HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թանգարանային գիշերը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

Եղիշե Չարենցի  անվան Գրականության և Արվեստի թանգարանում վաղ առավոտից կազմակերպվել են միջոցառումներ՝ նվիրված թանգարանների միջազգային օրվան։

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է։ Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականին։

1978 թ.-ից այս օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկիրներում, այդ թվում և Հայաստանում։

Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան»:

Գրականության և Արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով` այս օրը իր համար խորհրդանշվում է ավելի շատ թանգարանների աշխատակիցների ուշադրությամբ, քանի որ նրանք մեծ աշխատանք են կատարում, բայց հիմնականում մնում են անտեսված։

Բացի մշտական ցուցադրություններից, թանգարանոի ժամանակավոր ցուցադրությունների բաժնում այսօր բացվեց երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու 130-ամյակին նվիրված ցուցադրությունը։Ներկայացված էին Օգանիզաշվիլու երաժշտական գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և ազգային նվագարաններ։

Այցելուները հնարավորություն ունեին թանգարանում լուսանկարվել  «Խաթաբալա» ֆիլմի  պաստառի ֆոնին, ապա անվճար ներբեռնել ARize մոբայլ հավելվածը և հայտնվել վերոնշյալ ֆիլմի դրվագներից մեկում:

Այս թանգարանը համագործակցում է «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հետ։

19։00-ից Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրություններ էին կազմակերպվել։

Թանգարանի  միջոցառումները եզրափակվեցին «Կիթառս ու ես» համերգ-ֆլեշմոբով, որին կարող էին մասնակցել բոլոր նրանք, ովքեր նվագում են կամ պարզապես սիրում են երաժշտություն։

Այցելուներից Աստղիկի խոսքով՝ թանգարանային գիշերը հրաշալի առիթ է թանգարաններով շրջելու ու «մշակութային քաղցը» հագեցնելու համար։

Մարիամի կարծիքով, սա լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր բավարար ֆինանսական միջոցներ  չունեն թանգարաններ այցելելու։

Արմինեն նշեց, որ հաճախ է այցելում և հիմնականում այս թանգարան. այստեղ ամեն օր մանկապատանեկան մի ծրագիր կա, երեխաների համար շատ հետաքրքիր է։

Թանգարանն այսօր այցելուների պակաս չուներ՝ վաղ առավոտից մարդկանց մեծ հոսք կար,  իսկ միջոցառումների ժամերին նրանց թիվը կրկնապատկվում էր։

Անյա Սարկիսովա

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter