակ` Ամուլսարի կամ, ասենք, Հրազդանի նման աղետաբեր պրոեկտների կենսագործմանը:
Դրա համար անմիջական ազդեցություն կրող համայնքներում կազմակերպվում են հասարակական լսումներ, որտեղ ներկայացվում է նախատեսվող գործունեության նախագիծը, դրա օգուտներն ու վտանգները` թե ինչ ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա, որքան անտառ կհատվի, քանի գետ կաղտոտվի, որքան աշխատատեղեր կստեղծվեն եւ այլ:
Նախատեսվող գործունեության անմիջապես հարեւանությամբ գտնվող մարդիկ` ազդակիր համայնքի բնակչությունը, ինչպես նաեւ հասարակության շահագրգիռ հատվածը, ով Երեւանից կարող է գնալ Քաջարան հասարակական լսումներին մասնակցելու համար, ծանոթանալով նախագծին, կողմնորոշվում է, թե որքանով է այդ ծրագիրը համատեղելի այդ տարածքում եւ ընդհանրապես` Հայաստանում կյանքի բնականոն ընթացքի հետ, որքան վնասներ կարող է տալ ու հանուն ինչի: Եթե պարզվի, որ Հրազդանի երկաթահանքի շահագործման հետեւանքով թունավորվելու է իր խմելու եւ ոռոգման ջուրը, ինքը ստիպված է լինելու շնչել հանքի թունավոր փոշին, ձեռք բերել ուռուցքային հիվանդություններ, նա պետք է իրավունք ունենա արգելել իրեն հարակից տարածքում նմանօրինակ գործունեություն ծավալել:
Հասարակական լսումներին զուգահեռ, ներկայացված նախագիծն ուղարկվում է համապատասխան ոլորտում գիտելիքներ ունեցող լիցենզավորված մասնագետներին` մասնագիտական եզրակացություն տալու համար:
Դրանից հետո մասնագիտական եզրակացությունը ենթարկվում է պետական փորձաքննության, որն իրականացվում են իրավասու պետական մարմնի, տվյալ դեպքում` բնապահպանության նախարարության փորձագետները: Այսինքն` անկախ մասնագիտական եզրակացությունը ենթարկվում է պետական փորձաքննության, եւ միայն փորձաքննական եզրակացություն ստանալուց եւ նախարարի կողմից հաստատվելուց հետո է այն վերջնականապես ձեռք բերում իրավական ուժ: Դեռեւս գործող օրենքի համաձայն, այս ամբողջ ընթացքում հասարակությունը եւս մասնակցում է պրոցեսներին:
Չեմ ուզում շատ հոգնեցնել իրավական բարդ ու խճճված ընթացակարգերով` կարծում եմ` այսքանը բավարար է պատկերացնելու համար, թե ինչ ընթացակարգ է օրենքը նախատեսում:
Անհրաժեշտ է նաեւ հավուր պատշաճի գնահատել, թե ինչ առանցքային կարեւորություն ունի այս օրենքը բիզնես միջավայրի գիշատիչ ախորժակը զսպելու համար: Սա, ըստ էության, միակ օրենքն է, որը նախատեսում է բնապահպանական հարցերում հանրության մասնակցության, հետեւապես, նաեւ` գործընթացների վրա իրապես ազդելու հնարավորություն: Այս ոլորտում առկա մյուս բոլոր օրենքները գերազանցապես գրված են գործադիրի համար:
Այս նոր օրինագծով հանրության մասնակցությունը եւ փորձաքննությունները բաժանված են ըստ կատեգորիաների` «Ա», «Բ», «Գ»: Կատեգորիաների բաժանելու համար որպես հիմք են ընդունել շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության բացասական ազդեցության աստիճանը: Գաղափարը լավն է, բայց միայն եթե վտանգների գնահատումը լիներ համարժեք:
Այսպես, վերջին` «Գ» կատեգորիան, ենթադրաբար ամենաքիչ վտանգներ պարունակող գործունեությունն է, որի պարագայում վնասակար ազդեցության մասնագիտական գնահատում, փորձաքննություն չեն իրականացվելու, որոշումների կայացմանը հանրության մասնակցությունն էլ, բնականաբար, չի ապահովվելու: Ընդամենը` «Լրացուցիչ տեղեկատվության տրամադրման և հասարակությունից կարծիքներ ստանալու նպատակով ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը և ձեռնարկողը անցկացնում են հասարակական լսում եւ տրամադրում խորհրդատվություն»:
Հիմա եկեք տեսնենք, թե ինչ գործունեության տեսակ է ընդգրկված «Գ» կատեգորիայում` 4-րդ հոդված, 2-րդ մաս, 8-րդ կետ «ա» ենթակետ` «անտառվերականգնում կամ անտառպատում կամ անտառհատում»:
Հասկացա՞ք... Սա նշանակում է, որ առանց մասնագիտական եզրակացության, առանց փորձաքննության, առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու կարող են իրենց սրտի ուզած հեկտարի չափով անտառ ոչնչացնել: Ընդ որում` չկա վերին սահմանային չափ: Պարզապես անտառահատում:
Օրինագծի 8-րդ հոդվածի 5.3-րդ կետով ուղղակիորեն սահմանված է` «Լիազորված անձը ... մասնագիտական եզրակացությունը լիազոր պետական մարմին է ներկայացնում` սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների «Ա» կատեգորիայի համար` 10, «Բ» կատեգորիայի համար` 7 աշխատանքային օրվա ընթացքում»:
Այսինքն` մասնագիտական եզրակացություն տրվում է միայն «Ա» եւ «Բ» կատեգորիաներով նախատեսված գործունեության համար: «Գ» կատեգորիայի համար ՇՄԱԳ հաշվետվության եւ այլ փաստաթղթերի մասնագիտական եզրակացություն չի տրվում, հետեւապես` պետական փորձաքննություն էլ չի անցնում: Չգիտես ինչու` այս ամենի տակից Թեղուտի շահագործման լիցենզիան տված ու ՇՄԱԳ-ի փորձաքննության տակ ստորագրած սուբեկտների ականջներն են լավ երեւում:
Այս օրինագծի ընդունմամբ լրիվ օրինական կերպով հրաժարվում ենք Հայաստանի բոլոր անտառներից, ու թող ոչ ոք չկասկածի, որ բիզնես միջավայրի ջատագովները պատրաստ են մինչեւ վերջին թուփը հատել ու վերջին առուն թունավորել իրենց հոգու միջի աղբով: Ինչ հայրենիք, ինչ բնություն` էսօր էստեղ են, էգուց` Բադեն-Բադենում:
Ու սա ամենեւին էլ այս օրինագծի այլանդակության վերջը չէ, սա դեռ սկիզբն է. հակառակ որոշումների կայացմանը հասարակության գործուն մասնակցությունն ապահովելու մասին Օրհուսի կոմիտեի պահանջին, նոր օրինագծով ՇՄԱԳ ընթացակարգի համար սահմանվել են ռաժոկով սեղմած ժամկետներ:
Օրինակ` նույն անտառահատումների համար թույլտվություն ստանալու ամբողջ ընթացակարգը տեղավորվելու է երեսունօրյա ժամկետում նախկին 70 օրվա փոխարեն, որը դեռ մի բան էլ կարող էր երկարացվել մինչեւ 180 օրվան: Եվ ինչի՞ համար է այս շտապողականությունը: Որ հետեւներից չհասցնենք վազել, այ սրա համար:
Շարունակեմ, նախատեսվող գործունեության մասին իրազեկում ներկայացնելուց հետո «Ա» կատեգորիայի համար` 20, «Բ» կատեգորիայի համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը և լսումները: Այս կատեգորիաների մեջ են մտնում, օրինակ, հանքային համալիրները:
Ներկայումս Հայաստանում գործունեություն են ծավալում շուրջ 500 հանքարդյունահանող ձեռնարկություններ, որոնցից 22-ը` մետաղական հանքավայրեր, որոնք անվերջ ընդլայնվում ու ծավալվում են:
Եվս շուրջ 300-ը գտնվում է լիցենզավորման փուլում, որոնցից 10-ը կրկին մետաղական հանքավայրեր: Երկրի բնական պաշարների վրա սկսվել է տոտալ հարձակում: Դե հիմա թող մի խումբ բնապահպաններ բոլորի հետեւից հասցնեն:
Ի՞նչ կարիք կա հետները քյալլա տալ, մեռնեմ օրենքին` ժամանակին թող գային մեր հասարակական քննարկումներին մասնակցեին: Մենք հիմա գերժամանակակից տեխնոլոգիաներով ենք աշխատում` փակ ջրաշրջանառության համակարգով, ոչ մի գետ էլ չենք կեղտոտում: Հենա` Դրմբոնն ու Արմանիսը վկա:
Այս օրենքով անգամ մասնագետներին ու փորձագետներին են տուպիկի մեջ դրել: Նախկին (դեռեւս գործող) օրենքով փաստաթղթերի փորձաքննության մասնագիտական եզրկացություն տալու համար մասնագետներն ունեին 70-օրյա ժամկետ, որը լիազորված մարմինը կարող էր երկարացնել մինչեւ 180-օրյա ժամկետը: Նոր օրենքով այդ ժամկետը կրճատվել է 10 անգամ. մասնագիտական եզրակացությունը լիազոր պետական մարմին է ներկայացնում «Ա» կատեգորիայի համար` 10, «Բ» կատեգորիայի համար` 7 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազորված անձի հիմնավորման դեպքում լիազոր պետական մարմինը կարող է երկարաձգել մասնագիտական եզրակացության ներկայացման ժամկետները 8 աշխատանքային օրով, իսկ «Բ» կատեգորիայի համար` 5 աշխատանքային օրով:
Նույնը փորձաքննական եզրակացության դեպքում: Գործող օրենքի համաձայն, մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո պետական փորձաքննական եզրակացությունը կարող էր տրվել 120-օրյա ժամկետում:
Այդ ընթացքում հնարավոր էր բազմակողմանի եւ գիտականորեն հիմնավորված եզրակացություն մշակել: Այլ բան է, որ դա չէր արվում, բայց դա արդեն ուրիշ կինոյից է: Ներկայումս փորձաքննական եզրակացություն տալու ժամկետները կրճատվել են ավելի քան 10 անգամ` «Ա» կատեգորիայի համար սահմանված է 10, «Բ» կատեգորիայի համար` 5 աշխատանքային օրվա ժամկետ: Ինչպես վերեւում նշեցի, «Գ» կատեգորիայի համար մասնագիտական եւ փորձաքննական եզրակացություններ ընդհանրապես չեն տրվելու:
Կարծում եմ` այսքանը լրիվ բավարար է` հասկանալու համար, թե ինչպես են մեր չինովնիկները պատկերացնում միջազգային կազմակերպությունների պահանջների կատարումը, եւ որն ավելի սարսափելի է` ինչպես են պատկերացնում այս երկրի ապագան:
Դեռ շատ երկար կարելի է խոսել այն մասին, որ օրինագծով չեն կարգավորվում ՇՄԱԳ-ի չափանիշները, չկա ՇՄԱԳ-ի մաս կազմող` էկոլոգիական վնասի տնտեսական հաշվարկման մեխանիզմ, հիմարաբար հանվել է բնության պահպանման համար առանցքային երաշխիք համարվող «սահմանային չափ» հասկացությունը, անհրաժեշտ հստակությամբ սահմանազատված չէ «ազդակիր համայնք» եւ «շահագրգիռ հասարակություն» եզրույթների իրավաբանական նշանակությունը, չկան որոշումների կայացմանը (ոչ թե քննարկումներին ձեւական ներկա գտնվելուն) հասարակության արդյունավետ մասնակցության` օրենքով սահմանված երաշխիքներ,ազդակիր համայնքի որոշումը նույնացվել է համայնքի ավագանու կողմից ընդունվող վարչական ակտի հետ եւ այլ եւ այդպես շարունակ:
Մի խոսքով` դուք գիտեք, պարոնայք: Ինքներդ եք պատերազմ սկսում, սպասեք համարժեք պատասխանի: Հետո իրարից նեղանալ չլինի:
Կարծում եմ` մենք կսկսենք միջազգային ֆոնդերի հետ տարվող ինտենսիվ մերսման աշխատանքներից: Տեսնենք էդ Գլոբալ էկոլոգիական ֆոնդն էդ ի՞նչ է: Ու՞ր պետք է գնա իր տված փողերը: Կարո՞ղ է բիզնես միջավայրը բարելավելու, թե՞, միգուցե` օրենսդրական բարեփոխումների վրա: Իսկ մենք կարծում ենք` այդ գումարները պետք է ծախսվեն Թեղուտի վերքերը բուժելու համար: Այ տենց:
Արթուր Գրիգորյան
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել