HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանում անկախ դատական համակարգ գոյություն չունի

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը դատարանների նկատմամբ ճնշում չի համարում վարչապետի՝ դատարանների մուտքը փակելու կոչը: Նա առավոտյան Վճռաբեկ դատարանի դիմաց էր, որտեղ մի խումբ քաղաքացիներ փակել էին դատարանի մուտքը:

Պատգամավորը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ նախ պետք է արձանագրել, որ Հայաստանում կա դատական իշխանություն, այսինքն՝ անկախ մի ճյուղ, որն իրենց հետ հավասարազոր կիսում է պատասխանատվությունը երկրում ստեղծված իրավիճակի համար, հետո դատողություն կատարենք միջամտության մասին:

Վերջինս պնդեց, որ այս ակցիան չի խաթարելու դատարանների գործունեությունը: «Ինչպե՞ս խաթարել մի բան, որը չկա: Մի քիչ դժվար է խաթարել մի դատական իշխանություն, որում անիշխանություն է»,- նշեց նա:

Մարիա Կարապետյանը ռադիկալ չի համարում դատարանների մուտքերը փակելու քայլը, ասում է՝ մեկը մյուսին չի խանգարում, իրենք անպայման օրենսդիրի միջոցով բարեփոխելու են դատական իշխանությունը, ստեղծելու են անկախ դատական համակարգ:

Պատգամավորը կարծում է՝ Հայաստանում անկախ դատական համակարգ գոյություն չունի: «Չկա: Ես չեմ տեսնում մի դատական համակարգ, որը կարողացել է փակել այն անվստահության անդունդը, որը կա իր և հասարակության միջև: Ես այդ անդունդը կամրջելու հնարավորություն չունեմ, որովհետև այն պահին, երբ ես որևէ բան եմ ասում դատական իշխանության մասին, ուրեմն խնդիր է: Ո՞վ պետք է այդ անդունդը կամրջի»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե իշխանությունը մեկ տարի ժամանակ ուներ դատական համակարգը բարեփոխելու համար, Կարապետյանը մեկ տարին փոքր-ինչ չափազանցված համարեց: Ըստ նրա` լեգիտիմ օրենսդիր իշխանություն ձևավորվել է դեկտեմբերի 9-ին, որն իր աշխատանքները սկսել է հունվարի 14-ից: «Հունվարի 14-ից առ այսօր բարեփոխումների մասին շատ քննարկումներ են եղել: Գիտեք` անցումային արդարադատության կոնցեպտը կա, որը գրված է եղել մեր նախընտրական ծրագրում, հետո քննարկում եղավ, որ կառավարությունը չի միջամտի, կթողնի, որպեսզի օրենսդիրներով ավելի լայն կոնսենսուսով այդ խնդիրը քննարկենք: Այս ողջ գործընթացում իշխանության այդ երրորդ ճյուղի ներկայությունը, որևիցե ջանք ես չեմ տեսնում՝ իրենց համբավը վերականգնելու»,-նշեց նա:

Պատգամավորին մտահոգում է այն, որ դատական իշխանության բարեփոխման վերաբերյալ քննարկումներ են ունեցել քաղաքացիական հասարակության, ոլորտի մասնագետների հետ, սակայն դատական իշխանությունից առաջարկներ, բարեփոխումներին առնչվող կարծիքներ չեն լսել: «Ինքը սպասում է, մինչ գան և բարեփոխե՞ն իրեն»,- հարցրեց պատգամավորը:

Մարիա Կարապետյանի գնահատմամբ՝ դատական իշխանության նկատմամբ անվստահությունը վստահության կասկածներ է առաջացնում նաև օրենսդիրի և գործադիրի գործունեության վերաբերյալ: «Այսինքն՝ մյուս ճյուղերի նկատմամբ վստահությունը նույնպես խաթարվում է՝ այս երրորդ ճյուղի` իր մանդատը չկատարելու պատճառով»,- նշեց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter