HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շենքային պայմանների պատճառով աշակերտները Հայանիստի դպրոցից տեղափոխվում են

Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1971թ. և դրանից հետո ընդհանրապես կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Տանիքը, պատուհաններն ու դռները փոխված են, սակայն ներսում վիճակն անբարեկարգ է: Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանի ասելով՝ «կոսմետիկ» փոքր վերանորոգումներ եղել են, օրինակ՝ մուտք, միջանցքի հատված և այլն, սակայն դրանից ընդհանուր վիճակը չի փոխվում:

«Դասարաններում առաստաղն արդեն ճաքել է, պատերից՝ հեռվացել: Հատակը փայտից է, անգամ քայլելիս և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները պետք է անցքերի միջով զգույշ անցնեն: Պատերը նույնպես ճաքել են: Իմ տնօրինության 1.5 տարիների ընթացքում փորձել ենք դպրոցի միջոցներով ինչ-որ բաներ անել, որ երեխաներին հաճելի լինի, բայց պայմանները շատ անբավարար, անմխիթար են»,- ասում է Արմինե Ավետիսյանը:

Armine-Avetisyan.jpg (141 KB)

Հայանիստի միջնակարգ դպրոցի տնօրենը գրություններով դիմել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, արտակարգ իրավիճակների նախարարին: Ըստ նրա՝ եկել, տեսել են, տվել են եզրակացություն՝ վթարայնության 3 աստիճան: Դպրոցը ներառված է 46 դպրոցների ցանկում, որոնք պետք է վերակառուցվեն կամ դրանց փոխարեն կառուցվեն նորերը: Նախնական խոսակցությունների համաձայն՝ վերանորոգման կամ կառուցման աշխատանքները կսկսվեն 2020թ-ից: Փորձաքննություն անցկացնելուց հետո միայն պարզ կլինի, թե ինչ աշխատանքներ են կատարվելու:

01.JPG (98 KB)

Դպրոցում շրջելով նկատեցինք, որ պատերի ճաքերից դուրսը երևում է:

«Իմ կարծիքով քանդել նորը կառուցելն է ճիշտը, քանի որ պատերից աղեր են դուրս գալիս: Շատ խոնավ դպրոց է, բոլոր վերանորոգված հատվածներում ծեփը ուռում, թափվում է: Դուք էլ եք զգում խոնավության հոտը, որը ոչ մեկին հաճելի չէ: Թող իրենք որոշեն, որն էլ անեն շատ ուրախ կլինենք, քանի որ մեծ հույսով սպասում ենք, որ մի օր մենք էլ նորմալ դպրոց կունենանք»,- ասում է Արմինե Ավետիսյանը:

Այն դասասենյակներում, որտեղ դաս է անցկացվում դռներն ու պատուհանները փոխվել են: Բայց տնօրենն ասում է՝ դուռ ու պատուհան փոխելով՝ չեն կարող նորմալ պայմաններ և կրթական պատշաճ որակ ապահովել:

«Ինչքան էլ ուզում ես երեխային գիտելիք տալ, միևնույն է չունես բավարար պայման: Օրինակ, դրսում ամպամած է, դասասենյակներում լույս չկա, կիսամթի մեջ դաս է անցկացվում: Կան միայն մի քանի վարդակներ, որոնք նախատեսված են ջեռուցման կամ նմանատիպ այլ բաների համար: Բացի այդ, դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկների օգնությամբ, լոկալ ջեռուցում չունենք: Միջանցքներում այնքան ցուրտ է լինում, ոնց որ դրսում լինենք»,- նշում է Արմինե Ավետիսյանը:

04.JPG (123 KB)

Տնօրենի խոսքերով՝ այժմ չեն էլ ցանկանում դպրոցի վրա ծախսեր կատարել, քանի որ դրանք այլևս նպատակահարմար չեն, անիմաստ գումար են կորցնելու: Միայն կապիտալ վերանորոգման կամ նոր դպրոց կառուցելու դեպքում ծախսերը կլինեն արդարացված:

Խնդիրներ են առաջանում նաև սանհանգույցներում: Պարզվում է՝ զուգարանները «էկո» են, որտեղ ընդհանրապես ջուր չի օգտագործվում: Արմինե Ավետիսյանի փոխանցմամբ՝ հատկապես ամռան ամիսներին ամբողջ բույրը տարածվում է դպրոցում:

06.JPG (121 KB)

«350 հոգանոց դպրոցում «Էկո» զուգարան է գործում՝ մեկը աղջիկների, մեկը տղաների համար, քիչ է, սարսափելի վիճակ է: Ուսուցիչներն ու աշակերտները նույն զուգարանից են օգտվում: Դպրոցի զուգարանը եղել է դրսում: Ամերիկացի բարեգործների շնորհիվ կառուցվել է զուգարան, իրենք էլ որոշել են, որ պետք է «էկո» լինի»,- հավելում է տնօրենը:

Դպրոցը, կարելի է ասել, չունի լաբորատորիա, իսկ համակարգչային դասասենյակում տեղադրված համակարգիչներն այնքան քիչ են ու հին, որ դրանցով հնարավոր չէ աշխատել, դաս անցկացնել: Աշխատում է «Պենտիում» համակարգիչներից 1-2-ը: Իսկ լաբորատորիան ժառանգություն է մնացել թուրքերից, քանի որ գյուղը թուրքաբնակ է եղել:

03.JPG (90 KB)

«Պայմանների բացակայության պատճառով գյուղի աշակերտների հոսք կա դեպքի Երևանի դպրոցներ: Գյուղում միջնակարգ դպրոցը կա, բայց մոտ 20 աշակերտ դպրոց է հաճախում մայրաքաղաքում: Ձմռանը միջանցքում -5, -6 աստիճան է լինում, ո՞ր ծնողն իր երեխային կուղարկի դպրոց»,- հավելում է տնօրենը:

Վատ վիճակում է նաև ֆիզկուլտուրայի դահլիճը: Այն օգտագործվում է միայն տաք ամիսներին, քանի որ չի ջեռուցվում: Նախկինում ունեցել է մանրահատակ, այս ընթացքում փոխվել է, սակայն, պատուհանների ապակիները կոտրված են, և ջեռուցում չլինելու պատճառով ձմռան ամիսներին «Ֆիզկուլտուրա» առարկան անցկացնում են դասասենյակներում կամ միջանցքներում: Չունեն նաև մարզագույք:

05.JPG (96 KB)

Դպրոցի տարածքում ջուր կա միայն առաջին հարկի ցայտաղբյուրում և ճաշարանում: Դասամիջոցներին երեխաներն, իրար հրմշտելով, փորձում են ջուր խմել:

Հայանիստի միջնակարգ դպրոցի տնօրենը հույս ունի, որ շինարարական աշխատանքները շուտ կսկսվեն, քանի որ այլևս հնարավոր չէ այդ պայմաններում աշխատել:

07.JPG (53 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter