HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետական մարմինները համազգեստ են գնում նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող  ընկերությունից

Պետական մի շարք մարմիններ իրենց մասնագիտական համազգեստն ու հանդերձանքը տարիներ շարունակ ձեռք են բերում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Կոստանդյանին փոխկապակցվող «Դերձակ» ընկերությունից։ Թեև ընկերության սեփականատերն ու տնօրենը նրա հարսն է՝ Լիանա Գրիգորյանը, սակայն կան պայմանագրեր, որտեղ լիազորված անձ է ներկայանում Կոստանդյանի կինը՝ Աննա Վանեցյանը։
Ընտանիքի անդամները գրանցված են Ավան վարչական շրջանի նույն հասցեում: Գագիկ Կոստանդյանը պատգամավոր է եղել 1999-2007 թվակակններին: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ևս Կոստանդյանը «Հայկական վերածնունդ»-ի կողմից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու՝ Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում, սակայն չընտրվեց: Կոստանդյանն այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախընտրական ցուցակում ներկայացել էր որպես «Գոռ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ: Այս ընկերությունը Ավան վարչական շրջանում ունի համանուն ֆաբրիկա, որի տնօրենը նախկին պատգամավորի կինն է: 
«Դերձակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետական մարմիններին համազգեստ և հանդերձանք մատակարարող խոշոր ընկերություններից մեկն է։ Գնումների հաշվետվողականության կայքէջում` armeps.am-ում, 2016 թվականից մինչ օրս այս ընկերությունից հանդերձանքի ձեռքբերման տասնյակ պայմանագրեր կան։ Համակարգը թույլ է տալիս տեսնել համակարգի գործարկման տարվանից (2016թ.), ընկերության հետ կնքված պայմանագրերը:
 
 
Հրապարակված պայմանագրերի ուսումնասիրությունից պարզվում է, որ «Դերձակ»-ը հանդերձանք և հագուստ է մատակարարել ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը, Գյուղատնտեսության և Պաշտպանության նախարարություններին, Ազգային անվտանգության ծառայությանը, Քննչական կոմիտեին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և պետական այլ մարմինների։
Մանրամասնենք, թե պատգամավորին փոխկապակցված «Դերձակ» ընկերությունը այս տարի պետական որ մարմիններին ինչ ապրանք է մատակարարել, և նրա հետ գնային ինչ արժեքով պայմանագրեր են կնքվել։
Ընդհանուր առմամբ «Դերձակ»-ի հետ 2019-ին կնքվել է մոտ 118 միլիոն դրամի պայմանագիր։ Ընկերության հետ ամենախոշոր պայմանագիրը կնքել է ոստիկանությունը՝ մոտ 58 միլիոն դրամի։ Սա եղել է կնքված երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը։ Օրեր առաջ ոստիկանությունը 38.5 միլիոն դրամ արժողությամբ մի պայմանագրով ընկերությունից պատվիրել է կոստյումներ, վերարկուներ, կիսավերարկուներ: Իսկ ապրիլին «Դերձակ»-ը ոստիկանությանը մատակարարել է կիսաբրդյա կոստյումներ, գլխարկներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, վերնաշապիկներ, ուսադիրներ, թևքանշաններ: Այս մատակարարման համար ոստիկանության բյուջեից ընկերությանը փոխանցվել է 19 միլիոն դրամ:
 
 
«Դերձակ» ՍՊԸ-ն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին համազգեստ է մատակարարել նաև Պետական եկամուտների կոմիտեին: Ընդհանուր առմամբ ՊԵԿ-ն այս տարի երեք պայմանագիր է կնքել ընկերության հետ: Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է  39.4  միլիոն դրամ: Այդ մատակարումների շրջանակում ՊԵԿ-ը ընկերությունից ստացել է կիսաբրդյա բաճկոններ՝ ուսադիրով, ձմեռային կիսավերարկուներ՝ ուսադիրով, երկարաթև և կարճաթև վերնաշապիկներ, տաբատներ, մորթե գլխարկներ, կանանց համար բաճկոններ և տաբատներ, ուսադիրներ, գլխարկներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս տարվա համար ևս «Դերձակ» ՍՊԸ-ից գնել է իր աշխատակիցների աշխատանքային կոմբինիզոնները, հատուկ հանդերձանքը, սվիտերները, գլխարկները, ուսադիրները: ԱԻՆ-ն այս ապրանքների համար ընկերությանը վճարել է 17 միլիոն դրամ:
 
 
Պետական պահպանության ծառայությունը ևս «Դերձակ» ՍՊԸ-ից մոտ 21 միլիոն դրամի հանդերձանք է ձեռք բերել: Կրկին ընկերությունը ՊՎԾ-ին մատակարարել է տաբատներ, բաճկոններ, պաշտպանիչ վերնաշապիկներ, ձմեռային ձեռնոցներ, ականջակալներով և սովորական գլխարկներ:
Գյուղատնտեսության նախարարությունն էլ «Դերձակ»-ից գնել է թիկնոցները՝ վճարելով 2.2 միլիոն դրամ:
Վերը նշված այս և պետական այլ մարմիններ նախորդ տարիներին ևս իրենց համազգեստներն ու հանդերձանքի անհրաժեշտ այլ պարագաներ գնել են «Դերձակ» ընկերությունից:
Գլխավոր լուսանկարում Գագիկ Կոստանդյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter