HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայագիտության զարգացման հայեցակարգը միայն փաստաթո՞ւղթ է

ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 12-ին հաստատել է Հայագիտության զարգացման հայեցակարգը և ոլորտի զարգացման 2012-2025թթ. ռազմավարությունը: Այս թեմայով զրուցեցինք ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի հետ:

-Ուշ չէ՞ 20-ամյա անկախ պետության համար հիմա խոսել հայագիտության դերի մասին:

-Հայ ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ լավ է ուշ քան երբեք: Եթե այս խնդիրը օբյեկտիվ կամ սյուբեկտիվ պատճառներով ավելի շուտ չի լուծվել, ճիշտ է գոնե այս պահին դրան հստակ օրենսդրական ձևակերպում տալը: Այս տեսանկյունից գովելի է, որ 20-ամյա անկախության շրջան թևակոխած մեր հանրապետությունը վերջապես հասկացել է, որ պետականություն, լեզու և ազգ հասկացությունները միասնական են և անբաժանելի: 

-Հայեցակարգից դուրս են թողել մանկապարտեզն ու դպրոցը: Արդյոք հայագիտության հիմքերը մարդկանց մոտ չպե՞տք է դրվեն մանկուց:

-Երբ կառավարությունից հանձնարարական եկավ մշակել և ներկայացնել հայագիտության զարգացման վերաբերյալ մասնագետների տեսլականը, ԵՊՀ-ին ևս ներգրավեցին հայեցակարգի մշակման աշխատանքներին: Կրթությունը չընդհատվող գործընթաց է, իսկ բարձրագույն կրթությունը միջնակարգ և տարրական կրթության հիմքն է: Մենք այդ ամենը քննել ենք համալիր մոտեցմամբ: ԵՊՀ-ում դպրոցի մասին մեծ ծավալի դատողություններ մշակվեցին: Քննարկվեց ամբիոններում, մեծ խորհուրդներում և ուղարկվեց կառավարություն: Երբ կառավարությունից վերադարձավ հայեցակարգի ծաղկաքաղը,  մենք ցավով նկատեցինք, որ մշակված շատ դրույթներ անհետացել են: Հիմնավորում չներկայացվեց, թե ինչու դպրոցական կրթությունը  հայեցակարգի մեջ  համարվեց ավելորդ: Մանկապարտեզին անդրադարձ չի եղել, որովհետև մենք այդ ոլորտի մասնագետներ չենք:

-Հայեցակարգում անհրաժեշտ ձեռնարկում է համարվում գիտական կադրերի սերնդափոխության ապահովումը: Որքանո՞վ է այսօր իրականացվում կադրերի սերնդափոխությունը:

-ԵՊՀ-ում գիտնականների միջին տարիքը անընդհատ աղետալիորեն բարձրանում է: Մեզ մոտ այդ միջին տարիքը մոտենում է 60-ին: Երիտասարդությունը նախընտրում է գտնել այնպիսի աշխատանք, որտեղ կա աշխատուժի արժանապատիվ գին: Շատ երիտասարդ մագիստրոսների, ասպիրանտների գիտեմ, որոնք հետո հրաժարվել են գիտական աշխատանքով զբաղվելուց: Սերնդափոխությունը օբյեկտիվորեն չի կատարվում, որովհետև մարդիկ կարծում են, որ գիտությամբ զբաղվելը եկամտաբեր չէ: Դու չես կարողանում ապահովել անգամ քո տարրական գոյությունը:

-Հայագիտության զարգացման խնդիրները կարելի՞ է կապել գիտնականին տրվող ցածր աշխատավարձի հետ:

- Հատկապես հայագիտության ոլորտում աշխատուժի գնահատման չափանիշները անուշադրության են մատնված: Ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, կենսաբանությունն այնպիսի գիտություններ են, որ եթե քո պետությունը չի ուզում գնել քո ուսումնասիրությունները, դու կարող ես այդ ամենը վաճառել դրսում: Այդ գիտությունները չունեն աշխարհագրական սահմանափակումներ: Հայագիտությունն այնպիսի առարկա է, որի  պահանջարկման էական հատվածը պետք է մշակվի կառավարության կողմից: Դրա համար շատերը նախընտրում են կրկնուսույց լինել, պարապել ընդունելության քննությունների համար, քան գիտական աշխատանքով զբաղվել: Ազգը միայն գիտությամբ չէ շեն, ազգը շեն է նաև ընտանիքներով: Իսկ ընտանիք պահելու համար մարդ պետք է աշխատավարձ ստանա: 

-ԵՊՀ հայերենագիտական ուղղվածության ֆակուլտետներում կրճատում են հայոց լեզվի ժամերը: Երբեմն էլ 4 տարվա ուսումնառության ընթացքում գրաբար չեն դասավանդում: Հայագիտությունը հետ է մղվում նաև բուհո՞ւմ:

-Հայոց լեզվի դասավանդման ժամերն այսօր հասցվել են նվազագույնին: Այնինչ ժամանակակից հայոց լեզուն այն լեզուն է, որով այսօր պետությունն իր գործառնությունն ու գրագրությունն է իրականացնում: Իսկ գրաբարը, որն ազգային ինքնագիտակցության հիմքը պետք է լիներ, մազե կամրջի վրա հազիվ քայլեր է կատարում: Գրաբարը ճանապարհ է դեպի մեր անցյալ: Եթե դու փակում ես այդ ճանապարհը դու մեծացնում ես սերունդ, որոնք չեն ճանաչում իրենց պատմությունը, խոսքը: Իրեն հարգող ցանկացած պետություն, որ ուզում է ազգային ճանապարհով գնալ դեպի համազգայինը, պետք է ճանաչի իր անցյալը:

-Հայեցակարգում կարևորվում է հայոց լեզվի զարգացման փուլերից յուրաքանչյուրի զարգացումը: Հակառակ դրան՝ այս տարի հայոց լեզվի գծով հատկացվել է առկա ասպիրանտական մեկ տեղ:  Ինչո՞վ է պայմանավորված երիտասարդների պասիվությունը:

-Ասպիրանտական տեղերի բաշխումը միշտ կատարվում է ըստ առաջարկության: Իսկ մենք այսօր չունենք դիմողներ: Մյուս խնդիրն էլ այն է, որ մեզ մոտ անգլերեն լեզվի գծով սահմանվել է քննություն: Ասպիրանտուրա ընդունվելու համար Բ1 մակարդակի քննություն պետք է կարողանան հանձնել: Ես ինքնս էլ կարծում եմ, որ մեր հայագետները շատ լավ անգլերեն պետք է իմանան, բայց Հռոմը միանգամից չի կառուցվել: ԵՊՀ-ում օտար լեզվի ժամերը ևս շատ են կրճատված: Մենք մարդկանց ոչինչ չենք սովորեցնում 4 տարվա ընթացքում և միանգամից պահանջում ենք, որ քննություն հանձնեն և հավաքեն 500 միավոր: Առաջարկություններ ուղեցինք կրթության և գիտության նախարարությանը, որ մի փոքր իջեցնենք սահմանված 500 միավորի շեմը կամ ասպիրանտուրայի վերջում պահանջենք Բ1 մակարդակի քննությունը: Բայց մեզ միշտ պատասխան է գալիս, թե ամբողջ աշխարհը խոսում է բարձր կարգի անգլերենով, և մենք էլ պետք է այդ մակարդակին հասնենք: Ցանկությունները պայծառ են, բայց պետք է ելնել հնարավորություններից: Շատ երիտասարդներ էլ օտար լեզվի քննության պատճառով չեն դիմում, որովհետև մտածում են՝ չեն հաղթահարի այդ շեմը:

-Ի՞նչ դրական ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հայեցակարգից:

-Արդեն մեկ ամիս է, ինչ իրականացման փուլ է մտել հայեցակարգը: Առայժմ միայն փաստաթուղթ է: Գործնական որևէ քայլ չեմ տեսնում:

Նունե Հովսեփյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter